Մասիս Մայիլյան. «Մշտապես պետք է հիշենք` 15 տոկոսն այն տարածքների, որոնց վրա հռչակվել է ԼՂՀ-ն, ցայսօր զավթված են մնում Ադրբեջանի կողմից»
Նոյեմբերի 2-ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ստորագրել են հռչակագիր՝ Ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ: «Հետք»-ի խնդրանքով այն մեկնաբանում է ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը:
- Պարոն Մայիլյան, ինչպե՞ս կմեկնաբանեիք վերոնշյալ հռչակագիրը, եւ ինչպե՞ս կգնահատեիք այդ փաստաթղթի ընդունումը:
- Ընդունված հռչակագիրը կարելի է որակել որպես հավասարակշիռ փաստաթուղթ: Ռուսաստանյան ԶԼՄ-ներն արդեն նշել են, որ վերջին 14 տարիների ընթացքում նախագահներն առաջին անգամ են նման փաստաթուղթ ընդունում: Ակնհայտ տարբերությունն այն է, որ նախորդ փաստաթղթերը ընդունվել են լիարժեք ձեւաչափով՝ ԼՂՀ պաշտոնական ներկայացուցիչների մասնակցությամբ: Հռչակագրում դրական եմ համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդի կարգավիճակի պահպանումը, հակամարտության քաղաքական կարգավորման հակվածությունը, իսկ վստահության ստեղծմանն ուղղված կոնկրետ քայլերի իրականացումը ցույց կտա, թե որքանով են կողմերը պատրաստ «...նպաստել Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանը եւ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության մթնոլորտի հաստատման ապահովմանը...»: Կարեւոր է, որ մենք որոշակի թայմ-աուտի հնարավորություն ենք ստացել, որն անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել՝ հակամարտության կարգավորման մեր ազգի համար վտանգավոր սցենարների ընդունման եւ իրականացման կանխարգելման նպատակով Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի ներուժը մոբիլիզացնելու համար: Եվ հենց տարածքների պաշտպանության եւ ազգային ինքնության պահպանման եւ նմանօրինակ հարցերի շուրջ է անհրաժեշտ ազգի միասնականությունը, ընդ որում` նրա ամեն մի բաղկացուցիչը պետք է իր դերը խաղա:
- Պարոն Մայիլյան, ինչպե՞ս եք վերաբերվում ազատագրված տարածքների խնդրին եւ Ղարաբաղյան կարգավորման գոտում միջազգային խաղաղարար ուժերի հնարավոր տեղակայմանը:
- Այդ հարցերի վերաբերյալ արդեն վաղուց ունեմ իմ դիրքորոշումը եւ մեկ անգամ չէ, որ հրապարակայնորեն արտահայտել եմ: Կրկնեմ մեկ անգամ եւս։ Մեր հասարակության համար տարածքների խնդիրն, անկասկած, ամենակարեւոր տարրն է Արցախի ժողովրդի անվտանգության եւ պետական անկախության իրավունքի իրագործման եւ պաշտպանության գործում: Պաշտոնական Բաքուն հաճախակի է հղում կատարում Ադրբեջանի Հանրապետության միջազգային ճանաչման վրա՝ կամայականորեն իր օգտին մեկնաբանելով «միջազգայնորեն ճանաչված սահմաններում» արտահայտությունը, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Հարկ է նշել, որ միջազգային իրավունքում պետության ճանաչումը ինքնաբերաբար չի նշանակում սեփական հռչակված սահմանների ճանաչում։ Համաշխարհային փորձը վկայում է, որ սահմանակից երկրների միջեւ տարածքային սահմանազատումը կարող է լուծվել միայն ու միայն միմյանց պետական անկախության ճանաչման դեպքում։ Առանց կողմերի միջազգային իրավասուբյեկտության եւ պետական անկախության ճանաչման տարածքային սահմանազատման հարցերի լուծման ցանկացած փորձ իրավաչափ չէ։ Ես գտնում եմ, որ պիտի խոսվի ոչ թե տարածքների, այլ ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի Հանրապետության միջպետական սահմանի հստակեցման մասին, իսկ ԼՂՀ-ի եւ ԱՀ-ի միջեւ դե-ֆակտո գոյություն ունեցող սահմանների զատման հարցերով միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը հնարավոր է Ադրբեջանի կողմից Արցախի պետական անկախության ճանաչման դեպքում միայն։ Սահմանազատման ընթացքում էլ պետք է ելնել ԼՂՀ սահմանադրությունում իրավական ձեւակերպում ստացած տարածքային իրողություններից` նկատի ունենալով, որ ԼՂՀ-ի համար միակ չափանիշը կարող է լինել Արցախի քաղաքացիների՝ ֆիզիկական անվտանգության եւ պետական անկախության իրավունքի ապահովման հրամայականը։ Ինձ համար միանգամայն ակնհայտ է, որ մեր երկիրը չի կարող ինքնուրույն զարգանալ եւ ապահովել ռազմական եւ պարենային անվտանգությունը ԼՂԻՄ-ի ի սկզբանե ոչ իրավազոր անկլավային սահմաններում։ Քննարկելով տարածքների եւ սահմանների հարցերը` մենք մշտապես պետք է հիշենք նաեւ այն հանգամանքի մասին, որ 15 տոկոսն այն տարածքների, որոնց վրա հռչակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ցայսօր զավթված են մնում Ադրբեջանի կողմից: Ինչ վերաբերում է հակամարտության գոտում խաղաղության պահպանման նպատակով միջազգային ուժերի հնարավոր տեղակայմանը, ապա գտնում եմ, որ ԼՂՀ-ում զինված ուժերի հայտնվելը, թող որ նույնիսկ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների դրոշի ներքո, անխուսափելիորեն կհանգեցնի մեր ինքնիշխանության կտրուկ սահմանափակմանը։ Այն հանգամանքը, որ ԼՂՀ ինքնիշխանությունը դեռեւս միջազգային հանրության կողմից չի ճանաչվել, եւ մենք ներկայացված չենք վերոնշյալ կառույցներում, կարող է հանգեցնել նրան, որ մեր երկիրը անկարող կլինի նույն այդ ուժերի վրա ներգործել միջազգային որեւէ իրավունքով երաշխավորված լծակներով։ Նման պայմաններում խաղաղարար ուժերի հնարավոր տեղաբաշխումը, որի մասին, ենթադրաբար, խոսվում է նոյեմբերի 2-ին ընդունված հռչակագրի 3-րդ կետում, արմատապես կհակասի մեր ազգային շահերին։ Մենք չենք կարող սահմանափակել մեր պետական ինքնիշխանությունը՝ չստանալով դրա միջազգային համապարփակ ճանաչումը։ Բացի այդ, բոլորին է հայտնի, որ Ադրբեջանի ու ԼՂՀ-ի միջեւ կրակի դադարեցումը խարսխված է բացառապես կողմերի ռազմաքաղաքական հավասարակշռության ստեղծված համակարգի վրա, որում մեզ պարտադրված պատերազմի ընթացքում ազատագրված տարածքներն ունեն ռազմավարական գործառույթ։ Այն երկրներն ու կազմակերպությունները, որոնք արտահայտում են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման գործում իրենց շահագրգռվածությունը, տրամաբանորեն պիտի պահպանեն այդ ռազմավարական հավասարակշռությունը, սթափ գնահատեն իրավիճակի ամբողջ բարդությունն ու փխրունությունը, նախաձեռնեն եւ պնդեն այնպիսի քայլերի անհրաժեշտությունը, որոնք միանշանակորեն կնպաստեն հրադադարի ռեժիմի ամրապնդմանը, տարածաշրջանային կայունության եւ հանդուրժողականության մթնոլորտի ստեղծմանը համակարգային ապահովմանը։ Այս պարագայում կիմաստազրկվեն խաղաղարար ուժերի տեղաբաշխման անհրաժեշտության մասին խոսակցությունները։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել