Ռուսաստանում էթնիկ փոքրամասնությունների սպանությունների մեծ մասը կենցաղային հողի վրա են
Այսօր «Նովոստի» միջազգային կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտակարգ դեսպան Նիկոլայ Պավլովը դրական գնահատեց Ռուսաստանի կողմից 500 մլն դոլարի վարկ տրամադրելը Հայաստանին. «500 մլն դոլարը մեծ գումար է, մենք նաև 300 մլն դոլար տրամադրել ենք Ղրղզստանին: Սկզբունքորեն, մենք մոտ ընկերներին դժվար պահերին չենք թողնում մենակ, եթե կա հնարավորություն, անպայման օգնում ենք»,-մեկնաբանեց դեսպանը:
Իսկ թե համաշխարհային ճգնաժամի պարագայում ինչպիսի՞ն է լինելու ռազմավարությունը համագործակից երկրների միջև, առևտրի հարցերով Ռուսաստանի ներկայացուցիչը Հայաստանում` Ալ. Զայցեւը, պարզաբանեց, որ ոչ մի արտակարգ կամ նոր ծրագիր դեռևս չի մշակված, գլխավոր նպատակը եղած վիճակը պահպանելն է, երկրորդ միջուկային ռեակտորի շինարարությունը սկսելը, ինչպես նաև երկաթգծերի շինարարական աշխատանքները: Իսկ դեսպանը ավելացրեց ուրանի հանքավայրերի հայտնագործման եւ ուսումնասիրման համատեղ աշխատանքներ իրականացնելը:
Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության գործում Ռուսաստանի դիրքորոշմանը՝ դեսպանը նշեց, որ Ռուսաստանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում հանդես է գալիս որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, և «Ռուսաստանը հայտարարել և հայտարարելու է, որ կդառնա երաշխավոր այն համաձայնագրերին, որոնք կնքվել են ԼՂ-ի շուրջ»:
Հայ-ռուսական Սլավոնական համալսարանում կոռուպցիայի կոնկրետ դեպքերի մասին դեսպանը չէր լսել, սակայն, վկայակոչելով հայկական մամուլը, նշեց, որ կոռուպցիան ոչ միայն Սլավոնականում է, այլ Երևանի բոլոր բուհերում, և դրա դեմ ոչ միայն պետք է պայքարել Սլավոնականում, այլ կրթական ողջ համակարգում:
Ռուսաստանի վերաբերմունքը հայ-ամերիկյան հարաբերություններին չեզոք է. «Հայաստանը սուվերեն պետություն է, մենք Հայաստանի հետ ռազմավարական գործընկերներ ենք, Հայաստանը համագործակցում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ, ես` որպես Ռուսաստանի դեսպան, նախանձ չեմ զգում այդ պատճառներով»,- հավաստեց Նիկոլայ Պավլովը:
Իսկ Ռուսաստանի կողմից Հայաստանին 80 մլն դոլարի զենք տրամադրելու՝ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը դեսպանը չմեկնաբանեց:
Ռուսաստանում վերջին շրջանում էթնիկ փոքրամասնությունների, մասնավորապես հայերի սպանության դեպքերի աճին անդրադառնալիս՝ դեսպանը ցավով նշեց, որ նման դեպքեր տեղի են ունենում, և ասաց, որ այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ տարվում են իրավապահ մարմինների կողմից:
«Բայց պետք է նշեմ, որ այդ սպանությունների մեծ մասը տեղի են ունենում կենցաղային հողի վրա, կրիմինալ հարաբերությունների պարզաբանումների ժամանակ: Օրինակ` այսօր առավոտյան Մոսկվայում վրացու են սպանել, իսկ նա զբաղվում էր բիզնեսով, ոչ թե նրա համար, որ ինքը վրացի էր»,-եզրափկեց Ն. Պավլովը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել