Ի ՞նչ է սպասվում Սահակաշվիլիին
Գիորգի Կուպատաձե
Չնայած սեփական վարկանիշի անկմանը և ընդդիմության լայնատարած բողոքի ակցիաներին, Սահակաշվիլին հաստատակամորեն հրաժարվում է պաշտոնաթող լինել: Եվ ի՞նչ կանի նա, երբ երկու տարուց ավարտվի նրա պաշտոնավարման երկրորդ և վերջին ժամկետը:
Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինսիտուտի Վրաստանյան գրասենյակի խմբագիր Գիորգի Կուպատաձեն հանգամանորեն անդրադառնում է Վրաստանի ղեկավարի գործողությունների հավանական ընթացքին և փորձում գնահատել, թե ինչքանով է հնարավոր, որ որևէ ընդդիմադիր թեկնածու կարողանա գալ և փոխարինել Սահակաշվիլիին:
Արդյո՞ք Սահակաշվիլին կփորձի պահպանել իր քաղաքական ուժը, երբ պաշտոնավարման երկրորդ ժամկետը ավարտվի:
Հաջորդող երկու տարիները որոշիչ կլինեն երկրի և նախագահի համար, ում 2003 թվականի անարյուն Վարդերի հեղափոխությունից հետո աջակցում էր բնակչության մոտ 90 տոկոսը, բայց, ով վերջին տարիներին ստիպված էր դիմակայել ընդդիմության զանգվածային բողոքի ակցիաներին:
Ըստ սահմանադրության` նա չի կարող ընտրվել նախագահի պաշտոնին անընդմեջ երրորդ անգամ: Դա նշանակում է, որ նա պետք է հանձնի իշխանության ղեկը, երբ 2013 թվականին ավարտվի նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետը՝ հանձնելով երկիրը մեկ այլ քաղաքական գործչի:
Այդ ժամանակ, 1967 թվականին ծնված Սահակաշվիլին դեռ երիտասարդ կլինի, ուստի վրացիները քննարկում են նրա ապագայի հարցը:
Արմատական ընդդիմադիր կուսակցությունները բողոքի ակցիաների միջոցով չկարողացան հարկադրել նրան պաշտոնաթող լինել: Միևնույն ժամանակ, համեմատաբար չափավոր քաղաքական ուժերին չհաջողվեց բավականաչափ ձայներ հավաքել՝ խորհրդարանում և տեղական ինքնակառավարման մարմիններում մեծամասնություն կազմելու համար:
Նախագահի լիազորությունների համար որոշիչ կարող է լինել առաջիկայում ենթադրվող խորհրդարանի դերի վերաբերյալ հանրաքվեն, ինչը թույլ կտա հաղթող ուժին փոխել սահմանադրությունը: Հասարակական կարծիքի վերջին հարցումը ցույց է տալիս, որ Սահակաշվիլիի գլխավորած Ազգային շարժում կուսակցությունը կհաղթի [առաջիկա ընտրություններում], սակայն մեկ տարվա ընթացքում շատ բան կարող է փոխվել:
Ինքը՝ Սահակաշվիլին, նախընտրում է լռություն պահպանել իր ապագա քաղաքական ծրագրերի վերաբերյալ, սակայն ոչ ոք չի կարծում, որ երիտասարդ և փառասեր նախագահը պարզապես կթողնի քաղաքականությունը ու կգնա: Հնարավոր տարբերակներից մեկը՝ անցյալ տարվա վերջին կատարված սահմանադրական փոփոխությունն է, որը թուլացնում են նախագահի դիրքերը՝ առավել ազդեցիկ դարձնելով խորդհրարանը և վարչապետին:
Իր վերջին հարցազրույցներից մեկում, Սահակաշվիլիին հարցրեցին, թե արդյոք նա ինքն իրեն իրոք պատրաստում է վարչապետի պաշտոնի համար:
«Ես մտածել եմ սրա մասին և այս հարցում շատ անորոշություններ կան: Ոչ ոք չգիտի, թե երկու տարուց տնտեսության վիճակն ինչպիսի՞ն կլինի, կամ ո՞ր սահմանադրական բարեփոխումները կյանքի կկոչվեն, ինչպիսի՞ն կլինի իմ տրամադրությունը և քաղաքական վարկանիշը», - ասել է Սահակաշվիլին:
Ո՞վ կարող է փոխարինել Սահակաշվիլիին:և
Ներկայում երկու հավանական թեկնածուներ կան Ազգային շարժում կուսակցությունից:
Անցյալ տարի Գիգի Ուգալավան դարձավ Թբիլիսիի առաջին ընտրված քաղաքապետը: Նա երիտասարդ է, խարիզմատիկ և ավելի աչքի ընկնող քան Սահակաշվիլին: Նրա ժողովրդականությունը տարածվում է մայրաքաղաքից դուրս, քանի որ նա աշխատել է որպես անվտանգության փոխնախարար, արևմտյան Սամեգրելո-Զեմո Սվանեթիի մարզպետ և որպես նախագահի աշխատակազմի ղեկավար:
Նրա թեկնածության թույլ կողմը կարող է այն լինել, որ նա հայտնի չէ միջազգային ասպարեզում, քանի որ նա շատ հազվադեպ է հայտնվում միջազգային ֆորումներում և համաժողովներում՝ ի տարբերություն նրա պոտենցիալ մրցակից Դավիթ Բաքրաձեի, ով խորհրդարանի խոսնակն է:
Բաքրաձեն ընտրվեց խորհրդարանի խոսնակի պաշտոնում 2008 թվականի հունիսին: Մինչ այդ նա զբաղեցնում էր պետական բարձրաստիճան պաշտոններ, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Դա նշանակում է, որ նա լավ հայտնի է արտերկրում, սակայն Վրաստանում նրա վարկանիշը համեմատաբար ցածր է:
Իշխող կուսակցության ներսում նրանց և այլ թեկնածուների շուրջ առկա բանավեճը կարող է թեժ լինել և ներգրավել տարբեր խմբերի և մարզային ազդեցիկ դեմքերի, բայց քիչ հավանական է, որ բանավեճը դուրս գա կուսակցության շրջանակներից, ուր քաջատեղյակ են, որ հարկավոր է ընտրել մեկ թեկնածու՝ փոքրացնելու ընդդիմության հաղթանակի հնարավորությունները:
Արդյո՞ք ընդդիմության ներկայացուցիչներից որևէ մեկը հաղթելու հնարավորություն ունի:
Ընդդիմադիր կուսակցությունների շանսերը գլխավորապես կախված են այն բանից, թե նրանք ինչ արդյունքներ կունենան 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում: Եթե նրանք կարողանան խորհրդարանում նվաճել պատշաճ տեղեր, նրանք ավելի շատ ազդեցություն կունենան երկրի քաղաքական կյանքում:
Դա էլ իր հերթին կախված է ընդդիմադիր դաշտի ներսում առկա գործերի վիճակից և տարբեր կուսակցությունների ղեկավարների պատրաստակամությունից՝ համագործակցել իրար հետ:
Եթե վերջին տարիների փորձը ինչ-որ բան է ցույց տալիս, ապա քիչ հավանական է, որ ընդդիմադիր կուսակցությունները փոխհամաձայնության հանգեն իրար հետ՝ նախագահի մեկ թեկնածուի շուրջ: Սա էլ իր հերթին նշանակում է, որ Սահակաշվիլիին դեմ քվեարկողների ձայները կբաժանվեն:
Ըստ հասարակական կարծիքի վերջին հարցման` վրացիների մոտ կեսը դեռ չի որոշել, թե քաղաքական որ ուժին է սատարում: Հիմնականում, նման ընտրողների մեծ մասը բավարարված չեն իշխանությունների գործունեությունից, բայց լուրջ այլընտրանք չեն տեսնում:
Այս տարվա մայիսին տեղի ունեցած դեպքերը, երբ արամատական ընդդիմության փորձը կազմակերպել բողոքի զանգվածային ակցիաներ անհաջողությամբ ավարտվեց, ցույց տվեցին, որ արմատական ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները բավարար ազդեցություն չունեն մարդկանց համախմբելու համար: Այնուամենայնիվ, հասարակական կարծիքի վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քվեարկողների շրջանում բողոքական տրամադրությունները բավական ուժեղ են, և սա կարող է կարևոր լինել, եթե կուսակցությունները որոշեն օգտագործել դա:
Ինչ վերաբերում է չափավոր [ընդդիմադիր] կուսակցություններին, որոնք ներկայում իշխանությունների հետ երկխոսության մեջ են ընտրական օրենսգրքի փոփոխության հարցի շուրջ, ապա նրանց մեջ առկա գործիչներից երկրի նախագահի առավել հավանական թեկնածուն է Իրակլի Ալասանիան, ով նախկինում Վրաստանի դեսպանն էր ՄԱԿ-ում: Թբիլիսիի քաղաքապետի անցած տարվա ընտրություններում նա գրավել էր երկրորդ տեղը, բացի այդ, նա լավ հայտնի է ինչպես երկրի ներսում, այդպես էլ՝ արտերկրում: Սակայն նա պետք է շատ աշխատանք տանի, եթե ցանկանում է ավելի շատ տեղ գրավել ընդդիմադիր դաշտում, որը ներկայում բաժանված է շուրջ կես տասնյակ ընդդիմադիր գործիչների միջև:
Սահակաշվիլիի հեռանալը ի՞նչ ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա և Աբխազիայի ու Հարավային Օսիայի հարցերում:
Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման ցանկացած փորձ չի կարող շրջանցել Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակների հարցը, որոնք ճանաչվել են Մոսկվայի կողմից որպես անկախ պետություններ և որտեղ առկա են ռուսական զորքեր:
2008 թվականից հետո դիվանագիտական կապերը Ռուսաստանի և Վրաստանի միջև պահպանվել են Շվեյցարիայի դեսպանատան միջոցով: Վրաստանը պաշտոնապես հայտարարել է, որ Ռուսաստանը բռնազավթել է իր տարածքը:
Քանի որ քիչ հավանական է, որ որևէ փոփոխություն լինի Ռուսաստանի դիրքորոշման մեջ, ուստի խաղաղության ցանկացած պայմանագիր գործնականում անհնար է, քանի դեռ Վրաստանում իշխանության ղեկին է նույն թիմը:
Ժնևում ընթացող հաշտության բանակցությունները փակուղի են մտել: Վրաստանը անմիջական բանակցություններ չի վարում Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ՝ այնտեղ գործող իշխանությունները բնութագրելով որպես [Ռուսաստանի] կամակատար: Ուստի միակ ելքը միջազգային հանրությանը դիմելն է սեփական տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:
Եթե Սահակաշվիլին թողնի նախագահի աթոռը, բայց իր թիմը մնա իշխանության ղեկին, որը առավել հավանական տարբերակն է, հնարավոր են որոշակի փոքր զիջումներ, օրինակ՝ առևտրային հարցերի շուրջ: Դրանք կարող են նոր ազդակ լինել խաղաղության բանակցություններում, սակայն բանակցություններում ցանկացած իրական առաջընթաց կախված կլինի Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակների և այնտեղ ռուսական զորքերի ներկայության հարցերից, ուր դժվար թե փոփոխություններ լինեն:
Արդյո՞ք հանրությունը կողջունի խաղաղության պայմանագիրը, և արդյո՞ք որևէ թեկնածու, ով կխոստանա խաղաղություն, կարժանանա՞ հավելյալ քվեների:
Վրաստանում բոլոր քաղաքական գործիչներն ասում են, որ նրանք ցանկանում են գտնել Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունների խաղաղ լուծում, ինչպես նաև հասնել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը: Այնուամենայնիվ, ընդդիմության առաջնորդները, անդրադառնալով 2008 թվականի պատերազմին, վստահ են, որ Սահակաշվիլին ունակ չէ հասնելու վերոհիշյալին:
Նախընտրական արշավներում մեծ տեղ է գրավում հետևյալ դրույթը, որ խաղաղության բանակցություններում պետք է առաջընթաց արձանագրվի: Բայց, միևնույն ժամանակ, քաղաքական գործիչները խուսափում են որևէ փոխզիջումային տարբերակից, որը կարող է հարվածել իրենց վարկանիշներին: Հայտարարությունների մեծ մասը երկխոսության անհրաժեշտության և ընդհանուր մոտեցումների փնտրտուքի մասին են:
Որպես կանոն, հետևաբար, ընտրողները հոռետես են տրամադրված խաղաղության հնարավոր պայմանագրի մասին քաղաքական գործիչների հայտարարությունների հանդեպ, իսկ ընդհանուր հայտարարությունները քվեների մեծ թիվ չեն հավաքի:
Գիորգի Կուպատաձեն Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի Վրաստանյան գրասենյակի խմբագիրն է:
Հոդվածն արտատվպում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել