ՄԻ պաշտպանի գրասենյակը նշում է ստեղծման 5-ամյակը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը իր 5-ամյա գործունեության ընթացքում մի կարևոր հաջողուղություն է արձանագրել. հասել է նրան, որ և' ընդդիմությունը, և' իշխանությունը հասկացել են, որ ՄԻՊ-ը ոչ մի կառույցի մաս չի կազմում, և պաշտպանը ավելի շատ կարող է միջնորդ հանդիսանալ ու լինել անկախ: Այսօր մեկնարկած ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 5-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովին լրագրողների հետ զրույցում նշեց ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանը:
Արմեն Հարությունյանը մոտավոր թվերով ամփոփեց 5-ամյա գործունեության արդյունքները. այս ընթացքում ՄԻ պաշտպանի գրասենյակը ստացել է մոտ 23-24 հազար դիմում: Տարեկան` մոտ 6000 դիմում, իսկ վերջին երեք տարվա կտրվածքով` 18 հազար դիմում: Բողոքները հիմնականում վերաբերում են արդար դատաքննության, սեփականության իրավունքների խախտմանը:
Խոսքի ազատության և արդար դատաքննության իրավունքների վիճակը ներկայացնելիս` ՀՀ ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանը նշեց, որ ստրազբուրգյան Եվրադատարանում 100 հազարից ավելի դիմումներ կան, որից մոտ 1000-ը` Հայաստանից, այսինքն` 1 տոկոսը: «Մեր քաղաքացիները Ստրասբուրգի դատարանը դիտարկում են որպես միակ միջոց, որտեղ արդար քննություն է կատարվում»,-ասաց Արմեն Հարությունյանը:
ՄԻ պաշտպանը նաև նշեց, որ վերջին 6-7 տարիների ընթացքում ոչ մի քաղաքացու` սեփականության իրավունքին վերաբերող դիմումներին դրական դատավճիռ չի կայացվել, որն արդեն իսկ ահազանգ է արդար դատաքննության իրավունքի նկատմամբ:
Ղարաբաղում ՄԻ պաշտպանի հաստատությունը հիմնադրվել է 2008թ-ի ապրիլին, և անցյալ տարվա 7-ամսյա կտրվածքով արդեն 300 քաղաքացուց դիմում են ստացել:
«Դիմումները վերաբերում են հիմնականում սոցիալական իրավունքների, աշխատանքային օրենսդրության, զիվորների իրավունքների պաշտպանության հարցերին»,-ասաց գիտաժողովի մասնակից` Ղարաբաղի ՄԻ պաշտպան Յուրի Հայրապետյանը:
Ղարաբաղի ՄԻ պաշտպանի գնահատմամբ, Ղարաբաղում իսկապես ՄԻ պաշտպանի հաստատություն ստեղծելու կարիքը կար. «Երկրում ժողովրդավարությունը զարգացնելու ձևերից մեկը այս ինստիտուտի ստեղծումն էր: Մենք կարևորեցինք այդ հանգամանքը և ընդգրկեցինք Սահմանադրության մեջ»:
Իսկ հիմնական խոչընդոտը, ըստ Յուրի Հայրապետյանի, պաշտոնյաների հետ ունեցած տարաձայնություներն են և նրանց անտարբերությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել