Ղարաբաղի ամենահայտնի բժիշկը
Արցախ Բունիաթյանին հիշում են արցախյան պատերազմի մասնակիցներից շատերը: Նա պատերազմի տարիներին ամենաթեժ կետերում բժշկական օգնություն էր ցուցաբերում հայրենիքը պաշտպանողներին: Արցախ անունով նրան ճանաչում են 1989 թվականից: Արցախյան շարժման տարիներին էր, երբ նրան հաջողվեց Դալտոն անունը փոխել: Մինչեւ ղարաբաղյան պատերազմն ապրում էր Աբովյան քաղաքում, որտեղ էլ աշխատում էր հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում:
1992 թվականին դաշնակցության ժողովներից մեկում հարց բարձրացվեց, որ Ղարաբաղում վիրաբույժների կարիք կա եւ նա` մի քանի ընկերների հետ միասին հաջորդ օրը շտապեց Արցախ: Արցախում մնաց մինչեւ 1995թ-ը: Նա դաշտային հոսպիտալներում եւ նկուղային հիվանդանոցներում անցկացրեց այդ տւարիները:
«Վիրահատությունից հետո անմիջապես շտապում էր դեպի նոթատետրն ու սկսում գրել` ամեն մի դեպքի մասին, ամեն մի մանրամասնություն»,-այսպես է Ղարաբաղի հանրապետական հիվանդանոցի վիրաբույժ Սերգեյ Մովսիսյանը հիշում իր երբեմնի գործընկերոջը` բժիշկ Արցախ Բունիաթյանին: Բժշկի աշխատանքից բացի, նա նաեւ գրքեր է գրում, որտեղ ներկայացվում է արցախյան պատերազմի օրերը, զետեղված են հարյուրավոր զոհված ազատամարտիկների մասին տվյալներ ու տեղեկություններ: Իսկ այդ ամենը նա գրի է առել պատերազմի տարիներին:
«Առաջին անգամ նրան հանդիպել եմ Կուսապատում, բայց հանդիպումը շատ կարճ տեւեց, իսկ հետո միասին աշխատեցինք Չլդրանի դաշտային հոսպիտալում: Երբ նա մեր կողքին էր` մեզ ավելի հանգիստ էինք զգում` այն ժամանակ երիտասարդ էինք ու փորձառու եւ ավագ գործընկերոջ ներկայությունն ավելի էր մեզ հուսադրում, մանավանդ թեժ մարտերի ժամանակ, երբ ծանր վիրավորները շատ էին եւ պետք էր արագ կողմնորոշվել, թե առաջին հերթին ում պետք է բժշկական օգնություն ցուցաբերել: Նա մեզ միշտ խորհուրդներ էր տալիս, հուսադրում: Բացի լավ մասնագետից, նա նաեւ շատ լավ մարդ է` բարի, անկեղծ, լավ խորհուրդներ տվող: Շատ հետաքրքիր զրուցակից է նաեւ: Դա է վկայում այն փաստը, որ նրա մոտ հաճախ էին գալիս զինվորներ` ոչ թե բուժօգնություն ստանալու, այլ պարզապես զրուցելու համար»,-պատմում է Սերգեյ Մովսիսյանը:
Որպես ազնիվ, բարի ու հոգատար անձնավորություն է Արցախ Բունիաթյանին հիշում բուժքույր Լիդա Աղաբեկյանը: Վերջինս Ա.Բունիաթյանի հետ աշխատել է Մարտակերտի շրջանում:
«Ցանկացած մարդու մեջ միշտ լավն էր տեսնում, վեճեր ընդհանրապես չէր սիրում, իսկ երբ կողքին իրար թեկուզ վիրավորում էին` նա դրանից իրեն վատ էր զգում: Նա նաեւ շատ հոգատար էր. հիշում եմ, որ այն ծանր օրերին նա շատ քիչ էր հաց ուտում, որպեսզի մյուսներին շատ հասնի»-հիշում է Լիդան:
1995-ին Արցախ Բունիաթյանը վերադարձավ Աբովյան, սակայն մեկ տարի չանցած նրան հայտնեցին, որ Բերձորում հիվանդանոց են բացել ու նա պետք է այնտեղի գլխավոր բժիշկը լինի: Սկզբից չհամաձայնվեց, բայց նրան հայտնեցին, որ ընկերները Բերձորում սպասում են եւ ուզում են տեսնել նրան: Եկավ ընկերներին տեսնելու եւ հայտնեցին, որ հրամանը գրված է` հիվանդանոցի գլխավոր բժիշկն է: Այդպես էլ մնաց Բերձորում` տեղափոխելով նաեւ ընտանիքը:
Երեկ լրացել է Արցախ Բունիաթյանի 70-ամյակը. Քաշաթաղի շրջվարչակազմի եւ շրջանային հիվանդանոցի նախաձեռնությամբ նշել են այն Բերձոր շրջկենտրոնում, որտեղ էլ հիմա ապրում է հայտնի բժիշկը: Նրա 70-ամյակը կառավարական մակարդակով ավելի ուշ կնշվի նաեւ Ստեփանակերտում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել