HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանգնեցին, բայց դատը կրկին հետաձգվեց

7-i-dtaԱյսօր Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում պետք է լսվեր «Յոթի գործով» դատավարությունը: Սակայն, եթե նախորդ նիստերի ժամանակ մեղադրյալները ոտքի չէին կանգնում, ու դատավորը, կիրառելով սանկցիան, հետաձգում էր դատական նիստը, ապա այսօր սցենարը այլ էր: Մեղադրյալները մտան դատական դահլիճ և չնստեցին: Դատավորին ևս դիմավորեցին կանգնած ու կանգնած էլ մնացին` մինչև դատավորը չկիրառեց սանկցիան և հեռացավ: Դատավոր Մնացական Մարտիրոսյանի հորդորներին` նստել, մեղադրյալները չենթարկվեցին: «Մեզ ավելի հարմար է կանգնած, և որևէ նորմ, որ պահանջում է դատավարության մասնակիցները նստած լինեն` չկա: Կա նորմ, որով Դուք պահանջում եք ոտքի կանգնել, մենք կանգնել ենք,  չնստելու համար նորմ չկա»,-ի պատասխան` ասաց նախկին արտգործնախարար Ալ. Արզումանյանը: Հետո դատավորը սկսեց բոլոր մեղադրյալներին բացատրել դատական նիստի անցկացման կարգը, ըստ որի` նախագահողի կարգադրությունները պարտադիր են դատավարության մասնակիցների համար, իսկ դրանք չկատարելը նշանակում է` խոչընդոտել դատական նիստը: Այնուհետև մեղադրյալներին հերթականությամբ թույլ տրվեց արտահայտվել: Շանթ Հարությունյանը հրաժարվեց արտահայտվելուց, ասաց, որ կխոսի բոլորից հետո:  Մյասնիկ Մալխասյանը դատավորի պարզաբանումները լսելուց հետ օգտվեց իրեն ընձեռված հնարավորությունից և հակադրվեց դատավորին` ասելով, որ իրեն այդ կարգի մասին հիշեցնելու անհրաժեշտություն չկար, քանի որ ինքը որևէ հայտարարություն չի արել և առանց դատավորի թույլտվության որևէ բառ չի արտասանել: «Ես խորը հարգալից վերաբերմունք եմ ցույց տվել դատավարության մասնակիցներին, զոհվածների հարազատներին, որպեսզի դուք առիթ չունենաք անհարկի ձգձգելու այս դատավարությունը, և մեզ վրա գցելու այդ պատճառաբանությունը: Մենք այսօր հնարավորություն ենք տալու, որ սկսեք, և զոհվածների ընտանիքներին չբերեք այստեղ, առանց այն էլ նրանց վիշտը ծանր է, և Դուք այս ծանր մեղադրանքը բարդել եք մեր վրա»,- ավարտեց Մյասնիկ Մալխասյանը: Ալեքսանդր Արզումանյանն իր հերթին ասաց, որ կարգ ու կանոնը սահմանելու համար պետք է ողջամտության սահմաններ լինեն, իսկ կարգադրությունները` խելքի մոտ: Վկայակոչելով Քր. դատ. օրենսգիրքը` մեղադրյալն ասաց, որ չկա մի նորմ, որ բոլորը պետք է նստած լինեն: «Դուք նշեցիք, որ կանգնել է հարկավոր, մենք կանգնեցինք: 9 ամիս շարունակ, լինելով ապօրինի կալանքի տակ, մեզ վարկաբեկել են մամուլով, հեռուստատեսությամբ, ամենաբարձրաստիճան պաշտոնյաները` առանց մեզ հնարավորություն տալու որևէ պատասխան տալ: Երկու ամիս շարունակ նույն վարկաբեկման և խեղաթյուրման պատրվակով հանրապետության նախագահը Պրեսկոտին հանդիպում է ու հայտարարում, որ մենք ոտքի չենք կանգնում, դատը չի կայանում,-ասաց Ալ. Արզումանյանը և շարունակեց,-այստեղ եղած սպանվողների հարազատները, որոնց հարազատների տարին է լրանում, չեն կարող գերեզմաններ գնալ, գալիս են ստիպված այստեղ կանգնում: Նրանք նույնպես, խեղաթյուրելով ճշմարտությունը, ասում են, որ մենք չենք կանգնում, որ դատը չկայանա: Մենք ուզում ենք, մենք պատրաստ ենք ցանկացած բաց դատավարության` ի հեճուկս Ձեր բոլոր ապօրինի որոշումների, այդ թվում` լրագրողներին դուրս հանելու, մեր հարազատներին չբերելու, ինչ-որ սափրագլուխներ այստեղ նստեցնելու»,- բացատրեց Ալ. Արզումանյանը: Նա նույնիսկ ասաց, որ չի բողոքի, երբ Կ. Փիլոյանը իրեն ամբաստանյալ կոչի: «Ուզում է Փիլոյանը ինձ ամբաստանյալ ասի, թող ասի, ես ել կասեմ` գործ սարքող Փիլոյան, ով ոնց ուզում է, խնդիր չունենք, եթե «բեսպրեդելի» երկրում ենք ապրում, այդ «բեսպրեդելի» կանոններով էլ կշարժվենք, մենք կանգնած ենք, որևէ բան չենք խախտում: Եթե հետաձգում եք, ասեք պատճառը, հիմա էլ ասեք` չնստելու համար եք հետաձգում»,- շարունակեց նա: Ալեքսանդր Արզումանյանին դատավոր Մնացական Մարտիրոսյանը փորձեց ընդհատել, սակայն վերջինս շարունակեց. «Երբ էլ հեռուստատեսությունը կամ հարդուկը միացնես, Միկոյանն է խոսում և գնահատականներ տալիս: Դուք եթե ցանկություն ունենայիք նորմալ դատավարություն ընթանար, սա փակուղի չէ, նման դատավարություններ տասնյակներով են լինում, չէիք ուզում, մեզ դատական դահլիճ հրավիրեիք հինգ րոպե հետո, երբ Դուք արդեն նստած կլինեիք, և որևէ խնդիր չէր լինի, սա արհեստականորեն ստեղծված լարվածություն է»: Ալեքսանդր Արզումանյանը, նկատի ունենալով լրագրողներին դատարանի դահլիճից երկրորդ հարկ բարձրացնելու փաստը, շեշտեց, որ դատավորը առաջին նիստին որոշում է ընդունել դատարանի դահլիճում, հաջորդ նիստին` խախտել այն. «Մենք չենք ուզում նստել, որովհետև 12 ամիս է նստած ենք, հիմա կարող ենք մի քիչ էլ կանգնել, որևէ խնդիր չկա, մենք` յոթս էլ, պատրաստ ենք առանց խոչընդոտելու սկսել դատական գործընթացը»: Սասուն Միքայելյանը, դիմելով ժողովրդին, ասաց, որ իրենք մեղավոր չեն, մեղավորները մյուս թևում են. «Ես միայն մի բանի համար եմ ինձ մեղավոր ճանաչում, որ երբ տեսնում էի աչքիս առաջ մորթում էին տղերքին, ես զինվոր տղա` չկարողացա ոչնչով օգնել»: Գրիգոր Ոսկերչյանը այսօրվա ոտքի կանգնելը համարեց ոչ թե դատարանի և արդարադատության նկատմամբ հարգանքի նշան, այլ պարզապես ուզում է, որ նիստը շարունակվի: Ոսկերչյանն ասաց, որ չի կարող հավատալ արդարադատությանը, և դատավորին հիշեցրեց, որ երբ իր նկատմամբ բռնություն էր կատարվել, ոչ ոք ոչինչ չարեց, և դատավորն էլ չմիջամտեց, որպեսզի այդ հարցը պարզաբաներ: Շանթ Հարությունյանը չտիրապետեց իրեն և սկսեց դատավորին հարցեր ուղղել, թե՝ արդյոք դատավորի խիղճը չի՞ տանջում, «գետինը» չի՞ մտնում իր արարքների համար, և Շանթ Հարությունյանի հայհոյախառն արտահայտությունների ներքո, որոնք լրագրողներին լսելի չեղան, դատավորը կրկին կիրառեց սանկցիան և հեռացավ: Դատական հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 26-ին: Յոթի պաշտպաններից Հովիկ Արսենյանը դատական նիստի ավարտից հետո Հետքին պարզաբանեց, որ դատավորի յուրաքանչյուր կարգադրություն պարտադիր պայման չէ, և  եթե դատավորը ասի` պպզեք, մեղադրյալները չենթարկվեն, նա կարողանա դա որակել որպես դատարանի կարգադրություններին չենթարկվելու քայլ և դատական նիստը հետաձգել: «Այստեղ հիմքը բերվում է հետևյալում` դատարանի օրինական կարգադրություններ, եթե կանգնած են, որևէ խոչընդոտ գոյություն չուներ, այս անգամ չկարողացան ասել, որ անհարգալից էր մեղադրյալների վարքը, ընդամենը փնտրտուքի մեջ մտան այնքան ժամանակ, որ երկխոսություն առաջանար, առիթ էր պետք, որպեսզի հետաձգեին»,-ասաց պաշտպանը: Գայանե Առուստամյանն էլ փաստեց, որ դատավորը չի կիրառում այլ պատժամիջոցներ, օրինակ` գումար բռնագանձել վատ վարքագծի համար, քանի որ չգիտի իր անելիքը: «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը կարծում է, որ դատավորը, վերջիվերջո, պետք է որոշում կայացնի և շարունակի դատը. «Ես, իհարկե, չեմ ընդունում վիրավորանքները, բայց պետք է հաշվի առնել նրանց հոգեբանական վիճակը»: Արամ Կարապետյանի կարծիքով` այսօրվա սցենարն անակնկալ էր դատավորի համար, և դատավորը չգիտեր` ինչպես վարվել ու օգտվեց վերջին հնարավորությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter