Ս. Մինասյան. «ԱԳՆ-ից ոչինչ սպասել պետք չէ»
Այսօր մամուլի տարբեր ակումբներում Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի այցի ամփուփումն ու գնահատականները տվեցին տարբեր մեկնաբաններ:
Կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծում է, որ Գ. Վաշաձեի այցը Հայաստանի և Վրաստանի միջպետական հարաբերությունների ստուգման այց էր: «Ուրբաթ» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ քաղաքագետը նշեց, որ հայ-վրացական հարաբերություններում կան դրական զարգացումներ, սակայն միևնույն ժամանակ սրվել է իրավիճակը Ջավախքում:
Լրագրողների հարցին, թե համաձայն է արդյոք փորձագետը Վրաստանի ԱԳ նախարարի հայտարարության հետ, որ Ջավախքում խնդիրները միայն սոցիալ-տնտեսական են, Ս. Միանսյանը պատասխանեց. «Վրաստանի արտգործնախարարը պաշտոնյա է, որը կատարում է իր աշխատանքը: Պարզ է, որ վերջին տաս տարվա ընթացքում և Վրաստանի, և Հայաստանի պաշտոնյաները մեծ մասամբ փորձել են շեշտել, որ Ջավախքում խնդիրները միայն տնտեսական մակարդակի են, բայց պարզ է, որ կան և լեզվական, և քաղաքական, և այլ խնդիրներ: Բայց այդ խնդիրները լուծելու համար Վրաստանի իշխանությունները չունեն պատրաստակամություն` գնալու զիջումների»:
Քաղաքագետի գնահատմամբ, Հայաստանն էլ չէր ուզում ներգրավվել այդ խնդիրներում` չուզենալով սրել հայ-վրացական հարաբերությունները: «Ջավախքում կա քաղաքական խնդիր և դրանից են ածանցվում նաև լեզվական, տնտեսական, էթնիկական և շատ այլ խնդիրներ»,-շեշտեց բանախոսը:
«Սփյուռքի նախարարությունը զբաղվում է այս հարցերով, բայց Սփյուռքի նախարարությունն աշխատում է գործել գլխավորապես մշակութային և կրթական ոլորտներում, և քաղաքական դիրքորոշումը բնականաբար պետք է ցուցաբերի արտգործնախարարությունը: Իսկ ԱԳՆ փորձում է դա անել` ելնելով ներկա իրավիճակից և չփորձելով լարվածություն ստեղծել: Որևէ այլ դիրքորոշում ՀՀ ԱԳՆ-ից սպասել պետք չի»,-Հետքի հարցին ի պատասխան՝ ասաց Սերգեյ Մինասյանը:
«Նորավանքի» գիտա-կրթական հիմնադրամի փորձագետ, պ.գ.թ. Թամարա Վարդանյանն էլ կարծում է, որ այստեղ մի լուծում է տեսնում. Հաստատել ու զարգացնել հորիզոնական կապերը փորձագետների միջև, ՀԿ-ների, լրագրողների, և բոլոր գերատեսչություններում ու նախարարություններում պետք է համատեղ համագործակցություն: Իսկ որոշ հարցերում հարկավոր է պետության ակտիվությունը հատկապես հարաբերվելու հարցում:
«Մենք բարդույթ ունենք, մենք ամաչում ենք հայրենասեր ներկայանալ և չենք բարձրացնում մեր խնդիրները: Ամաչում ենք ասել` մեր հայրենակիցներն են, մենք պարտավոր ենք պաշտպանել նրանց իրավունքները»,-նշեց «Նորավանքի» գիտա-կրթական հիմնադրամի փորձագետը:
Ս. Մինասյանը ևս կողմնակից է Ջավախքի ու վիրահայության խնդիրներին հասարակական կազմակերպությունների մակարդակով ավելի ակտիվ ներգրավվելուն. «Մենք պետք է փորձենք հայկական վերնախավում պատասխանել այն հարցին, թե մեզ համար ինչ նշանակություն ունի մի տարածք` Ջավախքը, որը միակ կոմպակտ բնակեցված հայերով տարածքն է, այդ դեպքում մեզ էլ պարզ կլինի, թե ինչ ձևով պետք է պետական քաղաքականություն իրականացնել»:
Հետքի այն հարցին, թե հասարակական կազմակերպությունների նախատեսած փետրվարի 25-ի ցույցը Վրաստանի դեսպանատան շենքի մոտ ինչ արձագանքների և փոփոխությունների կարող է հանգեցնել, քաղաքագետը պատասխանեց. «Ցույցերով քաղաքական հարցերը երբեք չեն փոխվում, բայց ցույցերով երևում է հասարակության ընկալման աստիճանն այս կամ այն խնդիր նկատմամբ»,-ասաց Ս. Միասյանը:
«Վրաստանի փորձագետները գտնում են, որ նմանատիպ ցույցերի կամ բողոքների դրսևորումները ռուսական որոշակի ուժերի քաղաքականության արդյունք է»,-մեկնաբանեց Թամարա Վարդանյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել