Խարդախության 42 դեպք. Բաբկենի ընտանիքը կանգնած է անօթևան մնալու վտանգի առաջ
Հետքին նամակով դիմել է քաղաքացի Սուսաննա Հովսեփյանը, ով խնդրում է ուշադրության արժանացնել Էրեբունի համայնքի առաջին ատյանի դատարանում լսվող «Կարեն Հարությունյանն` ընդդեմ Բաբկեն Մելքոնյանի» գործը:
Արաքսյա Տեր-Հովսեփյանը պատմում է, որ իրեն շտապ հարկավոր է եղել 8 մլն դրամ: Տիկին Արաքսյան «Գինդ» թերթում պատահաբար հանդիպել է «Արսեն Բաղրամյան» ՍՊԸ-ի հայտարարությանը, որը գրավի դիմաց վարկեր է տրամադրում: Հայտարարության մեջ նշված է եղել միայն ոմն Արմենի անունը, որի հետ էլ որոշել են հանդիպել: «Արսեն Բաղրամյան» ՍՊԸ-ի հետ համաձայնության են եկել 3 % տոկոսադրույքով 6 մլն դրամ ստանալ` գրավ դնելով Սարի-Թաղ 12 փողոց, տուն 11 հասցեում գտնվող, տիկին Արաքսյայի որդուն` Բաբկեն Մելքոնյանին պատկանող տունն ու հողամասը: Հայտնվել է նաև ոմն Արթուրը, որն էլ ուղեկցել է Արաքսյա Տեր-Հովսեփյանին և նրա որդուն` Բաբկենին նոտարական գրասենյակ, որպեսզի այդ գործարքը վավերացնեն:
Չնայած նոտարական գրասենյակում հերթ է եղել, բայց Արթուր անունով անձին հաջողվել է արագ կազմակերպել այդ փաստաթղթի նոտարական վավերացումը: Բաբկեն Մելքոնյանը մեխանիկորեն, առանց կարդալու ստորագրել է իրեն մեկնված փաստաթուղթը: Այդ փաստաթղթով Բաբկենը ոմն Ռոբերտ Մարտիրոսյանի լիազորել է կարգավորել տան հետ կապված բոլոր հարցերը` գրավ դնել, գրավից հանել տունն ու հողատարածքը, կնքել անշարժ գույքի գրավի, հիպոթեքի վարկային փոխառության պայմանագրերը, կնքել համաձայնագրեր, կատարել փոփոխություններ պայմանագրում, ստանալ գումար, հանդես գալ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումում, նոտարական գրասենյակում, բանկերում և այլն: Բաբկեն Մելքոնյանի փաստաբան Սերգեյ Մկրտչյանը կատակով նշեց, որ Բաբկենն այդ փաստաթղթով «իրենց ողջ կյանքը լիազորել է այդ Ռոբերտին»: «Մենք գիտեինք, թե նոտարի մոտ գնում ենք «Արսեն Բաղրամյան» ՍՊԸ-ին 3 տարի ժամանակով մեր տունը գրավ դնելու և դրա դիմաց 6 մլն դրամ ստանալու պայմանն ամրագրելու համար»,- ասում է Արաքսյա Տեր-Հովսեփյանը: Տիկին Արաքսյան նաև խոստովանում է, որ երբևէ նման գործարքներ չեն կնքել, այդ պատճառով էլ չեն իմացել` ինչն ինչպես պետք է արվեր, և ընկել են մի խումբ խարդախների ձեռքը: Կենտրոն համայնքի նոտարական գրասենյակի նոտար Աիդա Աբրահամյանը, վավերացնելով վերոնշյալ լիազորագիրը, երկրորդ օրինակը չի տվել Բաբկենին: Արթուրը խոստացել է, որ երկրորդ օրինակը հաջորդ օրը ինքն անձամբ կտրամադրի տիկին Արաքսյային: «Այդ վաղը դարձավ ամիսներ»,-ասում է տիկին Արաքսյան:
Լիազորագիրը այդպես էլ չի տրամադրվել նրանց: Իսկ 6 մլն դրամը փոխանցվել է նրանց երեք ամիսների ընթացքում` մաս-մաս: Առաջին ամսվա տոկոսը վճարելուց հետո տիկին Արաքսյան այլևս հրաժարվել է տոկոս վճարել` մինչև իրենք չստանան բոլոր փաստաթղթերն ու օրինականացնեն իրենց քայլերը: Տարբեր պատճառաբանություններով փաստաթղթերը չեն տվել տանտերերին, իսկ հաջորդ ամիս տիկին Արաքսյան ծանուցագիր է ստացել, որ իրենց տունը հանում են աճուրդի: Վարկ տրամադրող ՍՊԸ-ն` ի դմես Ռոբերտ Մարտիրոսյանի, մեկ ամիս ժամկետով 20 մլն դրամ հիպոթեքային վարկ է վերցնում ոմն Կարեն Հարությունյանից` գրավ դնելով արդեն Բաբկեն Մելքոնյանի տունը: «Վարկ տրամադրում են բանկերը և արտոնագրված վարկային կազմակերպությունները, իսկ այդ անձինք խաբեությամբ, շահելով իմ պաշտպանյալների վստահությունը, խարդախությամբ ցանկացել են մեծ գումարներ ձեռք բերել»,- ասում է Սերգեյ Մկրտչյանը:
Իր հերթին, Կարեն Հարությունյանը, լիենլով ֆիզիկական անձ և չունենալով բանկային գործարքներ կնքելու լիազորություն, դատի է տվել Բաբկեն Մելքոնյանին: Կարեն Հարությունյանը դիմել է դատարան` գրավ դրած տունը ստանալու և այն աճուրդի միջոցով վաճառելու և այդ գումարով 20 մլն դրամ վարկը փակելու հայցով: Ռոբերտ Մարտիրոսյանը աշխատել է «Արսեն Բաղրամյան» ՍՊԸ-ի մեկ այլ կառույցում` տրիկոտաժի արտադրամասում որպես ձևարար և ճանաչել է Արսենին մոտ 20 տարի: «Արսենի խնդրանքով ես հիմա այս իրավիճակում եմ հայտնվել, եթե ես իմանայի, որ ինչ-որ օրենքի խախտում կամ այսպիսի հետևանքներ են լինելու, ես այն մարդը չեմ, որ ուրիշի հանդեպ թույլ տամ նման բան: Ես համ իմ մեղքի բաժինն ունեմ, որ որպես աջակից եմ հանդես եկել, չնայած չեմ իմացել, թե ինչ գործարքներ են, ուղղակի Արսենին ես ճանաչում էի 20 տարի և վստահում էի, բայց նաև ես էլ եմ տուժել Արսենի այդ գործարքներից»,- պատմեց Ռոբերտ Մարտիրոսյանը: Նրա խոսքերով` Արսենը խոստացել է մոտ 2 շաբաթում լուծել բոլոր հարցերը, ասել է, որ միայն մի փաստաթղթի վրա պետք է Ռոբերտի ստորագրությունը: Ռոբերտ Մարտիրոսյանը լիազորագրի մասին տեղեկացել է միայն այն ժամանակ, երբ կնքվել է գործարքը Կարեն Հարությունյանի հետ: Իսկ Կարեն Հարությունյանի գործարքի բովանդակությանը ծանոթ չի եղել: Արսենի գործարքներից մեկի պատճառով գրավ է դրված նաև Ռոբերտ Մարտիրոսյանի տունը, որի մասին, սակայն, վերջինս մանրամասներ չցանկացավ հրապարակել: ՀՀ քննչական գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցված Արսեն Բաղրամյանի և մյուսների նկատմամբ` խարդախաության և այլ հոդվածներով նմանատիպ 42 դեպքերի կապակցությամբ: Արսեն Բաղրամյանը ձերբակալված է: Մինչդեռ դեկտեմբերի 23-ին Էրեբունի համայնքի առաջին ատյանի դատարանը արդեն սկսել է քննել «Կարեն Հարությունյանն` ընդդեմ Բաբկեն Մելքոնյանի» գործը: Բաբկեն Մելքոնյանի շահերի պաշտպան Սերգեյ Մկրտչյանն ասում է, որ դատարանն իրավունք չուներ քննել այս գործը, մինչև չավարտվեր քրեական գործի քննությունը: Ավելին, Էրեբունու առաջին ատյանի դատարանի իրավասության տակ չպետք է քննվեր այս գործը, քանի որ 5 մլն դրամից ավելի գումարներին առնչվող հայցերը պետք է քննվեն Քաղաքացիական դատարանում: «Դատավորն իրավունք չուներ վարույթն ընդունել, խախտել է օրենքը, պատճառները կարող են տարբեր լինել»,- ասում է փաստաբանը: Դեկտեմբերի 23-ին Էրեբունու առաջին ատյանի դատարանում տեղի է ունեցել առաջին դատական նիստը: Փաստաբանը միջնորդել էր կասեցնել դատավարությունը մինչև քրեական գործի ավարտը, դատավորը մերժել է միջնորդությունն առանց հիմնավորման: Մերժվել է նաև գործը Քաղաքացիական դատարան ուղարկելու` փաստաբանի հաջորդ միջնորդությունը: Դատավարությունը նախագահող դատավոր Հերբերտ Մարգարյանը չի ընդունել և նույնիսկ քննության չի առել փաստաբանի ինքնաբացարկի միջնորդությունը և անմիջապես հեռացել է դատարանի դահլիճից` ինքնաբացարկի միջնորդությունը թողնելով սեղանին: Ի դեպ, դատական նիստին ներկա չեն եղել ո'չ Ռոբերտ Մարտիրոսյանը, ո'չ էլ Կարեն Հարությունյանը: Հետքին դիմած Սուսաննա Հովսեփյանը ապրում է Ռուսաստանի Դաշնությունում և Բաբկեն Մելքոնյանի բարեկամն է, ով մտահոգվում է Բաբկենի ընտանիքի հետագա ճակատագրով. «Հուսով եմ, որ իմ հայրենիքը և նրա ղեկավարները ձեր միջոցով թույլ չեն տա անարդարություն Բաբկեն Մելքոնյանի և նրա նորաստեղծ ընտանիքի` երեք երեխաների և 80-ամյա ծնողների նկատմամբ, որոնք կմնան առանց տանիքի մի կոմերսանտ-չինովնիկի ու մարդու իրավունքներն ու ազատությունները չհարգող դատավորի քմահաճույքի պատճառով»,- գրում է Ս. Հովսեփյանը: Բաբկենին այդ տունը կտակել է իր պապիկը` Բաբկեն Մելքոնյան ավագը: Իսկ Բաբկեն կրտսերը ստանձնել է իր պապիկի եւ տատիկի խնամակալությունը: «Նրանք չգիտեն էլ տան հետ կապված այս բոլոր խնդիրների մասին, չգիտեմ` որ իմանան ինչպես են դրան դիմանալու»,-մտահոգվում է տիկին Արաքսյան: Հունվարի 8-ին կայացած նիստի ընթացքում Կարեն Հարությունյանի հայցը բավարարվել է: Բաբկեն Մելքոնյանի ընտանիքն այժմ կանգնած է անօթևան մնալու վտանգի առջև: Սակայն փաստաբան Սերգեյ Մկրտչյանն ասում է, որ իրենք անպայման դիմելու են վերաքննիչ դատարան և բողոքարկելու են Էրեբունու առաջին ատյանի դատարանի որոշումը: ՀՀ քննչական գլխավոր վարչության քննիչ Լյուդվիգ Ավետիսյանը տիկին Արաքսյային վստահեցրել է, որ տունը կալանքի տակ կվերցնեն այնքան ժամանակ, մինչև ավարտվի քրեական գործի քննությունը և պարզվեն բոլոր հանգամանքները:
Մեկնաբանել