Տարիելին ազատել են աշխատանքից, բայց «Նորաշենի» հարցը չի լուծվում
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը բարձրացրել է Թբիլիսիի Սբ. Նորաշեն հայկական եկեղեցու խնդիրը, որի լուծումը վրացական իշխանությունները տեսնում են օրենսդրական կարգավորման միջոցով։ Վարչապետը օրենսդիր մարմնի ղեկավարից հետաքրքրվել է, թե ի՞նչ փուլում է գտնվում գործընթացը եւ լուծման ինչպիսի՞ հեռանկար է տեսնում խորհրդարանի նախագահը։ Դավիթ Բաքրաձեն նշել է, թե իր երկրի համար շատ կարեւոր է այս հարցում հայ եւ վրաց եկեղեցիների միջեւ երկխոսությունն ու դրա արդյունքում ձեւավորվելիք ընդհանրական դիրքորոշումը, որին պետությունը պատրաստ է սատարել։ Դավիթ Բաքրաձեն նաև ընդգծել է, որ Վրաստանը շահագրգիռ է հարցը լուծել առանց ավելորդ քաղաքականացման:
Վրաց Ուղղափառ Եկեղեցու հոգևոր սպասավոր Տարիել քահանա Սիկինչելաշվիլին, ըստ պաշտոնական տեղեկատվության, ազատված է Նորաշենի կողքին գործող վրացական եկեղեցում ծառայությունից և տեղափոխվել է այլ վայր: Խնդիրը վիրահայոց թեմի առաջնորդարանի և համայնքի ուշադրության կենտրոնում է, սակայն հարցը մնացել է չլուծված:
Եկեղեցու երեք դռներին վիրահայոց թեմի կողմից դրվել են կողպեքներ, և բանալին գտնվում է առաջնորդարանում: «Ավելորդ լարում չստեղծելու նպատակով եկեղեցու դռները չենք բացում և մոմեր չենք վառում, սակայն վրաց հասարակության մեջ նկատելի է նաև խնդրի լուծման դրական տրամադրություններ և նվազել է սույն խնդրով վրաց մամուլում ավելորդ շահարկումները»,- Հետքին պատասխանեց Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Վիրահայոց թեմը «Նորաշենի» հարցով վերջին տարիներին դիմել է ՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեին, Միջազգային այլ կազմակերպությունների, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների, Վրաստանի Կառավարության բարձրաստիճան ղեկավարությանն ու Վրաց Պատրիարքարանին:
2008 թվականի դեկտեմբեր ամսին Վիրահայոց թեմի առաջնորդը հանդիպել է Վրաստանի վերինտեգրման պետնախարար Թեմուր Իակոբաշվիլուն, ով հավաստիացրել է, որ 2009 թվականի առաջին եռամսյակում Վրաստանի Խորհրդարանը փոփոխություններ կկատարաի քաղաքացիական օրենսդրությունում, որն էլ հնարավորություն կտա Վիրահայոց թեմին` որպես կրոնական հասատատություն ձեռք բերել իրավաբանական կարգավիճակ:
Նորաշեն եկեղեցու համար պետնախարարը նշել է, որ Վրաստանի կառավարությունը որոշել է Հայաստանի մասնագետների աջակցությամբ վերանորոգել Նորաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցին և, մինչև եկեղեցու պատկանելության հարցի վերջնական որոշումը, առաջարկվում է նորոգությունից հետո դարձնել քրիստոնեական մշակույթի օջախ` պահպանելով եկեղեցու ինչպես արտաքին, այնպես էլ ներքին պատմական ճարտարապետական տեսքը:
«Կարծում ենք, որ եկեղեցիների վերադարձի հիմնական խոչընդոտը Վրաց Ուղղափառ Եկեղեցու կրոնական ծայրահեղությամբ ապրող շերտավորումն է: Թեմը հակված է նրան, որ երկրի իշխանությունների տրամադիր են դրական լուծումներ տալ վրացահայոց եկեղեցական հարցերին, սակայն վրաց եկեղեցու բացասական տրամադրությունները խոչընդոտում են հարցի լուծմանը: Մեր կողմից Վրաց պատրիարքարանին է փոխանցվել Մայր Աթոռի մոտեցումը սույնի վերաբերյալ, որը նետևյալն է՝ հայկական կողմը դեմ է Նորաշենի և մյուս հինգ եկեղեցիների վերադարձման առնչությամբ որևէ հանձնախումբ ստեղծելուն»,-ասում է Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Վիրահայոց թեմն առաջարկում է հանձնաժողով ստեղծել 1990-ականերից ի վեր վրացականացված եկեղեցիների պատկանելությունը ճշտելու առնչությամբ: Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ասում է, որ վրաց պատրիարքարանի բոլոր այն հայտարարությունները, թե իբր ընդհանուր որոշում է կայացվել ստեղծել ընդհանուր հանձնաժողով, չի համապատասխանում իրականությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել