HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

5-րդ համահայկական խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողություն` Գանձասարում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 2-ին Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցում մասնակցել է 5-րդ համահայկական խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողության եւ հանդես եկել ողջույնի խոսքով:

«Ուրախ եմ ողջունել բոլորիդ Արցախյան հինավուրց հողում: 
Այսօր մենք մասնակցում ենք չափազանց կարեւոր ու խորհրդանշական մի միջոցառման: Հաշված րոպեներ անց Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցում կվառվի 5-րդ համահայկական խաղերի ջահը: Եվ սա պատահական չէ: Վերջին 20 տարիների ընթացքում Արցախը դարձել է համայն հայության համախմբման խորհրդանիշ: 

Նման միջոցառումները նույնպես հանդիսանում են Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ ու անսասան եռամիասնության վկայությունը: Նաեւ այդ եռամիասնության շարունակական ամրապնդման տեսանկյունից ենք մենք կարեւորում համահայկական խաղերի դերը, որոնք իրենց բնույթով ոչ միայն մրցումներ են, այլեւ մեր ժողովրդի համերաշխության ու միասնականության եւս մեկ դրսեւորում: Հաղթական ոգին պետք է միշտ ամուր լինի յուրաքանչյուր հայի մոտ եւ ուղեկցի մեզ մեր անխախտ ճանապարհին: 

Այս խաղերին աշխարհի տարբեր քաղաքների հավաքական թիմերի հետ միասին կմասնակցեն նաեւ արցախցի մոտ 100 մարզիկներ: Նրանք քրտնաջան աշխատել են եւ պատրաստ են արժանիորեն մասնակցելու ու պայքարելու մրցանակային տեղերի համար: Մենք Արցախում համակ ուշադրությամբ կհետեւենք խաղերի ընթացքին եւ մեր մարզիկների մասնակցությանը:

5-րդ համահայկական խաղերի բոլոր մասնակիցներին ես մաղթում եմ հաջողություն ու ամենայն բարիք: Թող այս խաղերը նոր ուժ ու եռանդ հաղորդեն ձեզ եւ դառնան ավելի մեծ հաղթանակների սկիզբ»:

Արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Համահայկական խաղերի միջազգային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, բազմաթիվ հյուրեր Հայաստանից եւ Սփյուռքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter