HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեթյու Բրայզա.«Չի կարող համաձայնագիր լինել առանց Լեռնային Ղարաբաղի համաձայնության»

Այսօր Ղարաբաղ այցելած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ճեպազրույցի ժամանակ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան լրագրողների խնդրանքով մեկնաբանել է լրատվամիջոցներում հայտնված` Բաքվում կատարած իր վերջին հայտարարությունը, թե Ղարաբաղը պետք է հողերը վերադարձնի Ադրբեջանին: Նա այդ առնչությամբ մասնավորապես նշել է.«Ես չեմ դա ասել, դա ասել են Ադրբեջանի շատ տաղանդավոր լրագրողները: Ինչ-որ մեկն ուզում է օգտագործել բոլոր խոսքերը` ի օգուտ այս կամ այն կողմի: Ինչ ես ասել եմ, դա այն է, որ եթե լինի պայմանագիր, դա կլինի բալանսավորված, ու պետք է արտահայտի եւ ադրբեջանական, եւ հայկական կողմի շահերը: Այո, մենք հուսով ենք, որ կլինի զորքերի դուրսբերում, եւ ոչ միայն` նաեւ միջանցք եւ այլն: Դրանք միջազգային նորմեր են, որոնք արտահայտված են մոսկովյան հռչակագրում, եւ որոնք կմտցվեն համաձայնագրում: Խոսքը ոչ միայն մեկ տարվա մասին է: Շատ էլեմենտներ կան»:

«Իսկ ինչ կլինի, եթե Ղարաբաղի ժողովուրդը չհամաձայնվի այդ համաձայնագրի հետ» հարցին նա պատասխանել է, որ չի կարող համաձայնագիր լինել` առանց Լեռնային Ղարաբաղի համաձայնության: Իսկ ռուսաստանցի համանախագահը շարունակելով գործընկերոջ միտքը շեշտել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության չի լինի համաձայնագրի տեքստի մշակում: Իսկ թե ինչպես է Յու. Մերզլյակովը դա պատկերացնում` չասաց, նշելով, որ կպատմեն գործընթացը սկսելու ժամանակ: Մեթյու Բրայզան նաեւ անդրադարձել է երկու երկրների նախագահների իրար նկատմամբ վերաբերմունքին, նշելով, որ «նախագահների միջեւ հարգանքի մակարդակն արդեն լուրջ է եւ աճում է»:

«Դա չի նշանակում, որ նրանք ընդհանուր լեզու են գտել, նրանք իրոք հարգում են միմյանց, եւ դա առաջին քայլն է: Այդ պատճառով մի քիչ լավատես պետք է լինել: Բայց դա չի նշանակում, որ մեծ առաջխաղացում է լինելու վաղը, կամ մյուս օրը: Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ»,-միտքն այսպես է եզրափակել ամերիկացի համանախագահը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter