Մեկնարկում են ձմեռային օլիմպիական 22-րդ խաղերը
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, վաղը մեկնարկելիք ձմեռային օլիմպիական խաղերից առաջ Սոչիի օլիմպիական ավանում այսօր` փետրվարի 6-ին, բարձրացվեց Հայաստանի Հանրապետության դրոշը:
Տոնական արարողությանը մասնակցում էր ՄՕԿ-ի և խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչ, սպորտային մարմնամարզությունից օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն Ալեքսեյ Նեմովը: Նա ողջունեց Հայաստանի պատվիրակներին և հաջողություն մաղթեց մրցուղիներում: Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հավաստիացրեց, որ մեր մարզիկները հավատարիմ կմնան օլիմպիական գաղափարներին և ազնիվ մրցակցություն կծավալեն ասպարեզներում:
Ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերում Հայաստանի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը:
Ներկայացնենք մեր մարզիկների ելույթների ժամանակացույցը:
Դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանը փետրվարի 9-ին՝ ժամը 14-16-ը, կմրցի 15 + 15 կմ մրցավազքում (սկիաթլոն):
Փետրվարի 11-ին` նույն ժամերին, Սերգեյը հանդես կգա արագավազքում: Փետրվարի 14-ին` 15 կմ դասական ոճում և փետրվարի 23-ին՝ ժամը 11-ին, աշոցքցի վարպետը կսկսի 50 կմ ազատ ոճի դահուկավազքը: Այն կտևի գրեթե երեք ժամ:
Նույն օրերին և ժամերին ասպարեզ կելնի նաև Սերգեյի թիմակից և մարզընկեր Արթուր Եղոյանը, որը սակայն չի հայտավորված 50 կմ տարածությունում: Կանանց մրցաշարում Կատյա Գալստյանը կմրցի 10 կմ դասական ոճի դահուկավազքում փետրվարի 13-ին՝ ժամը 14. 00 -15.40-ին:
Լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը փետրվարի 19-ին հանդես կգա հսկա ոլորավայրէջքում, իսկ փետրվարի 22-ին` հատուկ ոլորվայրէջքում: Մրցաձևերը կանցկացվեն երկու մրցահերթով (կեսօրին և երեկոյան):
«Սոչի-2014»-ի ծրագրում (փետրվարի 7-23) ընդգրկված է 15 մարզաձև: Կխաղարկվի մեդալների 98 հավաքածու: Հայտավորված են 80 երկրների ավելի քան 5500 մարզիկ-մարզուհիներ: Միջոցառումը լուսաբանելու համար հավատարմագրված են շուրջ 12 հազար լրագրողներ: Կազմկոմիտեի աշխատանքներին կօժանդակեն 25 հազար կամավորականներ, իսկ մրցումների ընթացքին կհետևեն շուրջ երեք միլիարդ հեռուստադիտողներ:
Առաջին անգամ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի մարզիկնեըը ներկայացել են 1994 թվականին` Լիլեհամերում (Նորվագեիա), ապա մասնակցել են Նագանոյի` 1998 թ. (Ճապոնիա), Սոլթ Լեյք Սիթիի` 2002 թ. (ԱՄՆ), Թուրինի ` 2006 թ. (Իտալիա) և Վանկուվերի` 2010 թ. (Կանադա) մարզահանդեսներին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել