HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերականգնվում է Մինաս Ավետիսյանի ևս երկու որմնանկար

Հիմք ընդունելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի պահանջները և նկատի առնելով Մինաս Ավետիսյանի որմնանկարներն իրենց կողմից վերականգնելու վերաբերյալ Գյումրու քաղաքապետի և «ԱԳ և ԱԱ Բաղդասարյաններ» ՍՊԸ առաջարկները` ՀՀ կառավարությունը որոշել է թույլատրել Գյումրու քաղաքապետարանի միջոցների հաշվին իրականացնել Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված և պետական սեփականություն հանդիսացող, Գյումրի քաղաքի «Քարմշակմեքենա» ՓԲԸ նախկին ճաշարանի շենքում գտնվող Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարի տեղափոխման աշխատանքները։

Որոշման հաջորդ կետով թույլատրվել է «ԱԳ և ԱԱ Բաղդասարյաններ» ՍՊԸ միջոցների հաշվին իրականացնել քաղաքի «Էլեկտրատեխնիկական գործարան» ՓԲԸ նախկին շենքում գտնվող «Գորգ են գործում» որմնանկարի տեղափոխումը։

Վերականգնումից հետո «Հայկական հովվերգություն» որմնանկարը տեղադրվելու է Գյումրու քաղաքապետարանի նորակառույց շենքի նիստերի դահլիճում, «Գորգ են գործում» որմնանկարը` Գյումրու Աբովյան փողոցի N 218 հասցեում գտնվող Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակ ներառված շենքի սրահում։ 

Տեղեկանալով, որ մարզում դեռևս կա Մինաս Ավետիսյանի հեղինակած չորս որմնանկար, ինչպես նաև այլ արվեստագետների կատարած մոտ երկու տասնյակ աշխատանք, վարչապետը նշել է խնդրի նկատմամբ գյուրեցիների ցուցաբերած մեծ ուշադրությունը։ «Հասարակական կազմակերպություններին պետք է խնդրենք, որպեսզի այդ որմնանկարները փրկելու նոր առաջարկներ ներկայացնեն,- ասել է Տիգրան Սարգսյանը։- Որմնանկարները ցանկացած գնով պետք է փրկել, և եթե այդ հասարակական շարժումն օգնի մեզ գտնել այնպիսի տնտեսվարող սուբյեկտների, որոնք ի վիճակի են ներդրումներ կատարել և փրկել որմնանկարները, ապա մենք մնացած չորսի վերաբերյալ նույնպես պատրաստ ենք կայացնել որոշումներ, որպեսզի դրանք մնան Գյումրիում կամ Շիրակի մարզում»։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter