
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովն այսօր «Նովոստի» միջազգային կենտրոնում ներկայացրեց հայ-ռուսական համագործակցության 2008 թ.-ի պատկերը: Դեսպանը նշեց, որ 2008-ը դժվար տարի էր տարածաշրջանի համար:
«Հարավային Կովկասի շրջանները 2008 թ.-ի օգոստոսին խորը ճգնաժամ ապրեցին: Եվ միայն Ռուսաստանի ջանքերով կազմակերպվեց խաղաղ բնակչության պաշտպանությունը և հաջողվեց կանխել Հարավային Օսիայի բնակչության ցեղասպանությունը»,-ասաց Նիկոլայ Պավլովը:
Անդրադառնալով ԱՊՀ երկրների հետ համագործակցությանը` Ն. Պավլովը փաստեց, որ Ռուսաստանի առաջնային գործընկերները հենց այս երկրներն են, և 2008 թ.-ին ընդունվել է ԱՊՀ երկրների տնտեսական ռազմավարության ծրագիր մինչև 2020 թվականը:
«Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, որի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումը հիմնվում է հայ և ռուս ժողովուրդների բարեկամության և պատմամշակութային անցյալի վրա»,- անցնելով հայ-ռուսական հարաբերություններին` ասաց դեսպանը:
2008-ը հագեցած է եղել քաղաքական համագործակցությամբ: 6 հանդիպում է կայացել Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միջև, այդ թվում նաև պաշտոնական հանդիպումները: Հայաստան են այցելել Պետդումայի խոսնակը, վարչապետը, ԱԳՆ, ՊՆ, Տրանսպորտի և Ներքին գործերի նախարարները և այլ գործիչներ:
Դեսպանը նշեց նաև Ս. Սարգսյանի և վարչապետ Տ. Սարգսյանի այցելությունները Ռուսաստան: Դրական գնահատեց նաև երկու երկրների օրենսդիրների համագործակցությունը: Նրա խոսքերով՝ զարգացում է ապրել նաև ռեգիոնալ համագործակցությունը. օրինակ` Ուրալի, Մոսկվայի շրջանի, Յարոսլավի,Սվերդլովսկի ու Հայաստանի մարզերի համագործակցությունը:
Ակտիվացել է նաև ռուս-հայկական հումանիտար և մշակութային համագործակցությունը: 2007 թ.-ին ռուսաց լեզվի տարի էր հայտարարվել Հայաստանում, 2008 թ.-ին` Ռուսաստանը Հայաստանի մշակութային տարին անցկացրեց: Երկու երկրների առաջին տիկինները անցած տարում բացել են Ռուսական գրքերի կենտրոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել