
Զուրաբյան. «Արդյո՞ք մենք ստեղծում ենք թաղման հանձնաժողով»
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոնբ Զուրաբյանն անդրադառնալով ՀՀԿ-ի` «գազային» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանն` ասաց, որ որպես կանոն նման հանձնաժողովների ստեղծումը նպատակ է հետապնդում կոծկել ճշմարտությունը: Նա այդպիսի հանձնաժողովներն անվանեց «թաղման» հանձնաժողովներ, որոնք զբաղվելու են ճշմարտության թաղումներով` դիմելով ՀՀԿ մեծամասնությանը:
«Արդյո՞ք մենք ստեղծում ենք թաղման հանձնաժողով, այսինքն` ճշմարտության թաղման հանձնաժողով, թե՞ մենք ստեղծում ենք ճշմարտության բացահայտման հանձնաժողով»,- ընդգծեց նա:
Լ. Զուրաբյանը նշեց, որ մեր ժողովրդին անհանգստացնում են շատ պարզ հարցեր, որոնցից նա առանձնացրեց երեք հարց.
« Ինչո՞ւ է ապօրինաբար կուտակվել 300-միլիոնանոց պարտքը: Ասում եմ` ապօրիանաբար, որովհետև այդ պարտքը կուտակվել է թաքուն` շրջանցելով Սահմանադրության պահանջներ, Ազգային ժողովը, և մենք ուզում ենք հասկանալ, թե ովքեր են դրա պատասխանատուները, ովքե՞ր են մեղավորները»,- ասաց Զուրաբյանը:
Նրա երկրորդ հարցը վերաբերում էր գազի սակագնի թանկ լինելուն, թե ինչու է սպառողին հասնում թանկ գնով գազ: Իսկ երրորդ հարցը ռուսական «Գազպրոմին» տրված լիազորությունների մասին էր, թե ինչու ռուսական այդ ընկերությանը տրվել են այնպիսի լիազորություններ, որոնցով այն ավելի բարձր է դասվում, քան Հայաստանի Հանրապետությունն ու Սահմանադրությունը:
«Ժողովուրդը սպասում է այս հարցերի պատասխաններին»,- ասաց նա:
Մեկնաբանել