Լրագրողների դեմ բռնարարքները 2008թ-ին աննախադեպ են եղել
2008թ-ին գրեթե կրկնակի աճել են լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերը: Եթե 2003թ-ին արձանագրվել էր խախտումների ընդամենը 25 դեպք, ապա 2008թ-ին թիվը կրկնապատկվել է` 48: Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունների թիվը 2008թ-ին կազմել է 18, իսկ 2003թ-ին` 7: ԶԼՄ-ների և աշխատակիցների նկատմամբ տարբեր տեսակի ճնշումները նախորդ տարում 16 են եղել, 2003թ-ի 13-ի փոխարեն: Տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումը 2003թ-ի 5-ից 2008թ-ին հասել է 14-ի: Այս տվյալներն այսօր Հայաստանում ԶԼՄ-ների եւ լրագրողների իրավունքների խախտումների մասին 2008 թ. տարեկան զեկույցը ներկայացնելիս հրապարակեցին Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ու փորձագետ Մեսրոպ Հարությունյանը:
Քանի որ 2008թ-ը նախագահական ընտրությունների տարի էր, ապա զեկուցման թվային տվյալների համեմատությունը արված է 2003թ-ի հետ:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն նկատել է, որ երբ երկրում սրվում է քաղաքական իրավիճակը , ակտիվանում են նաև ճնշումները լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ: 2008թ-ը աննախադեպ է լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ բռնարարքների և ճնշումների թե քանակական, թե գրաքննության կիրառման առումով:
«Մինչև 2008թ.-ը մենք ասում էինք, որ Հայաստանում տարբեր մեթոդներով թաքնված գրաքննություն կա, բայց 2008-թ-ին կիրառվել է բացահայտ գրաքննություն, մասնավորապես մարտի 1-20-ը, երբ Երևանում հայտարարված էր արտակարգ դրություն: Դա իր ազդեցությունն է թողել և տնտեսական, և բարոյական, և ստեղծագործական առումներով»,-նշեց Աշոտ Մելիքյանը:
«Իրականում այս խախտումների քանակը շատ ավելին է, քանի որ շատ դեպքերում մեր լրագրողները չեն ուզում աղմուկ բարձրացնել, սեփական լուծումներ են գտնում»,-ասաց Աշոտ Մելիքյանը:
Զեկուցման հիմնական գործող անձը, որի նկատմամբ առավելապես բռնություններ է կիրառվել, «Առավոտ» և «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն է:
Մեսրոպ Հարությունը լրագրողների նկատմամբ կիրառված բռնություններից առանձնացրեց երկու դեպք, որովհետև երկու դեպքում եղել է պետական բարձրագույն մակարդակով արձագանք, սակայն դա որևէ հետևանք չի ունեցել: Առաջինը` օգոստոսի 18-ին Երևանի կենտրոնում հարձակման ու ծեծի է ենթարկված «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության երևանյան գրասենյակի ղեկավար Հրաչ Մելքումյանի դեպքն է: Հետևել է Սերժ Սարգսյանի արձգանքը, ով խստիվ ցուցում է տվել բացահայտել հանցագործներին:
Երկրորդը` նոյեմբերի 17-ին Երևանի կենտրոնում «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ, «Հետք» ինտերնետային թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանի վրա հարձակման դեպքն է: Վարչապետը հայտարարել էր, որ հանցագործությունը բացահայտվելու է, Ս. Սարգսյանն էլ կրկին խստիվ հանձնարարել էր իրավապահ մարմիններին բացահայտել հանցագործությունը: Երկու հանցագործությունն այդպես էլ բացահայտված չեն:
«Ես մտավախություն ունեմ, որ ամեն անգամ, երբ բարձրագույն ղեկավարությունը խիստ հանձնարարություն է տալիս բացահայտել հանցագործությունը, այդ հանցագործությունները, իմ կարծիքով, անմիջապես գնում են դեպի կոծկում և երբեք չեն բացահայտվում, չնայած չեն բացահայտվել և այն հանցագործությունները, որի ժամանակ այդպիսի ցուցումներ չեն եղել»,-նշեց Մեսրոպ Հարությունյանը:
Չեն պատժվել այն անձիք, ովքեր բացահայտ բռնություններ են կիրառել լրագրողների նկատմամբ, այն ժամանակ, երբ հայտնի են նրանց ով լինելը: Օրինակ` Գ. Շամշյանի նկատմամբ ոտնձգություննր ու բռնություններ կիրառած բոլոր ոստինականները հայտնի են, բայց առ այսօր ոչ ոք պատասխանատվություն չի կրել:
2008թ-ին լրագրողների նկատմամբ բռնությունները հաճախ իրականացվել են կամ հենց իշխանության ներկայացուցիչների կողմից, կամ նրանց ներկայությամբ, կամ էլ նրանց լուռ համաձայնությամբ:
2008թ-ին ԶԼՄ-ի վրա ճնշման հիմնական դեպքերը կապված էին «Գալա» հեռուստաընկերության հետ: Սակայն, ըստ Մեսրոպ Հարությունյանի, «Գալան» կարողացավ հաղթանակ տանել: Ճնշման օրինակ է նաև կառավարության «Առավոտի» հրապարակումների դեմ սկսած հետաքննությունը, որով փորձում էին «սխալ հանել» թերթին:
«Այն, ինչ կատարվեց, մարտի 1-20-ը, աննախադեպ էր Հայաստանի վերջին 19 տարիների, անկախ Հայաստանի պատմության համար»,-որակեցին փորձագետները: Մեսրոպ Հարությունյանի դիտարկմամբ, նույնիսկ Գորբաչովյան ձնհալի տարիներին գրաքննությունը մեղմացել էր:
«Մարտի 1-20-ը արգելվում էին թերթերի տպագրությունը, արգելափակված էին ինտերնետային կայքերը, այն դեպքում, երբ ՀՀ-ում արգելված է գրաքննությունը: Արտակարգ դրությունը մտցնելու հրամանագրում բառ անգամ չկա գրաքննության մասին, գրաքննություն իրականացրած անձանցից ոչ մեկն առ այսօր պատասխանատվություն չի կրել»,-փաստեց փորձագետը:
«Մեր կարծիքով նրանք պետք է պատժվեն, որպեսզի Հայաստանում երբեք որևէ մեկը գրաքննություն չիրականացնի, այն դեպքում, երբ պաշտոնական լրատվամիջոցները նույն ժամանակ հայհոյանքների տեղատարափ էր տալիս մյուս կողմի վրա, որովհետև մյուս կողմը պատասխանելու հնարավորություն չուներ, քանի որ չէր տեղավորվում «պաշտոնական լրատվության» սահմաններում: Հայաստանի լրատվամիջոցների համար դա սարսափելի հարված էր»,-ամփոփեց Մեսրոպ Հարությունյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել