HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտի մեկի հանրահավաքը կկայանա

Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը կկայանա մարտի 1-ին, ժամը 15:00-ին: Այս մասին այսօր «Հայացք» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Խոսնակը պատմեց, որ փետրվարի 9-ին Հայ ազգային կոնգրեսը դիմել է քաղաքապետարան մարտի մեկի հանրահավաք անցկացնելու մասին իրազեկելու համար: Համաձայն օրենքի` քաղաքապետարանը 72 ժամում պետք է պատասխան տար: ՀԱԿ-ի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը պատշաճ կերպով չի ծանուցվել քաղաքապետարանի որոշման մասին, ինչը, ըստ օրենքի, նշանակում է, որ հանրահավաքն ընդունված է ի գիտություն: Հանրահավաքի անցկացման համար ներկայացված էր երկու վայր` Մատենադարանը կամ Հյուսիսային պողոտան: Արման Մուսինյանի խոսքերով, հանրահավաքն ամենայն հավանականությամբ տեղի կունենա Մատենադարանում, իսկ վերջնական որոշման մասին լրացուցիչ կտեղեկացվի: Երեկ քաղաքապետարանի կայքում տեղադրվել է հաղորդագրություն, համաձայն որի` առաջարկվել է զանգվածային հրապարակային միջոցառումն անցկացնել «Դինամո» մարզահամալիրին հարող տարածքում: Իրազեկումը քննարկվել է Երևանի քաղաքապետարանում: «Չնայած կազմակերպչի ներկայացուցիչը պատշաճ ձևով ծանուցվել է իրազեկման քննարկման օրվա և ժամի մասին, սակայն քննարկմանը չի մասնակցել, և այն կայացել է նրա բացակայությամբ»,-ասված է հաղորդագրությունում: Համաձայն «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ կետի՝ «իրազեկման քննարկումն իրականացվում է անկախ կազմակերպիչների ներկայությունից»: Քննարկման արդյունքում ընդունված որոշմամբ` Երևանի քաղաքապետարանի կողմից արգելվել է մարտի 1-ին Երևան քաղաքի Մատենադարանին հարող տարածքում և Հյուսիսային պողոտայի հրապարակում հանրահավաքի, այնուհետև երթի անցկացումը: Քաղաքապետարանի կողմից կազմակերպչի ներկայացուցչին 11.02.2009թ. հ. 05/Զ-51ել. գրությամբ առաջարկվել է իրենց կողմից նախատեսվող հանրահավաքն անցկացնել իրազեկման մեջ նշված օրը և ժամին «Դինամո» մարզահամալիրին հարող տարածքում: Արման Մուսինյանը քաղաքապետարանի այս հաղորդագրությունը մեկնաբանեց հետևյալ կերպ. «Քննարկումից մեկ ժամ առաջ իրենք փոստով կարող են ծանուցումն ուղարկել, որ Արտակ Զռյնալյանը դա կստանա, ասենք` 4 օր հետո, իրենք դա համարում են ծանուցում, բայց փաստն այն է, որ 16:30 նշանակված քննարկման և քաղաքապետարանի որոշման մասին Ա. Զեյնալյանը սահմանված ժամկետում չի ծանուցվել: Քաղաքապետարանի որոշումն, ըստ էության, իրավական ուժ չունի»: Արման Մուսինյանն ասաց, որ մոտ 3,5 ամսվա հանրահավաքների դադարն իրեն արդարացրել է: Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործոնի պարագայում այն համարում է արդարացված: Կոնգրեսն այդ ժամանակահատվածում կենտրոնացել է իր ներքին կազմակերպչական խնդիրների վրա, և «այդ առումով իրենք շատ ուժեղ դիրքում են, որը հեշտացնում է քաղաքական պայքարը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter