HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գլոբալ ճգնաժամը ՏՏ ոլորտի վրա նաև դրական է ազդել

23_02-conferansԳլոբալ ճգնաժամը Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի վրա չէր կարող ազդեցություն չունենալ: Այն թողնելու է և’ բացասական, և’ դրական հետևանքներ: Այս եզրահանգմանը եկան Աղվերանում փետրվարի 21-ին տեղի ունեցած Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 9-րդ համագումարում ոլորտի մասնագետները: ՏՏ լիդերների առանց փողկապների հանդիպման-ֆորումին մասնակցում էին ավելի քան 40 ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Էկոնոմիկայի և Սփյուռքի փոխնախարարները,  Պետական եկամուտների կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը մատանանշեց ճգնաժամի երեք տեսակի ազդեցություն. կազմակերպությունների մի մասը կորցրել են իրենց պատվիրատուներին, լուրջ խնդիր կա նաև նոր պատվիրատուներ գտնելու գործում: «Նկատել ենք նաև, որ շատ կազմակերպություններ օգտագործում են ճգնաժամն իրենց ներքին խնդիրները լուծելու համար` կապված բաժնետերերի կամ աշխատակիցների կրճատման հետ, օրինակ` Հայաստանում եղել է կազմակերպություն, որ միանգամից աշխատանքից հանել է 16 հոգու, մեկ շաբաթ հետո նորից ընդունել նույքան մարդ, որը կապված է որոշակի ներքին խնդիրների լուծման հետ»,-ասում է Բագրատ Ենգիբարյանը: Իսկ երրորդ խնդիրը, ըստ փորձագետի,  կարելի է համարել այն, որ որոշ կազմակերպություններ փորձում են ճգնաժամից շահեկան դուրս գալ, նրանք սկսել են նույնիսկ մեծացնել իրենց շրջանառությունը: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության  նախագահ Հովհաննես Ավոյանի կարծիքով, ճգնաժամն արդեն իր ազդեցությունն ունեցել է ՏՏ ոլորտի վրա և դեռ լրջանալու միտումներ ունի: Խոշոր ընկերությունների մասնաճյուղերը, որոնք չեն կարողանում դիմակայել, ինչպես օրինակ «Լայկոսն» էր, փակվում են: Մնում են ուժեղներն ու որակյալները: 23_02-h_avoyanՍակայն, պարզվում է, որ ճգնաժամը նաև հնարավորություններ է ստեղծել Հայաստանի համար. «Այն ընկերությունները, որոնք ՏՏ ծառայություններ են գնում, ու քանի որ Հայաստանում ավելի էժան է, գալիս են այստեղ: Աութսորսինգի ճանապարհով ինչ-որ չափով կարող ենք շահել»,-ասում է Հովհաննես Ավոյանը: Ըստ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության  նախագահի, հիմա շատ լավ ժամանակաշրջան է  նոր ընկերություններ ստեղծելու, աճելու և զարգացնելու համար, եթե կան ֆինանսական ռեսուրսներ. «Դաշտը մաքրվում է, իսկ եթե ունես ռեսուրսներ, կարելի է լավ դիրքեր գրավել միջազգային շուկայում: Եվ ծառայություններն են էժանանում, և տարածքի վարձակալությունն է իջնում, և հարկային ծախսերն են իջնում»: Հովհաննես Ավոյանի կարծիքով, հիմա կարող է զարգացում ապրել ինտերնետ միջավայրը, սոցիալական ցանցերը և կայքերը, օրինակ` odnoklassniki.ru հայտնի կայքի նման այլ կայքերը, խաղերի ոլորտը: Վերջինս նաև նշեց գործազուրկների թվի ավելացումը և նրանց համակարգչով զբաղվելու ավելի մեծ թիվը, այսինքն` ՏՏ սպառողների թվի ավելացում: «Մարդիկ ժամանակ և փող չունեն ճանապարհորդելու, հաղորդակցվելու: Դրանք, առևտուրը և այլ ծառայությունների մատուցումը տեղափոխվում է ինտերնետային դաշտ, որը հետզհետե աճում է»,-փաստում է Հովհաննես Ավոյանը: 23_02-h_musayelyan«Synopsys-Հայաստան» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանն ասում է, որ իրենց ձեռնարկության վրա ճգնաժամը չի ազդել: Ըստ նրա, արդեն բավական մեծ գումարներ են ներդրվել ընկերությունում, այժմ էլ՝ տեխնիկական ներդրումներ են արվում: «Ոչ մի բացասական փոփոխություն չի եղել ոչ արտադրական, ոչ էլ ուսումնական ծրագրերում»,- ասաց Հ. Մուսայելյանը: «Synopsys»-ին պատկանող ծրագրավորման կենտրոնը, որը 2004-2005թթ.-ին ձեռբ բերեց նաև LEDA Design, Monterey Arset և HPL Technologies ընկերությունները, այժմ ծրագրավորման ոլորտի ամենախոշոր ձեռնարկությունն է, որն ունի մոտ 400 աշխատակից: «Մրցակիցների համեմատ քանի որ մեր ցուցանիշները բարձր են, մեկը կորցնում է, մյուսը դրա հաշվին գտնում է, այդ առումով իրատեսական զգուշավորություն կա որոշակի ծախսեր կրճատելու գործում, օրինակ` ուղևորությունների ծախսերը, բայց հիմնական ծախսերում կամ աշխատողների կրճատում` չկա»,-նշեց Հովիկ Մուսայելյանը: Վերջինիս կարծիքով, նման ճգնաժամների դեպքում տնտեսության այլ ոլորտների ճյուղերը ներկայացնող ընկերությունները սովորաբար սկսում են կրճատել իրենց ֆինանսները: Սակայն միայն այն ոլորտը, որտեղ նրանք պետք է ավելի շատ ֆինանսներ ներդնեն, և դա որպես գործիք օգտագործեն իրենց արտադրողականությունը բարձրացնելու նպատակով, հենց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է, այլապես ընկերությունները կփակվեն: «Հայաստանում մեր գործարարների մոտ նոր ծրագրերի, կրթական ծրագրերի վրա փող ծախսելը ընդուված չէ, շատերը կարծում են, որ դա իզուր ծախսվող գումարներ են, բայց պետք է հասկանան, որ եթե ճգնաժամային պայմաններում ներդրումներ չանեն նոր տեխնոլոգիաներ ձեռք բերելու կամ կադրեր կրթելու համար, ապա ընդհանրապես ապագա չեն ունենա»,-համոզված է«Synopsys-Հայաստան» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը: «Synopsys-Հայաստան»-ի տնօրենը լավատեսորեն է տրամադրված: Ընկերությունը մոտ 700 մլն դոլարի շրջանառություն ունի, ֆինանսների ծավալը չի նախատեսվում կրճատել: Փորձագետները նաև կարևորեցին պետական աջակցությունն այս ոլորտում, հատկապես ճգնաժամին դիմակայելու համար:  Վերջերս կառավարությունը 125 մլն դրամ վարկ հատկացրեց «Սորսիո» ընկերությանը, որի տնօրենը կրկին Հովհաննես Ավոյանն է: Նա նշեց, որ այդ գումարը ծախսվելու է մարկետինգի և իրենց ընկերության արտադրանքի վաճառքի ուղղությամբ: «Մեր արտադրանքը համակարգերի մոնիտորինգի և կառավարման համակարգ է, թույլ է տալիս բարդ ինֆորմացիոն համակարգերին աշխատել անխափան, եթե ինչ-որ խնդիրներ է լինում` արագ ախտորոշում է»,-պարզաբանեց «Սորսիո»-ի տնօրենը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter