Հանրապետությունում չեն արձանագրվում կառավարելի վարակիչ հիվանդություններ
Դեկտեմբերի 15-ին «Ազատություն» ռադիոկայանը հրապարակել էր Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի բարեգործական հիմնադրամի վերջին ուսումնասիրությունները, համաձայն որի աշխարհի ավելի քան երեք տասնյակ երկրներ ուռճացրել են պատվաստման ենթակա երեխաների թիվը և մեծ գումարներ ստացել դոնոր կազմակերպություններից: Ամենամեծ տարբերությունը կառավարությունների ներկայացրած թվերի ու անկախ փորձագետների տվյալների միջև գրանցվել են 4 երկրներում, որոնցից մեկը Հայաստանն է:
«Ազատություն» ռադիոկայանի կայքէջը վկայակոչում է «Հանուն պատվաստումների և իմունիզացիայի» միջազգային դաշինքի կայքէջը, համաձայն որի` դաշինքից Հայաստանը ստացել է 750 հազար ամերիկյան դոլար: Նույն օրը Առողջապահության նախարարությունը «Հետքին» պարզաբանել էր, որ «Հանուն պատվաստումների և իմունիզացիայի» միջազգային դաշինքը (ԳԱՎԻ) Հայաստանի Հանրապետությանն օժանդակել է 2001 թվականից Հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումներ իրականացնելու համար, իսկ օժանդակությունը եղել է պատվաստանյութերի և պատվաստումների համար օժանդակ պարագաների տեսքով ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի միջոցով: Դրամի տեսքով ԳԱՎԻ-ն Հայաստանին տրամադրել է ընդամենը 80.000 ամերիկյան դոլար` իմունիզացիայի ծառայությունների հզորացման նպատակով:
Նշված գումարից 30. 000 դոլարը ծախսվել է մինչև 2006 թվականը, մնացածը դեռևս իմունիզացիայի ազգային ծրագրի արտաբյուջեում է: Առողջապահության նախարարության կայքէջը տեղեկացնում է, որ առաջին ծրագրով հեպատիտ Բ պատվաստանյութը և օժանդակ պարագաները (571 000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ) ձեռք է բերվել և երկիր ներկրվել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջոցով` ԳԱՎԻ-ի ֆինանսավորմամբ:
Իսկ երկրորդ ծրագիրը դրամաշնորհային է, որի շրջանակներում իմունիզացիայի ծառայությունների հզորացման համար դաշինքը 2001-2004 թթ. հատկացրել է 179 860 ԱՄՆ դոլար, որը յուրաքանչյուր փոխանցման ընթացքում փոխարկվել է հայկական դրամի և կազմել է 91 281 000 դրամ: 2001-2008թթ. իմունիզացիայի ծառայությունների համար օգտագործվել է 58 158 000 դրամ, ներկայում այդ հաշվում առկա է 33 123 000 դրամ:
«Այս գումարները ծախսվում են համաձայն տարեկան նախահաշվի, որը հաստատում են ՀՀ առողջապահության և ֆինանսների նախարարները: Առողջապահության նախարարության կողմից արտաբյուջետային միջոցների ծախսերը և հաշվետվությունների ներկայացումը ֆինանսների նախարարություն կատարվում է սահմանված կարգով` պետական բյուջեի ծախսերին համահունչ»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ներկայումս ՀՀ-ում իմունականխարգելման ազգային ծրագրի արդյունավետ գործադրման շնորհիվ հանրապետությունում չեն արձանագրվում այնպիսի կառավարելի վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք են` պոլիոմիելիտը, դիֆթերիան, փայտացումը, կարմրուկը, կարմրախտը, իսկ հեպատիտ Բ և կապույտ հազ հիվանդություններն արձանագրվում են միայն եզակի դեպքերի ձևով:
««Ազատություն» ռադիոկայանի տրված հաղորդագրությունը, որը վերաբերում էր 193 երկրի պատվաստումների հետ կապված հետազոտությանը, իր մեջ պարունակում է տարբեր տեղեկատվական աղբյուրներից հապշտապ վերցրած տվյալների հանրագումար, որը դեռևս փորձագիտական և մասնագիտական գնահատականի չի արժանացել և իր մեջ պարունակում է և' թվային, և' բովանդակային անճշտություններ»,- հայտնում է Առողջապահության նախարարությունը և նշում, որ անգնահատելի է ԳԱՎԻ կազմակերպության աջակցությունը մեր երկրին, և համագործակցությունը վերջինիս հետ շարունակական բնույթ է կրելու:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել