Չախալյանների դատավարությունը չի կայացել վառելանյութ չլինելու պատճառով
Երեկ Ախալցխայի շրջանային դատարանում նշանակված էր «Միասնական Ջավախք» դեմոկրատարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանի ու նրա ընտանիքի անդամների դատավարությունը: Սակայն այն մեկ օրով հետաձգվել էր, քանի որ Վ. Չախալյանին չէին կարողացել տեղափոխել Ախալցխա վառելանյութի` բենզինի բացակայության պատճառով:
Դատական նիստըն այսօր էլ չի կայացել. Չախալյանին տեղափոխելու համար այդպես էլ վառելանյութ չի ճարվել և նիստը հետաձգվել է երկու շաբաթով` մինչև փետրվարի 25-ը:
Նախորդ դատական նիստին` հունվարի 28-ին Վ. Չախալյանը հացադուլ էր հայտարարել: Նա հացադուլի մեջ մնացել է մեկ շաբաթ, այնուհետև հյուծվածության պատճառով և հոր խնդրանքով` դադարեցրել է:
Հիշեցնենք, որ Չախալյանների գործում ներգրավվելու համար Ֆրանսիայից Վրաստան էր ժամանել հայազգի փաստաբան Պատրիկ Արապյանը: Նա ընդունված ընթացակարգով դիմել է Վրաստանի արդարադատության նախարարություն, որպեսզի օրինական ձևով կարողանա ներգրավվել գործում: Օրենքով սահմանված կարգով առավելագույնը մեկ ամսում դիմումին պետք է պատասխան տրվեր:
Երկու անգամ Պ.Արապյանի դիմումը մերժվել է իբրև որոշ փաստաթղթերի պակաս լինելու պատճառով, սակայն բոլոր պահանջվող նոր փաստաթղթերի հանձնումից հետո էլ արդեն անցել է մեկ ամիս, նրա դիմումի պատասխանը այդպես էլ չկա:
«Երկիր» միությունը մշտապես հետաքրքրվում է Պատրիկ Արապյանի ներգրավվման գործընթացով, սակայն նրանց մշտապես նույն պատասխանն է տրվում` «մենք չգիտենք, տեղյակ չենք, այդ հարցով զբաղվում է անձամբ նախարարը, դիմումը նրա սեղանին է...» և նմանատիպ այլ պատասխաններ:
Այսօր ևս Վրաստանի արդարադատության նախարարության միջազգային բաժնի ավագ մասնագետ Մայա Սաթանիան նույն պատասխանն է տվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել