«Հեռուստատեսությունը հայոց լեզվի սպանդանոց է»
«Փորձագետների միավորման» կազմակերպություն այսօր ևս հրավիրել էր կլոր սեղան` հեռուստաեթերի թերությունները քննարկելու և ինչ-որ լուծումներ գտնելու ակնկալիքով:
Կազմակերպության համակարգող Նարեկ Մալյանը նշեց, որ հասարակությունը մեղադրում է հեռուստաընկերություններին անհարգալից վերաբերմունքի համար, հեռուստաընկերությունները փոխադարձաբար մատնացույց են անում հեռուստադիտողին` ասելով, որ պահանջարկն է ծնում առաջարկ: ՀՌԱՀ հանձնաժողովը ասում է, որ իրենք չունեն լիազորություններ ոլորտի վերահոկողության համար, ԱԺ-ից ասում են, որ ՀՌԱՀ օրենքով տրված է նաև լիազորություններ, որը չի կիրառվում:
Սերիալները, գովազդային հոլովակները , սփյուռքահայի կերպարի ավաղավաղումը, հակաքրիստոնեական երևույթները, եթերային ծուլության, ոչ պրոֆեսիոնալիզմի դրսևորումներն առաջացրել են էքսպերտների զայրույթը, ովքեր պահանջում են հարգանք հեռուստադիտողի նկատմամ և անվտանգ եթեր:
Վլադիմիր Աբաջյանը, պարզվեց, հավանում էր «Շանթ» հեռուստաընկերթյանը, բայց հիմա այդ ալիքը «կրիմինալ աշխարհով» է լցված, այլևս չի նայում: «Ես պահանջում եմ մեր հեռուստաալիքներից հարգել հայ մարդուն, հայի խոսքը»,-ասում է Վ.Աբաջյանը: Նա կոչ արեց հեռուստառեժիսորներին գոնե տարին մեկ անգամ եթեր հեռարձակել հայ դասական գրողներին, նրանց գործերը, ուշադիր լինել ժողովրդի նկատմամբ և «բառը չզրկել իմաստից»:
Քննարկամը ներկա էին նաև հոգևոր թևի ներկայացուցիչներ: Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, որը մի քանի ամիս է` գտնվում է Հայաստանում, 26 տարի սփյուռքում պաշտոնավարելուց հետո, ասաց, որ այսօր բոլոր արժեքավոր հաղորդումներին եկել են փոխարինելու այնպիսիները, որոնք սերմանում են ոչ թե հայ ոգի, այլ պրոպագանդում են սեքս, բռնություն, սադիզմ, անբարոյականություն: Այս բոլորին գումարած հեռուստատեսությունը, ըստ վերջինիս, հայոց լեզվի սպանդանոց է. «Եթե Մաշտոցը այսօր հնարավորություն ունենար հարություն առնել և ունկնդրել այն հայերենը, որով այսօր բարբաջվում է եթերից, ուղղակի ինֆարկտից նորից կմահանար»:
Կոմիտաս վարդապետ Հովնանյանը կարծում է, որ մարդը իր դիմագիծն ու կաղապարն այսօր ստանում է հեռուստացույցից: «Եվ ինչով ենք մենք կաղապարում այդ ոգիները, սերիալների այդ խայտառակություններով, բրազիլական այդ անճոռնությամբ, երբ չես հասկանում` ով ում կինն է, ով ու ամուսինն է, ով ում սիրեկանն է: Սրանով ենք մենք դաստիարակում մեր զավակներին: Կարատեի խմբակներում տեղ չկա, բոլորն ուզում են Գոռ Վարդանյան դառնալ: Ինչով ենք սնում մենք այսօր մեր ժողովրդին: Արդյոք այս բոլորի համար զոհվեցին մեր ծնողները, արդյոք այս բոլորի համար մենք այսօր անկախ ենք»,-հարցնում է վարդապետը:
Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը նկատեց, որ հարցի քննարկումը բավականին ուշացել է: «Խնդիրը նախևառաջ երիտասարդությունն է, մատաղ սերունդն է, դպրոցն է, և մենք պիտի մտածենք, թե այսօր ինչ սերունդ ենք դաստիարակում»: ԳՄ նախագահի կարծիքով, բրազիլական, մեքսիկական, ռուսական կամ ամերիկյան կրիմինալ սերիալների մոդելներով չպետք է առաջնորդվել և նմանակել նրանց, քանի որ դա «մերը» չէ:
Լևոն Անանյանն անդրադարձավ նաև Երևանում գործող մամուլի ակումբներին և լրագրողների ոչ պրոֆեսիոնալ գործելաոճին: ԳՄ նախագահն ասում է, որ մամուլի ակումբներում հնչած յուաքանչյուր ապատեղեկատվություն դառնում է այդ օրվա հեռուստաընկերությունների և բոլոր թողարկումների կիզակետում: Աշխարհով մեկ սփռվում է ապատեղեկատվությունն առանց որևէ պատասխանատվության: «Հեռուստաընկերությունների ծրագրերը պետք է վերահսկվեն, դա չի նշանակում` գրաքննություն, բայց եթերի վերահսկողություն անհրաժեշտ է: Ազատություն չի ենթադրում անվերահսկողություն»-ասաց Լ. Անանյանը:
Գրող Աբգար Ափինյանը կարևորեց օրենքի կիրառումը այս ոլորտում, և շեշտեց, որ հեռուստաընկերությունը չպետք է դիտարկել միայն բիզնեսի տեսակետից: Թերևս այս կարծիքը որոշ քննարկումների առիթ տվեց մտավորականների շրջանում, սակայն ներկաները համաձայնեցին, որ գոնե Հանրային հեռուստաընկերությանը բիզնեսի ոլորտից պետք է դուրս թողնել, և հաշվի առնելով նրա սփռվածությունը Հայաստանում և սփյուռքում, որոշ վերահսկողական մեխանիզմներ կիրառել Հանրային ալիքի նակտմամբ:
Գրող-հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը չցանկացավ անդրադառնալ սերիալներին կամ եթերին, քանի որ դրանք արդեն բազմիցս քննարկվել են, այլ առաջարեկց լուծման տարբերակ. «Պետք է հեռուստատեսությունների վարկանիշի մրցավազքը դադարեցնել և կլուծվեն բոլոր հարցերը»: Վերջինիս կարծիքով, այն ժամանակվանից, երբ հեռուստատեսությունները սկսեցին վարկանիշներով առաջնորդվել և դրանցով գովազդ ստանալ, չարիքը սկսվեց հենց այդտեղից:
Թատերագիր Վահրամ Սահակյանը գտնում է, որ ոչ թե պետք է սերիալների մասին մտածել, այլ պետք է «լրջացնել եթերի ռաբիզությունը»:
Ի դեպ, քննարկմանը հրավիրվել են տարբեր գերատեսչություններ` Մշակույթի, Սփյուռքի, ԿԳ նախարարներին, ՀՀ նախագահին, տարբեր պաշտոնյաների և հեռուստաընկերության տնօրեններին, սակայն նշվածներից ներկա էր միայն Նախագահի աշխատակազմից` Արա Սաղաթելյանը, «Արմենիա» հեռուստաընկերության տնօրեն Գագիկ Մկրտչյանը:
Արա Սաղաթելյանը փաստեց, որ նախագահի աշխատակազմը հետևողական է այս հարցում և մշտապես ստանում է մտահոգություններ, արձագանքներ: Նա նշեց, որ շուտով օրենսդրական ճանապարհով լուծում կտրվի խնդրին, և հասարակության լայն շրջանակների քննարկմանը կհանձնվի հեռուստատեսության մասին օրենքը:
«Արմենիա» հեռուստաընկերության տնօրեն Գագիկ Մկրտչյանն էլ ասաց, որ իրենք միշտ էլ պատրաստ են լսել գործընկերների խորհուրդները, մտավորականների առաջարկությունները, սակայն տնօրենը դժգոհեց, որ կան միայն եթերը դատապարտող մրցանակներ: «Իսկ ինչու՞ չկան խրախուսող մրցանակներ»,-հարցրեց Գ. Մկրտչյանը` թվարկելով «Արմենիա»-ի մի քանի փաստագրական-վերլուծական հաղորդումները: Ի վերջո, Գ. Մկրտչյանն էլ հաստատեց, որ հեռուստատեսությունը բիզնես է:
«Մենք տեսնում ենք հարցի լուծման մեր տարբերակը` ստեղծել մի մարմին, որը զբաղվի հեռուստատեսային բովանդակային, ժամային հեռարձակմամբ և վերահսկողությամբ»,-ասաց Նարեկ Մալյանը: Կամզակերպիչը կարևորեց հասարակության հետևողականությունն այս հարցում:
Քննարկումը ծավալվեց, իսկ վերջում ներկաները որոշեցին ստեղծել հասարակական կարծիքի միավորում, կազմել փաստաթուղթ, որը ստորագրեն մտավորականները, հետևողական լինել եթերի նկատմամբ և դիմումներ ուղարկել հասարակական լայն խավերին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել