Պարտադիր կուտակայինի հորձանքում հայտնվածները շարունակում են մտահոգվել
Կիմա Խաչատրյան
2014 թվականի հունվարի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ կասեցվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածը և 86-րդ հոդվածի երրորդ մասը:
Ըստ Սահմանադրական դատարանի որոշման՝ մինչև հարցի վերբերյալ որոշում կայացնելը (առնվազն մինչեւ մարտի 27-ը), պետք է համապատասխան պահումներ չարվեն աշխատավարձերից:
Չնայած ՍԴ-ի այս որոշմանը՝ չեն դադարում քաղաքացիների մտահոգություններն ու բողոքները:
Հարցում անելով երևանյան փողոցներում և օնլայն հարթակում՝ ստացանք հետևյալ պատասխանները:
«Ինձ վստահություն չի ներշնչում կուտակային կենսաթոշակների մասին այս համակարգը, քանի որ ես չգիտեմ՝ մեր պետությունը ի՞նչ նոր օրենքներ կհնարի դրանից հետո, արդյո՞ք իզուր չի լինի մեր այն էլ այսքան չնչին աշխատավարձերից գումար կուտակելը: Եվրոպական մի շարք երկրներ հանել են այս օրենքը, սակայն մեզ մոտ այն ցանկանում են կիրառել. այն ինչը, որ եվրոպական երկրներում չի ազդում, բերում են Հայաստան՝ հայ ժողովրդի վրա փորձարկելու»,- ասաց ապրանքագետ Լուսինե Սինդոյանը:
Մասնագիտությամբ ուսուցչուհի Կարինե Սահակյանը հայտնեց իր դժգոհությունը՝ ասելով, որ ընդհանրապես չի վստահում պետությանը:
«Կարող ա ես շուտ եմ մահանում, ինչո՞ւ պետք է պահեն իմ աշխատավարձից, երբ որ առանց այն էլ աշխատավարձիս 20 %-ը ցրվում ա տնօրենի կողմից, ու տակը բան չի մնում: Մեր ստացածն ի՞նչ ա, որ մի հատ էլ պահեն. ամեն ինչ թանկ ա»,- նշեց տիկինը:
«Ո՞վ կմտածեր, որ ԽՍՀՄ-ի նման ուժեղ թվացող կառույցը մի օր կփլուզվեր: Ի՞նչ եղան մարդկանց՝ բանկերում կուտակած գումարները: Էն ժամանակ էլ էին ասում, որ ժառանգները կարող են օգտվել, եթե տվյալ անձնավորությունը մահանա: Ո՞վ փողի երես տեսավ: Թող ամեն մարդ իրա ռեզբով փակած բանկայի մեջ խնայի գումարը: Ամենաապահով միջոցը դա է: Բա որ սնանկանա էդ բանկը: Բա որ մեր ուղեղի մեծ փայլատակում ունեցող կառավարությունը քնից արթնանա ու նոր բան որոշի: Քավ լիցի: Մի՞թե կարելի է վստահել այս պետությանը: Այս պետությունը հնարավոր ամեն ինչ արել է արդեն, որ մեր աչքերը բացվեն»,- պատասխանեց այժմ գործազուրկ Ռուբեն Սողոմոնյանը, ով երկար տարիներ աշխատել է Երևանում գտնվող գործարաններից մեկում:
Մեր հարցմանը ակտիվ մասնակցում էին նաև երիտասարդները: Նրանց կարծիքները տարաբնույթ չէին: Շատերը ցանկանում են հեռանալ Հայաստանից և աշխատանք փնտրել ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Թուրքիայում:
Տնտեսագետ Մերին պատասխանեց, որ գուցե կուտակեր հետագայում իր աշխատավարձից գումար, եթե պարտադիր ասվածը չլիներ:
-Ոչ ոք իրավունք չունի պարտադիր կերպով գումար պահելու իմ կամ մյուսի աշխատավարձից,- եզրափակեց իր խոսքը տնտեսագետը:
Իսկ ի՞նչ պետք է անեն քաղաքացիները, եթե առանց իրենց կարծիքը հաշվի առնելու պահումներ կատարվեն աշխատավարձերից: Որքանո՞վ են իրազեկված այսօր քաղաքացիները իրենց իրավունքների մասին: Եվ ի՞նչ ելք կա դուրս գալու այս իրավիճակից:
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը «Հետքի» հետ հեռախոսազրույցի ընթացքում ասաց, որ սա պետական մակարդակի ջեբկիրություն է: Չկա տրամաբանություն: Պետությունը կարող էր սա թողնել կամավորության սկզբունքին, սակայն որոշել է հրամայական կերպով գործը առաջ տանել:
«Սա հերթական հակասահմանադրական քայլն է: Ես փորձել եմ տրամաբանել, թե ինչու է հենց պետությունը սահմանել է պահումների 5 %-ի կամ 10 %-ի չափը և ոչ թե 40 %-ը կամ 60 %-ը: Քցել-բռնել են ու հասկացել, որ հասարակության վերաբերմունքը կարող է վտանգավոր լինել իրենց իշխանության համար: ՍԴ-ի հեքիաթների մասին էլ չասեմ: Գաղտնիք չէ, որ այն ենթարկվում է Սերժ Սարգսյանի վարած ռեժիմին»,- նշեց Լ. Բարսեղյանը:
Նա նաև ավելացրեց, որ այս իրավիճակից դուրս գալու համար, իհարկե, քաղաքացիները կարող են դիմել դատարան, սակայն դժվար թե դատարանները հնարավորություն ունենան այս իրավիճակում հայտնված մոտ 240.000 հազար դիմողի պահանջ բավարարել, քանի որ այդ սպասարկումը վեր է նյութավարչական համակարգի կարողություններից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել