«Յոթի գործ»-ը ընդմիջվեց երկու ժամով
10 րոպե հայտարարված ընդմիջումից հետո մեղադրյալների պաշտպանները միացան Լիպարիտ Սիմոնյանի` դատավորի ինքանբացարկի միջնորդությանը:
Հովիկ Արսենյանն ավելացրեց, որ արգելվում է հղում կատարել դեռ չգործող օրենքի վրա և ըստ այդմ որոշումներ կայացնել, իսկ դատվորը դեռ փետրվարի 27-ին հղում կատարեց մարտի մեկից ուժի մեջ մտնող օրենքի փոփոխություններին և իրեն դատավոր նշանակեց սույն քրեական գործով, դեռ ավելին` կազմն էլ անփոփոխ թողեց:
Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը դատարանին առաջարկեց վերջ տալ ապօրինի որոշումներին և բոլոր խայտառակություններին: «Աժ-ն մեղադրողների հորդորով օրենքներ է փոփոխում, իրավունք ուներ, փոփոխությունները բազմաթիվ հակասություններ են պարունակում, դատավարական օրենսգրքում»,-ասաց նա և դատավորից պահանջեց արձանագել այդ փաստը, որ օրենքի 23 և նոր փոփոխություններով` 314.1 հոդվածները հակասում են իրար, դատավորին առաջարկեց արձանագրել այս փաստը, նախադեպային նման իրավիճակն օգտագործել և կիրառել հիմնական` 23-րդ հոդվածը, քանի որ այս դեպքում դրան հակասող փոփոխությունը ոչ թե մեղմացնող, այլ խստացնող բնույթ է կրում, որը չի բխում մեղադրյալների շահերից` առանց մեղադրյալների շարունակել դատավարությունը:
Մեղադրող Կորյուն Փիլոյանը փաստաբանների ինքնաբացարկի միջնորդությունները համարեց անհարկի և նշեց, որ դրանք հետապնդում են մեկ նպատակ` գործը սկսել նորից, նորից անցնել նախապատրաստական փուլը և ձգձգել դատաքննությունը: Իսկ դատավորի որոշումը` դատավարությունն ընդհատության կարգով շարունակել նույն նախագահողի և դատավարության մասնակիցների նույն կազմով, ամբողջովին օրինական է, ավելին` «դատավորի հրապարակած այդ որոշումը տեղեկատվական բնույթ է կրում»,-պարզաբանեց Կ. Փիլոյանը:
Մեղադրյալ Սուրեն Սիրունյանը դատավարությունը ձգձգելու դատախազի մեկնաբանությունը անհիմն համարեց: «Ես հիմա 38.5 աստիճան ջերմություն ունեմ, բայց եկել եմ դատին, որ հանկարծ իմ պատճառով դատը չհետաձգվի և դատավարությունը կայանա: Նախորդ դատերից մեկի ժամանակ էլ, երբ վիրահատությունից հետո հատուկ խնդրեցի ինձ տեղափոխել քրեդակատարողական հիմնարկ, որպեսզի մասնակցեմ դատին, վիրահատված վիճակում եկել եմ դատին: Ի՞նչ ձգձգելու մասին է խոսքը»,-հարցրեց Ս. Սիրունյանը:
Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դատախազի հայտարարությանն ի պատասխան ասաց, որ դատավարությունը ոչ թե փոխանցվում է դատավորին, այլ դատարանին: «Եթե Մ. Մնացականյանին նշանակեին Լոռվա մարզի առաջին ատյանի դատարան, ինչ է` այս քրեական գործն էլ էին տեղափոխելու Լոռվա մարզ»,-նկատեց պաշտպանը և հավելեց, որ դատավորն իր որոշումը կայացրել է հիմնվելով դեռևս ուժի մեջ չմտած օրենքի փոփոխության վրա:
Դատավորը երկու ժամ ընդմիջում հայտարարեց` քննարկելու Ալ. Արզումանյանի պաշտպան` Լիպարիտ Սիմոնյանի միջնորդությունը և որոշում կայացնելու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել