Ասիական զարգացման բանկը գրասենյակ է բացում Երեւանում
Նոյեմբերի 18-ին մեկօրյա այցով Հայաստան կժամանի Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Հարուհիկո Կուրոդան (Մանիլա, Ֆիլիպիններ)։ Կուրոդան պաշտոնապես կբացի ԱԶԲ առաջին գրասենյակը Երևանում։ Գրասենյակը կիրականացնի ԱԶԲ գործունեության համակարգումը Հայաստանում։ Այցի ընթացքում Հարուհիկո Կուրոդան կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ։
Պարոն Կուրոդայի այցի շրջանակներում նախատեսված է ԱԶԲ և Հայաստանի կառավարության միջև նոր համաձայնագրի ստորագրում, որի շրջանակներում Ասիական զարգացման բանկի կողմից կցուցաբերվի օժանդակություն երկրի գյուղական ճանապարհների զարգացմանը և կբարելավվի տրանսպորտի ոլորտի կառավարումը. «Հայաստանն ունի տնտեսական զարգացման հստակ ծրագիր, որն ուղղված է կայուն աճի ապահովմանը և աղքատության կրճատմանը։ Ասիական զարգացման բանկը սերտորեն համագործակցում է Հայաստանի կառավարության հետ այս ծրագրի իրականացման և Հայաստանում կենսամակարդակի բարելավման ուղղությամբ», - ասել է Հարուհիկո Կուրոդան։ Հայաստանում ԱԶԲ-ի ռազմավարական խնդիրներ են հանդիսանում տրանսպորտի ոլորտը, քաղաքային ծառայությունները և հասարակական ոլորտի բարեփոխումները։ 2005 թվականից ի վեր, երբ Հայաստանն անդամակցեց ԱԶԲ-ին, վերջինս ֆինանսավորել է 2 ծրագիր` գյուղական ճանապարհների և քաղաքների ջրամատակարարման համակարգի զարգացման ծրագրերը։ Ասիական զարգացման բանկը բազմակողմանի զարգացման բանկ է, որի սեփականատերեր են հանդիսանում 67 անդամ պետություններ։ Անդամ երկրների զարգացման համար ԱԶԲ-ի հիմնական գործիքներն են քաղաքական երկխոսությունը, վարկերը, սեփական միջոցների ներդրումը, երաշխիքները, դրամաշնորհները և տեխնիկական օժանդակությունը։ 2008 թվականին ԱԶԲ-ն որդեգրեց 2020 Ռազմավարությունը` երկարաժամկետ ռազմավարական ծրագիր, որի շրջանակներում ներառված են երեք լրացուցիչ ռազմավարական խնդիրներ. բազմակողմանի աճ, էկոլոգիապես կայուն աճ և տարածքային ինտեգրում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել