Բեռնար Շալանդը՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ
Հայաստանի ազգային հավաքականը կգլխավորի շվեյցարացի Բեռնար Շալանդը: Այդ մասին երեկ հայտարարել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նրա հետ պայմանագիր է կնքվել մինչեւ «Եվրո-2016»-ի ընտրական փուլի ավարտը: Եթե մեր ընտրանին հաղթահարի որակավորման արգելքը, ապա ֆեդերացիան նոր բանակցություններ կսկսի շվեյցարացու հետ՝ համատեղ աշխատանքը երկարացնելու համար: ՀՖՖ-ն ներկայացրել է հավաքականի նոր մարզչի կենսագրությունը, որը մեջբերում ենք ստորեւ:
ԲԵՌՆԱՐ ՇԱԼԱՆԴ
Ծնվել է 1951 թ. հուլիսի 26-ին: Ամուսնացած է, ունի 4 երեխա:
Տիրապետում է ֆրանսերեն (մայրենի լեզու), գերմաներեն եւ անգլերեն լեզուներին:
Խաղային կարիերան
Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում հանդես է եկել «Լե լոկլ», «Բուդրի», «Սուպերգա» ակումբներում: Վերջին ակումբը եղել է «UGS»-ը, որտեղ ավարտել է կարիերան լուրջ վնասվածքի պատճառով:
Մարզչական կարիերան
Խաղացող-մարզիչ
1978-1982 թթ. «Սենտ Իմյեր» թիմում, որի հետ 2 անգամ ճանաչվել է Շվեյցարիայի երկրորդ լիգայի հաղթող:
Գլխավոր մարզիչ
1982-1985 թթ. – «Լե լոկլ» - դարձել է Շվեյցարիայի երկրորդ լիգայի հաղթող եւ բարձրացել երկրորդ դիվիզիոն:
1985-1987 թթ. աշխատել է Շվեյցարիայի առաջին դիվիզիոնի «Լե շո դե ֆոնդ» ակումբում, որի հետ դուրս է եկել Շվեյցարիայի գավաթի կիսաեզրափակիչ:
1987-1993 թթ. աշխատել է «Իվերդոն» ակումբում: Այդ ընթացքում 3 անգամ դարձել է Շվեյցարիայի 2-րդ դիվիզիոնի հաղթող, բարձրացել առաջին դիվիզիոն, դուրս է եկել Շվեյցարիայի գավաթի ¼ եզրափակիչ:
1993-1994 թթ. աշխատել է «Յանգ բոյզ» ակումբում, դուրս է եկել Շվեյցարիայի գավաթի կիսաեզրափակիչ:
1994-1995 թթ. աշխատել է «Սերվեթ» ակումբում:
1995-1996 թթ. գլխավորել է Շվեյցարիայի մինչեւ 17 տարեկանների հավաքականը:
1996-1998 թթ. գլխավորել է Շվեյցարիայի մինչեւ 18 տարեկանների հավաքականը, եղել է Շվեյցարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի օգնական:
1998-2000 թ. գլխավորել է Շվեյցարիա մինչեւ 18, 19 եւ 20 տարեկանների հավաքականները:
2001-2006 թ.. գլխավորել է Շվեյցարիայի մինչեւ 21 տարեկանների հավաքականը, եղել է Շվեյցարիայի բոլոր տարիքային հավաքականների (15-21) համակարգողը:
2002 թ. Եվրոպայի Մ-21 առաջնությունում Շվեյցարիայի Մ-21 հավաքականը զբաղեցրել է երրորդ, 2004 թ.՝ վեցերորդ հորիզոնականը:
Եվրոպայի 2004 եւ աշխարհի 2006 թթ. առաջնություններում եղել է Շվեյցարիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում:
2007-2010 թթ. գլխավորել է «Ցյուրիխ» ակումբը:
2008-2009 թթ. «Ցյուրիխը» նրա գլխավորությամբ դարձել է Շվեյցարիայի չեմպիոն, 2009-2010 թթ. մրցաշրջանում մասնակցել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլին, որտեղ հյուրընկալվելիս հաղթել է «Միլանին»:
2009 թ. ճանաչվել է Շվեյցարիայի լավագույն մարզիչ:
2010-2011 թթ. գլխավորել է «Սիոն» ակումբը, որի հետ նվաճել է Շվեյցարիայի գավաթը:
2011-2012 թթ. գլխավորել է «Թուն» ակումբը:
2013 թ. գլխավորել է «Յանգ բոյզ» ակումբը:
Մարզչական որակավորումը
ՈւԵՖԱ-ի «պրո» կարգ, Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հրահանգիչ
Վերապատրաստվել է այնպիսի մարզիչների մոտ, ինչպիսիք են Ժերար Ուլիեն (ՊՍԺ), Ջովանի Տրապատոնի (Ինտեր), Զդենեկ Զեմանը (Լացիո), Բոբի Ռոբսոնը (Պորտո), Կառլոս Բյանկին (Վելես Սարսֆիլդ), Լուի Վան Գաալը (Այաքս), Ալբերտո Ձակերոնի (Ուդինեզե), Կառլո Անչելոտին (ՊՍԺ):
Որպես Շվեյցարիայի ազգային հավաքականի մարզիչ-դիտորդ ներկա է գտնվել աշխարհի 1982, 1986, 1990, 1998, 2006 եւ Եվրոպայի 1988, 1992, 2004 եւ 2008 թթ առաջնություններին, Աֆրիկայի ազգերի գավաթի 1996 թ. խաղարկություններին:
Մարզել է այնպիսի հայտնի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Շաքիրին, Ինլերը, Լիխշտայները:
ՀՖՖ-ն միաժամանակ հայտնել է, որ Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Ալժիրի ազգային հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա Ժնեւի «Ստադ դը Ժնեւ» մարզադաշտում՝ մայիսի 31-ին: Հանդիպման սկիզբը՝ Երեւանի ժամանակով 22:00-ին: Իսկ մինչ այդ մեր ընտրանին մարտի 5-ին կմրցի Ռուսաստանի ազգային թիմի հետ, սակայն այդ հանդիպմանը հավաքականը կգլխավորի Վարդան Մինասյանը, որն անցյալ տարի հեռացավ ազգային թիմից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել