Հակասահմանադրական ճանաչված Արտակարգ դատարանը չընդունեց ինքնաբացարկը
Երեկ` դեկտեմբերի 17-ին, Հյուսիսային քրեական դատարանում շարունակվեց Մատաղիսի գործի քննությունը: Հիշեցնենք, որ 23-ամյա Արայիկ Զալյանը, Ռազմիկ Սարգսյանն ու Մուսա Սերոբյանը մեղադրվում են զինծառայողներ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ:
Դատաքննության սկսվելուն պես ամբաստանյալ Արայիկ Զալյանը ներկայացրեց իրենց փաստաբանի` Ստեփան Ոսկանյանի գրավոր միջնորդությունը առ այն, որ այս գործով ստեղծված դատարանը, լինելով հակասահմանադրական, պարտավոր է ինքնաբացարկ հայտնել: Տեղեկացնենք, որ Արայիկ Զալյանը դեռևս 2008 թ. օգոստոսի 21-ին դիմել էր Սահմանադրական դատարան` վիճարկելով վերոհիշյալ դատարանի լեգիտիմությունը:
Այս գործով ստեղծված դատարանի երկու դատավորները` Արմեն Խաչատրյանն ու Մարտին Սարոյանը, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ են, որոնք, ըստ փաստաբանների, իրավունք չունեն խառնվելու Հյուսիսային քրեական դատարանի գործերի մեջ:
Այս կապակցությամբ փաստաբաններից մեկը`Հայկ Ալումյանը, դեռևս օգոստոս ամսին «Հետքին» բողոքել էր` ասելով. «Այդ երկու դատավորները բոլորովին ուրիշ դատարանի դատավորներ են, և Վճռաբեկ դատարանի նախագահը կամայականորեն կոնկրետ էս գործը քննելու համար է նրանց ուղարկել այս դատարան: Օրենքը կարգ ունի, թե ոնց է դատավորը նշանակվում` Արդարադատության խորհրդի ներկայացմամբ, հանրապետության նախագահի հրամանագրով: Իսկ Վճռաբեկ դատարանի նախագահը չգիտես ինչ չափանիշներով է առաջնորդվել, երբ որոշել է, որ հենց այս երկու դատավորը պետք է գան այս գործը քննեն, այսինքն` սա արտակարգ, կարգից դուրս դատարան է, իսկ արտակարգ դատարանի ստեղծումը թե' մեր Սահամանդրությամբ, և' թե բոլոր նման իրավիճակները կարգավորող հայտնի նորմերով արգելված երևույթ է: Անգամ ոչ թե որոշակի ժամկետով, որոշակի իրավիճակից ելնելով են էս մարդիկ գործուղված, այլ կոնկրետ էս գործը քննելու համար: Դուք պատկերացնում եք` այս գործի համար հատուկ դատարան է ստեղծվել: Այս դատարանը իրավունք չունի դատական նիստ գումարել, իրավունք չունի գոյություն ունենալ այս կազմով, ես անգամ իրավունք չունեմ դատական նիստին մասնակցելու»:
Դեկտեմբերի 2-ին Սահմանադրական դատարանը բավարարեց ամբաստանյալ Արայիկ Զալյանի հայցը, այսինքն` Սահմանդրական դատարանը վերհոշյալ կազմով դատարանի ստեղծումը ճանաչեց ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր: Սակայն երեկ նախագահող դատավոր Հարություն Մովսիսյանը, անտեսելով Սահմանադրական դատարանի որոշումը, մերժեց փաստաբան Ստեփան Ոսկանյանի` դատարանի ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը և դատական նիստը հետաձգեց մինչև դեկտեմբերի 26–ը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել