Շանթ Հարությունյանի մասով քրեական գործի վարույթը կասեցվել է
Այսօր «Յոթի գործով» դատավարությունը մեկնարկել է առանց Շանթ Հարությունյանի մասնակցության: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ստացված գրությունը, որում Շ. Հարությունյանին դատարան չբերելը հիմնավորվել է վերջինիս ունեցած առողջական եւ հոգեկան խնդիրներով:
Այս կապակցությամբ Սուրեն Սիրունյանը դատարանին հայտնել է, որ ինքը Շ. Հարությունյանի հետ եղել է նույն խցում եւ նրա մոտ նկատել է ոչ թե հոգեկան, այլ զուտ առողջաան խնդիրներ: Ուստի Սիրունյանը դատարանին միջնորդել է Շ. Հարությունյանի համար նշանակել ստացիոնար բուժում:
Հայտարարված 20 րոպե ընդմիջումից հետո դատարանը հայտարարել է Սիրունյանի միջնորդության վերաբերյալ կայացված վճիռը. «Շանթ Հարությունյանի մասով քրեական գործի վարույթը կասեցնել, մինչեւ նրա առողջական վիճակի բարելավումը, իսկ մյուս 6 ամբաստանյալների մասով գործ քննել առանձին»: Դատարանը որոշել է նաեւ Շ. Հարությունյանի համար նշանակել դատահոգեբանական ստացիոնար քննություն, որպեսզի մասնագետներից կազմված հանձնաժողովը եզրակացություն տրամադրի նրա առողջական եւ հոգեկան վիճակի վրաբերյալ:
Այս որոշման դեմ ընդվզել են Սասուն Միքայելյանը եւ Ալեքսանդր Արզումանյանը: Վերջինս հայտարարել է, որ դրանով դատավորը Շ. Հարությունյանի համար ավելի շուտ ախտորոշեց հոգեկան հիվանդություն, ինչի իրավունքն ունեն միայն համապատասխան մասնագետներըը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նախազգուշացման սանկցիա է կիրառել Սասուն Միքայելյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ` դատական նիստը խանգարելու եւ դատավորի կարգադրություններին չենթարկվելու համար: Միաժամանակ դատավորը նշել է, որ հաջորդ սանկցիան կլինի դատարանի դահլիճից հեռացումը:
Շ. Հարությունյանի հետ կապված` Մյասնիկ Մալխասյանը պարզաբանել է, որ նա ոչ թե հրաժարվել է մասնակցել դատական նիստին, այլ պահանջել է իրեն ներկայացնել դատարան: Շանթ Հարությունյանին ՔԿՀ-ից տեղափոխել են դատարան, սակայն դատական նիստերի դահլիճ չեն թույլատրում մտնել և մասնակցել դատաքննությանը: Իսկ Ալեքսանդր Արզումանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հայտարարել է, որ դատարանն իրավունք չունի կասեցնել Շ. Հարությունյանի մասով քրեական գործի վարույթը, քանի դեռ նրա առողջության հետ կապված փորձագիտական եզրակացություն չկա:
Նիստի ընթացքում Գրիգոր Ոսկերչյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը ներկայացրել է դատավորին ինքնաբացարկի միջնորդություն, առ այն, որ «դատարանը կողմնակալ է, չի արձագանքել իր պաշտպանյալի նկատմամբ իրականացված բռնարարքներին, ավելին` դատարանի դահլիճում խեղաթյուրել է ճշմարտությունը` հայտարարելով, թե Ոսկերչյանը դատարան չի ներկայացել առողջական խնդիրների պատճառով»: Այս միջնորդությանն առարկել է գլխավոր մեղադրող Կորյուն Փիլոյանը` նշելով, որ դատարանն իրավասու չէր գնահատական տալու Ոսկերչյանի նկատմամբ կատարված խոշտանգումներին:
«Պաշտպանական կողմի դատավորին ներկայացվող ինքնաբացարկի միջնորդությունների նպատակը գործի քննությունն անհիմն ձգձգելն է»,- հայտարարել է Կ. Փիլոյանը:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հեռացել է խորհրդակցական սենյակ միջնորդությունը քննարկելու` հայտարարելով 30 րոպե ընդմիջում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել