Ինչպե՞ս են 225 և 300 հոդվածներն անցել վենետիկյան հանձնաժողովի փորձաքննությունը
Այսօր «Ուրբաթ» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ իրավաբանական գիտությունների թեկնածու Հրայր Թովմասյանը, անդրադաձավ Քր. Օր. 225 և 300 հոդվածների փոփոխություններին: Իրավաբանն ասաց, որ ժամանակ առ ժամանակ հանրության ուշադրությունը սևեռվում է օրենքի այս կամ այն հոդվածներին, որն այնքան էլ լավ երևույթ չէ, որովհետև սովորական պայմաններում դրանք չեն նկատվում, իսկ երբ գալիս է կիրառման պահը, տեսնում են, որ կան որոշակի խնդիրներ, երբեմն ահնասկանալի խնդիրներ: Իսկ իրավական անորոշությունն այնքան մեծ է, որ կարող է նույնիսկ տվյալ հոդվածների հակասահամանադրականության խնդիր առաջանալ: Նման հոդվածներից դարձել են Քր. Օր. 225 և 300 հոդվածները:
Բանախոսը զարմացած է այն փաստով, որ այս հոդվածները ժամանակին անցել են Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությունը և ստացել են դրական եզրակացություն; «Երբ կարդում ենք հոդվածը, տեսնում ենք ռուսերենից թարգմանության սխալ, ներքին հակասություններ, մի քանի հանցակազմեր իրար մեջ մտցված և անորոշություններ»,-ասաց Հրայր Թովմասյանը: Նա նշեց, որ միայն 225-րդ հոդվածում արդեն երեք խնդիրներ կան, որոնք դրա կիրառությունը դարձնում են հակասական:
225-րդ հոդվածը` զանգվածային անկարգությունները, չի սահմանված: Հոդվածը կարդալուց այդպես էլ չի հսկացվում, թե ինչով կարելի կլինի հստակ տարբերակել խուլիգանությունը զանգվածային անկարգությունից:
«Չսահմանելով զանգվածային անկարգությունը հոդվածը խոսում է զանգվածային անկարգության որակյալ մասի շուրջ` զանգվածային անկարգությունները, որոնք զուգորդվել են բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, գույքի ոչնչացումով և այլն»,-շարունակեց իրավաբանը:
Ըստ նրա` հոդվածի երկրորդ մասում խոսվում է զանգվածային անկարգությունների կազմակերպման մասին, իսկ դրանց մասնակցելու մասին որևէ խոսք չկա:
Առավել անհասկանալի է հոդվածի երրորդ մասը, երբ խոսվում է զանգվածային անկարգությունների մասին, որոնք զուգորդվել են սպանությամբ: «Այս հանցակազմը սահմանված է ՀՀ Քր. Օր. 104 հոդվածում: Եթե նայում ենք 104 հոդվածը և այստեղ, պատժաչափերը նույնն է, ապա ինչու ենք հատուկ այս հոդվածում էլ սահմանում դա, եթե այն արդեն սահմանված է 104 հոդվածում,-հարցնում է Հրայր Թովմասյանը և շարունակում,-այսօր «Յոթի գործ»-ով մեղադրվողներին մեղադրանք է առաջադրված 225-րդ հոդվածով, բայց նրանցից որևէ մեկը սպանություն չի կատարել, նրանց հանցակազմի մեջ սպանություն չկա»:
Իրավաբանական գիտությունների թեկնածուի կարծիքով, առավել բարդ է վիճակը 300-րդ հոդվածում` իշխանության յուրացնելը: Այստեղ միմյանց հետ խառնված է իշխանությունը զավթելը, իշխանությունը պահելը, սահմանադրական կարգը բռնի տապալելը, տարածքային ամբողջականությունը խախտելը. երեք հոդվածները լցված են մեկ հոդվածի մեջ:
«Հոդվածի վերնագրից պարզ է դառնում, որ մենք գործ ունենք ավարտված հանցակազմի հետ, իսկ ամբողջ հոդվածում խոսվում է ընդամենը դրան ուղղված գործողությունների մասին` իշխանության յուրացման փորձի կամ դրա նախապատրաստման մասին: Անհասկանալի է այս ձևակերպումները այն պարագայում, երբ Քր. օր.-ի ընդհանուր մասում արդեն իսկ սահմանվում է ծանր կամ առավել ծանր հանցագործությունների պատժաչափը: Իմաստ չուներ սահմանել ընդամենը գործողությունները»,-ասաց իրավաբանը:
Անհսկանալի է նաև իշխանության յուրացնելու սահմանումը: «Կարելի՞ է պետական իշխանությունը յուրացնել առանց Սահմանադրությունը խախտելու: Իսկ հնարավո՞ր է իշխանությունն առանց բռնության զավթելը»,-հարցնում է բանախոսը և փաստում, որ զավթելն արդեն իր մեջ բռնություն է պարունակում:
Ամփոփելով վերոնշյալները Հրայր Թովմասյանը առաջարկեց փոփոխությունների մեջ ներառել զանգվածային անկարգությունների սահմանումը, դրա հիմքում դնել այն, որ արդյոք այդ անկարգություններն իրական վտանգ էին ներկայացնում հասարակության անվտանգությանը, թե` ոչ: Դրանից հետո պետք է առանձնացնել` ով է կազմակերպիչը, ով է գործողությունը կատարողը, ով է պասիվ մասնակիցը: Իսկ պետական իշխանության «զավթելը» պետք է հստակ տարանջատել այն «պահելուց»:
Վերոնշյալ հոդվածների փոփոխության նպատակով ԱԺ-ում գործում է աշխատանքային խումբ, որի կազմած տեքստը արդեն հաջորդ շաբաթ` փետրվարի 19-ին, կհրապարակի վերջնական փոփոխությունները: Այն կփոխանցվի համապատասխան մասնագիտացված կառույցներին, հնարավոր է նաև Վենետիկի հանձնաժողովին:
Իրավաբանն ասաց, որ իրավական որոշակիության պարագայում, եթե փոփոխություններ կատարվի, ապա այդ հոդվածներով մեղադրվողների, ինչպես նաև այդ հոդվածներով դատապարտվածների համար սա կունենա հետադարձ ուժ և պատիժն էլ կմեղմացվի, իսկ դատավճիռները կվերանայվեն: Իսկ դեռևս դատավարության փուլում գտնվող անձանց համար փոփոխությունները համապատասխան հետևանքներ կունենան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել