
Հոգեկան հիվանդություններ ունեցողները Լոռու մարզի չլուծված խնդիրներից են
Լոռու մարզում չլուծված խնդիրներից մեկը թերևս հոգեկան հիվանդություններ ունեցող մարդկանց ժամանակին հոգեբուժարաններ տեղափոխելն է: Այս խնդրում, հատկապես նրանց հոգեբուժարաններ տեղափոխելու ճանապարհային ծախսի հարցում մարզի համայնքների բժշկական կենտրոնների ղեկավարներն ու ոստիկանության պաշտոնյաները շատ դժվարությամբ են համաձայնության գալիս իրար հետ:
Մինչդեռ անմեղսունակ այդ մարդիկ հայտնվում են աղբավայրերում, բարձրաձայն հայհոյում հասարական վայրերում՝ վախ և անհանգստություն պատճառելով շրջապատի մարդկանց:
Անկառավարելի և անկանխատեսելի հիվանդների ամեն օր կարելի է հանդիպել Ալավերդու Թումանյան փողոցի կենտրոնական մայրուղուն հարող մայթերին, Սարահարթ թաղամասում և այլուր: Նրանցից հայտնի են հատկապես ալավերդցի երկու Կամոները:
Հոգեկան հիվանդություն ունեցող մարդիկ հասարակական վայրերում տհաճ իրավիճակներ են ստեղծում նաև մարզկենտրոն Վանաձորում: Հուլիսի 25-ին նրանցից մեկը հայտնվել էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում:
Դատարանի կարգադրիչներին երկար ժամանակ չէր հաջողվում հիվանդ կնոջը շենքից հանել: Վերջինս, ով նաև չէր կարողանում խոսել և մեկ ժամ շարունակ անհասկանալի ձայներ էր հանում, առաջացնում էր դատարան ելումուտ անող մարդկանց սարսուռը: Դատարանի կարգադրիչներին մի կերպ հաջողվեց նրան հեռացնել շենքից:
Դատարանում կանգնած վանաձորցիները փաստեցին, որ այս կինը միակի չէ Վանաձորում. քաղաքի փողոցներում մշտապես շրջում է հոգեկան հիվանդություն ունեցող 5-6 թափական մարդ:
Մեկնաբանել