HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Յոթի գործով» դատաքննությունը շարունակվում է

Այսօր «Յոթի գործով» դատավարությունը մեկնարկել է կես ժամ ուշացումով, ինչը դատավոր Մնացական Մարտիրոսյանը պայմանավորել է նրանով, որ մեղադրյալներից Սուրեն Սիրունյանին ուշ են բերել դատարան: Դատավորը նիստը սկսել է Քրեական դատավարության օրենսգրքում տեղ գտած փոփոխությունների պարզաբանմամբ: Ալեքսանդր Արզումանյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ, ըստ փոփոխությունների (314-րդ հոդված), եթե ամբաստանյալներին դատարանի դահլիճից հեռացնում են, դատավարությունը կարող է շարունակվել առանց նրանց մասնակցության: Մինչդեռ նույն օրենսգրքի 23-րդ հոդվածը սահմանում է, որ դատաքննությանը կողմերի ներկայությունը պարտադիր է: Ուստի Ալեքսանդր Արզումանյանը նկատել է, որ պետք է կիրառվի 23-րդ հոդվածը, քանի որ դրան հակասող փոփոխությունը ոչ թե մեղմացնող, այլ խստացնող բնույթ է կրում: Այս առնչությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանը, ըստ էության, չի կարողացել որեւէ պարզաբանում ներկայացնել: Այնուհետեւ Արզումանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդել է, որպեսզի դատավորն ինքնաբացարկ հայտնի: Պաշտպանը մանրամասնել է, որ Քրդատ. օրենսգրքում կատարված վերջին փոփոխություններն ուժի մեջ են մտել մարտի 1-ից: Սակայն դատավոր Մնացական Մարտիրոսյանը դեռ փետրվարի 27-ին որոշում էր կայացրել, որ դատավարությունը նախագահելու է ինքը: Այնինչ նման որոշում կարող էր կայացվել միայն մարտի 1-ից հետո, այն էլ` Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի կողմից, քանի որ գործը տեղափոխվել է հենց այս դատարանի վարույթ: Ելնելով վերոգրյալից` պաշտպանը հայտարարել է, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանն արդեն իսկ ցուցաբերել է կողմնակալություն եւ ինքնաբացարկի միջնորդությունը պարտավոր է ընդունել: Այդ ընթացքում Շանթ Հարությունյանը դատարանից 5 րոպեով նիստերի դահլիճը լքելու թույլտվություն է խնդրել, ինչի կապակցությամբ դատավորը հայտարարել է 10 րոպե ընդմիջում: Այժմ դատաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter