HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանի տեսակետը, թե ինչու է Սերժ Սարգսյանը Աղվան Հովսեփյանին գործ տալիս

Այսօր Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով կառավարության կողմից ներկայացված քննչական մարմին ստեղծելու մասին օրենքի նախագծին, ասաց, որ դրա ստեղծմամբ իշխանություններն աշխատանքի տեղ են  ապահովում ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:

Նա նախ ասաց, որ վերջին տարիներին Հայաստանի քննչական մարմիններն ինչ փոփոխության ասես չեն ենթարկվել, գլխավոր դատախազությունն ու  ընդհանրապես դատախազությունը զրկվել են նախաքննություն իրականացնելու հնարավորությունից, ոստիկանության քննչական բաժինները դուրս են բերվել ոստիկանության բաժինների ուղիղ ենթակայությունից, ստեղծվել է հատուկ քննչական ծառայությունը, պետական եկամուտների կոմիտեի և պաշտպանության նախարարության քննչական վարչությունները:

Ապա պատգամավորը հարցրեց, թե արդյոք  այդ կառուցվածքային փոփոխությունները որակական փոփոխություն են բերել ՀՀ-ում անցկացվող նախաքննություններին: Որպես պատասխան նա թվարկեց մի քանի դեպքեր, օրինակ, նշեց, որ մինչ օրս ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանի սպանությունը բացահայտված չէ, մարտի 1-ի 10 սպանությունները մինչ օրս բացահայտված չեն, Ավետիք Բուդաղյանի սպանությունը մինչ օրս բացահայտված չէ, այնինչ, նրա ասելով, եթե այդ գործը ամենաշարքային «ուչաստկովին» նայեր և լսեր դեպքերի տեսաձայնագրությունը, ընդամենը մի քանի օրում կարող էր բացահայտել, թե ով է սպանել Ավետիք Բուդաղյանին:

Պատգամավորն այնուհետ ասաց, որ երբ կարդում ես ազատամարտիկ, ակտիվիստ Վոլոդյա Ավետիսյանի դեմ հարուցված գործի նախաքննության մասին հրապարակումները, զարմանում ես, որ աշխարհում կա մի երկիր, որտեղ նախաքննությունը տեղի է ունենում ցինիզմի այդպիսի աննկարագրելի աստիճանով:

Ն. Փաշինյանի խոսքով` հերթական օրենքի նախագիծը, որ բերվել է ԱԺ, Աղվան Հովսեփյանին աշխատանքի տեղավորելու հարց է լուծում, իսկ Ազգային ժողովը ոչ թե օրենսդիր-իրավական հարց է լուծում, այլ  ստանձնել է Աղվան Հովսեփայնին աշխատանքի տեղավորման գործակալի կարգավիճակ: «Այս պատմությունը ծագեց այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը որոշեց Աղվան Հովսեփյանի թեկնածությունը հերթական անգամ չառաջադրել գլխավոր դատախազի պաշտնում: Ինչի՞ չառաջադրեց: Չառաջադրեց ոչ թե այն պատճառով, որ Աղվան Հովսեփայնն արժանի էր պաշտոնանկ արվելու գլխավոր դատախազի պաշտոնից՝ որպես կոռումպացված, քաղաքական հետապնդումներ իրականացնող, որպես սպանությունների բացահայտմանը խոչընդոտող անձնավորություն, այլ Սերժ Սարգսյանը դա արեց լրիվ ուրիշ, կոնյուկտուրային պատճառներով»,- ասաց նա` նկատելով, որ Ա. Հովսեփյանը 15 տարի գլխավոր դատախազ էր աշխատել և իշխանությունների ներսում ուներ բավականին ազդեցիկ լծակներ:

«Սերժ Սարգսյանը, նրան պաշտոնանկ անելով, ընդամենն ուզեց բյուրոկրատական, իշխանական թիմին ցույց տալ, որ ինքն առաջվա նման տիրապետում է իշխանական լծակներին: Հիմա հարց կառաջանա` բա ինչի՞ է հիմա ուզում տեղավորի: Պատասխանը պարզ է. նա չի ուզում, որ Աղվան Հովսեփյանն իր ստվերային և այլ կապերով համալրի Սերժ Սարգսյանի իշխանությունից դժգոհողների բանակը»,- ասաց նա` հիշեցնելով, որ Սերժ Սարգսյանը ժամանակին նման մի կոմբինացիա էլ իրականացրեց Հովիկ Աբրահամյանի նկատմամբ. խորհրդարանական ընտրություններից առաջ պաշտոնանկ անելով, ապա այդ ընտրություններից հետո կրկին բերելով իշխանության:

Ն. Փաշինյանն այնուհետ նշեց, որ այդ օրենիք նախագիծը ստեղծել է Աղվան Հովսեփյանի ղեկավարած խումբը, և Ա. Հովսեփյանն էլ, առիթից օգտվելով, որոշել է սփոփիչ մրցանակներ սահմանել իր համար: «Աղվան Հովսեփյանն այնքան համեստ է գտնվել, որ որոշել է ինքն իր համար այս օրենքի նախագծով կանխորոշել գեներալ-լեյտենանտի կոչում: Արդարադատության պետական խորհրդականի կոչումն, ըստ ամենայնի, նրան սկսել է ինչ-որ պատճառներով չբավարարել»,- ընդգծեց նա:

Պատգամավորի խոսքով` այդ օրինագծով Սերժ Սարգսյանը մի քանի կոնյուկտուրային հարցեր է լուծում, մասնավորապես, որոշակիորեն նվազեցնում է ոստիկանության պետի, պաշտպանության նախարարի ազդեցությունը` գերատեսչություններից բավական ազդեցիկ կտորներ պոկելով: Մյուս կողմից՝ նա ուժեղացնում է վարչապետին` հատուկ քննչականի պետի նշանակումը տալով նրան, իսկ քննչական կոմիտեի նախագահի թեկնածուին էլ առաջադրում է վարչապետը: «Այնպես որ Աղվան Հովսեփյանը քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը ստանձնելուց առաջ հավատարմության երդում  2 տեղ պիտի տա. մի հատ կառավարությունում, մի հատ էլ Բաղրամյան 26-ում»,- ասաց նա` ավելացնելով, որ ինքը դեմ է քվեարկելու այդ օրինագծին` շեշտելով իր մոտիվացիաները: Ըստ պատգամավորի` եթե իրենք բոլորը դեմ քվեարկեն այդ օրենքի նախագծին, Աղվան Հովսեփյանը կմնա գործազուրկ, կդառնա բավական երիտասարդ թոշակառու և այդ ժամանակ կնկատի, թե ինչ հրեշավոր ու կոռումպացված համակարգ է ՀՀ դատախազության համակարգը: Իսկ երբ, պատգամավորի ասելով, այդ ամենը նկատի նախկին գլխավոր դատախազը, ապա միանգամից կդառնա մարդու իրավունքների պաշտպան, արդարության և ազատության մարտիկ և կպայքարի հանուն իշխանափոխության:

Մեկնաբանություններ (2)

vahan
Axvan hovsepyan@ tirapetum e aynpisi informaciayi vori patjarov nran chi kareli toxnel aranc hskoxutyan. dra lavaguyn ( aveli mardkayin) tarberak@ nran voreve arjanapativ ashxatanqov apahoveln e, inch@ gnahateli qayl e HH naxagahi koxmic. ashxatazurk mard@ heshtutyamb karox e haytnvel hakarak jambarum , dra voxj hetevanqnerov.
Պետո
1-ին: Ի՜նչ կարեւոր ինֆորմացիա ի՜նչ նոր բան այ ախպեր: Կատարած հանցանքից վախեցողն ով է կամ խայտառակությունից քաշվողը - սրանք կատակներ են դարձել հիմա: Ուղղակի կարգին մարդ լինելով, ինքն արժանավոր մարդկանց գնահատում է (հատկապես որ ապարանցիք էլ ապերախտ չեն:) Թող շատ ապրեն ուրեմն ու ապահով վայելեն - քանի գյուղը մութ է ու շուն էլ չկա!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter