«Յոթի գործ»-ը տեղափոխվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարան
Մեկժամյա ընդմիջումից հետո «Յոթի գործ»-ով դատավոր Մնացական Մարտիրոսյանը Քր. դատ. օր.-ի 314 պրիմ հոդվածով խիստ նկատողություն հայտարարեց մեղադրող Հովսեփ Սարգսյանին` դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և նիստերի դահլիճը առանց թույլտվության լքելու համար:
Ի դեպ, երեկ, երբ մեղադրողն առանց թույլտվության և անձայն հեռացավ դահլիճից, մեղադրյալ Ալ. Արզումանյանը դատավորի ուշադրությունը հրավիրեց այդ փաստի վրա և պահանջեց նրա նկատմամբ էլ կիրառել սանկցիա, իսկ դատավորը պատճառաբանեց, որ մեղադրող կողմը դեռ պաշտոնապես չի ընդգրկված գործում, հետևաբար կարող էր ազատորեն դուրս գալ: Իսկ այսօր դատավորը սանկցիա կիրառեց:
Այնուհետև դատավորը տեղեկացրեց, որ ՀՀ Քր. Դատ օր.-ի փոփոխությունների համաձայն` քրեական դատարանների գործերն ամբողջությամբ անցնում են առաջին ատյանի դատարանների իրավասություն տակ, ըստ այդմ` «Յոթի գործը» մարտի 1-ից տեղափոխվում է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Ավելին, այսօր նախագահի հրամանագրով Մնացական Մարտիրոսյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Երևանի քրեական դատարանի դատավորի լիազորությունները: Դատավորը նաև հրապարակեց իր որոշումը, այն է` մարտի 1-ից հետո «Յոթի գործ»-ով դատավարության մասնակիցների կազմը չի փոփոխվելու:
Ալեքսանդր Արզումանյանը որոշ պարզաբանումներ մտցրեց` կապված «ամբաստանյալներ» արտահայտության հետ և նշեց, որ ինքը հպարտ է, որ ամբաստանյալ է, իսկ մինչ այսօր դեմ էր, քանի որ մարդիկ, որոնք օգտագործում էին այդ բառը, իրավունք չունեին գործածել իրենց նկատմամբ, քանի որ գործում ընդգրկված չէին: Նախկին արտգործնախարարը պահանջեց իրեն այսուհետ դիմել «ամբաստանյալ» բառով: «Այսօր ՀՀ ազատ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը ամբաստանվում է ապօրինի ռեժիմի կողմից: Եթե Հայաստանում կա ապօրինի ռեժիմ, իշխանությունը յուրացրած նախագահ, ապա ես պետք է ամբաստանվեմ, հակառակ դեպքում ես կլինեի Փիլոյան: Այսօր Հայաստանի ժողովուրդը բաղկացած է ամբաստանյալներից և Փիլոյաններից»,-ասաց Ալ. Արզումանյանը:
Սուրեն Սիրունյանը դատավորից պահանջեց անհապաղ դահլիճը դատարկել ներկա գտնվողներից և ներս հրավիրել իրենց հարազատներին, իսկ եթե դահլիճում տեղ մնա, հետո նոր այլ մարդկանց թողնել. «Ես այս մարդկանց չեմ ճանաչում, ովքեր են իրենք, ինչու են դահլիճում: Դալիճը լցրած է սափրագխուխներով ու ոստիկաններով, իսկ մեր հարազատները դրսում են մնացել»,- ասաց Ս. Սիրունյանը: Մյասնիկ Մալխասյանը նույնպես միացավ այդ հայտարարությանը` նշելով, որ դատարանն անընդհատ արհեստական խոսչընդոտներ է ստեղծում:
Ի դեպ, երեկվա նիստի ժամանակ տուժողների իրավահաջորդներից մեկը հայտարարեց, որ ինքը համոզված է «Յոթ»-ի անմեղությանը, հակառակը, նրանք հերոսներ են, ու եթե նրանք չլինեին մարտի 1-ին ու նրանց միջամտությամբ չկանխվեին հրահրված վեճերը, ապա այսօր կունենայինք հազարավոր զոհեր: Այսօրվա նիստին տուժողների իրավահաջորդներից երեքը բացակայում էին, այդ թվում և վերոնշյալ հայտարարության հեղինակը: Մ. Մալխասյանը դա նույնպես շեշտեց, որ այդ հայտարարությունից հետո ինչու չեն ներկայացել իրավահաջորդները:
Մ. Մալխասյանը նաև պահանջեց իրենց նկատմամբ խափանման միջոցը` կալանքը հանել, քանի որ, համաձայն ԱԺ առաջին ընթերցմամբ արդեն ընդունված օրենքի փոփոխությունների` 225 և 300 հոդվածների, իրենց գործողություններում հանցակազմ չկա:
Դատավորը մեկ ժամ ընդմիջում հայտարարեց, հեռացավ Ալ. Արզումանյանի` դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը քննարկելու և հրապարակելու որոշումը:
Ընդմիջման ընթացքում մենք զրուցեցինք մեղադրյալների` դրսում հավաքված հարազատների հետ: Պարզվեց` «Յոթից» ոչ մի բարեկամ երկրորդ դատավարությունից հետո չի մասնակցում նիստերին:
«Մենք չենք ուզում ներս մտնել, որովհետև մեր անվտանգությունն ապահով չէ: Այդ դահլիճը լցված է սադրիչներով: Մենք շատ կուզենայինք մտնել, բայց քանի դեռ ոստիկաններ կան այնտեղ, որ հրաման ունեն մեզ հետ կռիվներ սարքել, պրովոկացիա անել, մենք չենք մտնի»,- ասաց Ալ. Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը:
«Մեր տղաները կոչ են արել, որ մենք չմտնենք, որովհետև ներսում սադրիչներ կան»,- ասաց Ս. Սիրունյանի կինը` Գայանե Ներսիսյանը:
«Հենց առաջին դատից այդ սափրագլուխները հետևներից սկսեցին հայհոյանքներ ասել կանանց: Ներսում հալալ կեսը 6-րդ վարչության աշխատակիցներ են, միլիցեք են, ինչ գործ ունեն դրանք, դատ է, թող հարազատները ներսը լինեն»,- ասաց Հակոբ Հակոբյանի եղբոր որդին` Կարեն Հակոբյանը:
«Դեկտեմբերի 19-ին, երբ նոր սկսվեց գործը, բոլորին պարզ էր, թե էս ինչ ղալաթ արեցին, որ «Յոթի գործ»-ը արհեստական ուղարկեցին դատարան: Տապալվեց, և պատահական չէ, որ հաջորդ օրվանից սկսեցին հարազատների նկատմամբ պրովոկացիաներ իրականացնել, բերեցին իբր տուժողներին լցրեցին այստեղ: Մտածեցին, թե ինչպես դուրս գալ այս իրավիճակից»,-հավելեց պաշտպան Հովիկ Արսենյանը:
Ընդմիջումից հետո մեղադրյալները ոտքի չկանգնեցին՝ պատճառաբանելով, թե ում համար ոտքի կանգնեն, եթե Մ. Մարտիրոսյանն արդեն այլ դատարանի դատավոր է նշանակվել: Մնացական Մ. Մարտիրոսյանը դա կրկին դիտարկեց իբրեւ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք եւ հետաձգեց դատական նիստը մինչև մարտի 4-ը, ժամը 12:00-ն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել