HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞ւմ նկատի ուներ Աբրահամյանը. «Հավեր լինում են, չէ՞, որ ցանկանում են երկաթե ձու ածեն»

Այսօր ԱԺ-ում անհամեմատ հանգիստ օր է: Ընդհանրապես, հինգշաբթի օրերի նիստերը նկատելի հանգստությամբ են անցնում: Պատգամավորների մի մասը առավոտյան գրանցվելուց հետո մի քանի րոպե անց հեռացավ դահլիճից: Դա էլ սովորական է ԱԺ-ում, ինչպես «տնավարի» անցկացվող նիստերը: Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն առիթը բաց չէր թողնում սրամտելու:

Քննարկման էր դրվել ԱԺ պատգամավորներ Դավիթ Հարությունյանի, Գալուստ Սահակյանի, Զարուհի Փոստանջյանի, Արամ Մանուկյանի, Աղվան Վարդանյանի, Հովհաննես Մարգարյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էդմոն Մարուքյանի և Հովհաննես Սահակյանի կողմից ներկայացված «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը`  առաջին ընթերցմամբ ընդունելու մասին:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց, որ կառավարությունը դրական եզրակացություն է տվել այդ նախագծին, ապա ասաց, որ հաշվի առնելով այն դիրքորոշումը, որ պետք է կարգավորվեն առաջինից երկրորդ ընթերցում հարաբերությունները, պետք է լիարժեք քննարկում տեղի ունենա, ՀՀ գլխավոր դատախազը պատասխանի հարցերին, իսկ պատգամավորներն էլ հարցեր տալու իրավունք ունենան:

ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ ասաց, թե ի հեճուկս Թովմասյանի այժմյան դիրքորոշման կամ հայտարարության, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում տևած մի քանի ժամ քննարկումներին, արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մուրադյանը հիմնավորել էր, թե դատախազությունը քաղմարմին չէ և ոչ միայն պարտավոր չէ, այլև տրամաբանական չէ հանդես գա ԱԺ-ում հաշվետվությամբ: «Ուզում եմ հասկանալ` ի՞նչը փոխվեց, ի՞նչն ազդեց կառավարության դիրքորոշման փոփոխության վրա: Ասում եք` ընթացակարգը, բայց դրա մասին չէր խոսքը, քննարկման ձևաչափի մասին չէր, հիմնավորումն էր, որ դատախազությունը քաղաքական մարմին չէ, հետևաբար, այս գործառույթը տրամաբանական չէ:  Ի՞նչը փոխվեց այդ իմաստով, որովհետև մեզ համար շատ կարևոր էր այդ հրապարակայնությունը և անմիջական կապը դատախազի և ԱԺ-ի հետ»,- հարցրեց Տ. Ուրիխանյանը:

«Կառավարությունը երբեք դեմ չի եղել: Ներողություն եմ խնդրում, որ նման ընկալում է եղել, մենք կողմ ենք հրապարակայնորեն ներկայացվելուն, պատասխանելու պատգամավորների հարցերին, պատգամավորներն իրավունք ունեն համապատասխան ելույթներ ունենալ, այս առումով մեր դիրքորոշման փոփոխություն չկա»,- պատասխանեց Հ. Թովմասյանը: Ուրիխանյանն էլ նշեց, որ, թերևս, առաջին անգամ նախարարից ստանում է շատ սպառիչ, ամփոփիչ, գոհացուցիչ պատասխան:

Պատգամավորի դիտարկումից հետո արձագանքեց Հ. Աբրահամյանը: «Տեսնո՞ւմ եք` համերաշխությունն ինչքան լավ բան է, հանդուրժողականությունը, թեպետ հավեր լինում են, չէ՞, որ ցանկանում են երկաթե ձու ածեն, ոչինչ, ըմբռնումով մոտեցեք»,- ասաց ԱԺ նախագահը, որի խոսքից հետո լրագրողներից ոմանց մոտ տարակուսանք առաջացավ` փորձում էին հասկանալ, թե ում նկատի ուներ Հ. Աբրահամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter