HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վրաստանը վարում է «ջայլամի» քաղաքականություն»

Վրաստանի հայության խնդիրները և Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի այցն այսօր «Փաստարկ» ակումբում քննարկեցին «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, «Միտք» վերլուծական կենտրոնի մեկնաբան Էդուարդ Աբրահամյանը, «Երկիր» հայրենադարձության և հիմնավորման միության նախագահ Սևակ Արծրունին և նույն միության ծրագրերի համակարգող Ռոբերտ Թաթոյանը:

Ի դեպ այս երեք կազմակերպությունները վերջերս միասին հայտարարություն էին տարածել, միասին ասուլիսի էին հրավիրված և փետրվարի 25-ին էլ կազմակերպում են բողոքի ակցիա Վրաստանի դեսպանատան մոտ: Թե ինչն էր այս երեք կազմակերպությունների «միացման» պատճառը, Սևակ Արծրունին պարզաբանեց. «Երկիր» միությունը քաղաքականությամբ չի զբաղվում, բայց հարցն այնքան է մտահոգիչ, որ հարմար գտանք միանալ այլ կառույցներին, որովհետև պահի լրջությունը զգացել ենք»:

Էդուարդ Աբրահամյանը փաստեց, որ արդեն մոտ 20 կազմակերպություններ արձագանքել են այս միացմանը և պատրաստակամություն հայտնել մասնակցել փետրվարի 25-ին Վրաստանի դեսպանատան մոտ նախատեսված բողոքի ակցիային: «Ջավախքում սոցիալ-տնտեսական խնդիրներից զատ առկա են ազգային, լեզվական, կրթամշակութային բնույթի և քաղաքական խնդիրներ: Սոցիալ տնտեսական խնդիրը խնդիրների շարքում միայն մեկն է»,-անդրադառնալով Գ. Վաշաձեի Հայաստանում հնչեցրած մտքին, այն է` Ջավախքում խնդիրները միայն սոցիալ-տնտեսական են, ասաց Շիրակ Թորոսյանը, իսկ Վրաստանի ԱԳ նախարարի և վրացական իշխանությունների պահվածքը և քաղաքականությունը որակեց «ջայլամի քաղաքականություն», այսինքն` ոչ թե լուծում, այլ թաքցնում ու քողարկում են առկա խնդիրները: Պատգամավորը համոզված է, որ Վրաստանի իշխանությունների այդ պահվածքը խորացնելու է ճգնաժամը: Գ. Վաշաձեի մեկ այլ միտք, որ Ջավախքում մարդիկ ավելի լավ են ապրում, քան Քութաիսում, ԱԺ պատգամավորը նշեց, որ դրա մեղքը պետք է փնտրել հենց քութաիսցիների մեջ, քանի որ ջավախքցիներն իրենց բնույթով աշխատասեր և քարից հաց քամող ժողովուրդ է «և եթե լավ են ապրում, դա ոչ թե վրաց պետության հաշվին է, այլ Ռուսաստանում արտագնա աշխատանքի և քրտինքից հաց ստեղծելու նրանց հատկության»:

«Մեր իշխանությունների արտաքին գործերի նախարարի արտահայտությունը, որ «մեր և վրացիների միջև խնդիրներ չկան», կարծես թե դարձել է մի հերթապահ նախադասություն, որ առիթ կամ անառիթ օգտագործվում է: Մի ժամանակ, երբ մեր և վրաց իշխանությունները բանկետային սեղանների շուրջ հայոսի ու քարթլոսի կենացը խմելով խնդիրները լուծված էին համարում, այսօր դրանց սկսում է փոխարինել «անլուծելի խնդիրների բացակայության» թեզը,- ասաց

Շ. Թորոսյանը,- շատ լավ և ողջունելի է, եթե չկան անլուծելի խնդիրներ, սակայն եթե անլուծելի խնդիրներ չկան, ուրեմն բացակայում է քաղաքական կամքը»: Շիրակ Թորոսյանը կոչ արեց և հայ, և վրաց իշխանություններին ցուցաբերել քաղաքական կամք` լուծելու Ջավախքում և վրացահայության շրջանակներում կուտակված բազմաբնույթ խնդիրները և դրանով ամրապնդել հայ-վրացական հարաբերությունները: «Եթե չլուծվեն ջավախքահայության և վրացահայության կուտակված հիմնախնդիրները, չի բարելավվելու հայ-վրացական հարաբերությունները»,-ամփոփեց Շիրակ Թորոսյանը: Այն, որ Հայաստանի արտգործնախարարն էլ հետաքրքրվելու մակարդակով է զբաղվել Ախալցխայում ձերբակալված երկու հայ երտասարդների հարցով, և ասուլիսում էլ նշվել է միայն երկուսի անունները, տարօրինակ մոտեցում է, ըստ  «Երկիր» հայրենադարձության միության նախագահ Սևակ Արծրունու, քանի որ Վրաստանում կան ավելի քան երկու ձերբակալվածներ, 7 ամիս տևող քաղաքական բանտարկյալ և տասնյակից ավելի հալածված ակտիվիստներ:

«Միջազգային կազմակերպությունները, միջազգային հանրությունը տեղյակ է Ջավախքի և Վրաստանի փոքրամասնությունների խնդիրներին, բայց քանի որ մենք մի տեսակ անտարբեր և ոչ պրոֆեսիոնալ ենք մոտենում, ստիպված չի զգում հակազդել և Վրաստանին պատասխանատվության ենթարկել»,-կարծում է Սևակ Արծրունին: «Երկիր» միության, «Ջավախք» հայրենակցական միության և «Միտք» վերլուծական կենտրոնի Գ. Վաշաձեի այցի նախօրեին տարածած հայտարարությունը վրացական կողմը որակել էր որպես սադրանք: Հետքի հարցին, թե ինչ և ում կողմից հրահրված սադրանք էր որակվել, Սևակ Արծրունին պարզաբանեց. «Վրաստանի ԱԳ նախարարը եթե համարում է, որ եթե մենք իր այցի ժամանակ խոսում ենք ջավախքահայերի խնդիրների մասին, դա սադրանք է, ապա տրամաբանությունն այն է, որ մենք չխոսենք, թաքուն պահենք իրենց հակահայ գործունեությունը Ջավախքում, չխոսենք հենց իրենց սադրանքների մասին: Նրանք պանիկայի են մատնվում, որ ՀԿ-ները խոսում են Ջավախքահայերի խնդիրներից»: «Վրաստան պետությունը հայությանը դիտարկում է որպես պոտենցիալ հակառակորդ: Եթե մենք ուսումնասիրենք վրաց մամուլի հրապարակումները, միշտ շոշափվում է հայերի անունը նրանց բոլոր խնդիրներում: Յուրաքանչյուր համագործակցության փորձ, Վրաստանը ագրեսիվ կեցվածքով է ընդունում»,-շարունակեց «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետը: Ջավախքի ժողովուրդը, տեղական հասարակական կառույցները բարձրացնում են այդ  խնդիրները, իսկ երևանյան կառույցները հնչեցնում դրանք: Այսպես մեկնաբանեց Շիրակ Թորոսյանը լրագրողների հարցի պատասխանը, թե արդյոք երևանյան կազմակերպությունները չեն խտացնում գույները Ջավախքի և վիրահայության խնդիրների շուրջ և ինչու ջավախքյան կազմակերպություններն անձամբ չեն բարձրացնում իրենց հուզող հարցերը: Շիրակ Թորոսյանը փաստեց, որ իրենք համագործակցում են Ջավախքում գործող գրեթե բոլոր հասարակական կազմակերպությունների հետ: «Ջավախքցիները չեն հեռանալու Ջավախքից, կամ Վրաստանը կիրականացնի իսկապես ինտեգրման քաղաքականություն, այլ ոչ թե ձուլման, կամ ջավախքահայությունն առաջ կքաշի իր խնդիրները»,-եզրակացրերց Շիրակ Թորոսյանը: Սևակ Արծրունին շեշտեց, որ ջավախքցիները սարսափի մթնոլորտում են ապրում, այդ պատաճառով էլ չեն կարող բարձրացնել իրենց խնդիրները, իսկ իրենք ասելիք ունեն ոչ թե Հայաստանի կառավարությանը, այլ արտասահմանյան կառույցներին և հատկապես` Վրաստանին: «Վրաստանը կզիջի, եթե ամբողջ աշխարհին ներկայացվի վրացահայության խնդիրները»,-համոզված է Սևակ Արծրունին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter