Մեղադրյալների հարազատների համար դատական նիստը հասանելի չէ
Այսօր Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում շարունակվում է «Յոթի գործ»-ի դատավարությունը: Դատավարությունը սկսվեց մեղադրյալ Ալեքսանդր Արզումանյանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդության քննարկմամբ: Ալեքսանդր Արզումանյանը երեկ հայտարարել էր, որ մեղադրյալների հարազատները չեն կարողանում մասնակցել դատավարությանը, իսկ լրագրողներին արգելել են դատական նիստերի դահլիճ մտնել՝ կատարել տեսաձայնագրություններ:
Գլխավոր մեղադրող Կորյուն Փիրոյանը առարկելով միջնորդությանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ դատական նիստը հրապարակային է եւ ցանկացած ոք կարող է մասնակցել: Գլխավոր մեղադրողի առարկությանն ի պատասխան` մեղադրյալ Հակոբ Հակոբյանը բորբոքված պատասխանեց, որ իրականում ե'ւ մեղադրյալների հարազատների, ե'ւ լրագրողների մուտքը արգելված է նիստերի դահլիճ, որովհետեւ դահլիճում անհայտ անձիք են տեղեր զբաղեցնում:
Դատավոր Մ. Մնացականյանի դատական նիստի ընթացքին չխանգարելու նկատողությունը ուշադրության չարժանացավ: Մեղադրյալ Հ. Հակոբյանը լքեց դատական նիստերի դահլիճը, նրան հետեւեցին Սուրեն Սիրունյանը, Գրիգոր Ոսկերչյանը եւ Սասուն Միքայելյանը:
Դատավոր Մ. Մնացականյանը, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքից զայրացած, հայտարարեց 1 ժամ ընդմիջում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել