HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեմոկրատական պայքարի օրակարգը

Լեւոն Տեր-Պետրոսյանը 2007թ. սեպտեմբերի 21-ի իր ելույթի ժամանակ մասնավորապես նշեց, որ Հայաստանում հաստատվել է «վերից վար կոռումպացված, հանցագործ մի վարչակազմ, որի հարաբերությունները կարգավորվում են ոչ թե օրենքներով, ոչ թե ժողովրդի կամքով, ոչ թե քաղաքական երկխոսությամբ, այլ գողական աշխարհի կարգ ու կանոնով: Լիովին մաֆիոզ, մինչեւ վերջին երանգը ստրուկտուրիզացված մի ռեժիմ… Ուրեմն այսօր խնդիրը այս համակարգը կազմաքանդելու, այս համակարգից ազատվելու խնդիրն է»:

Ըստ էության, Հայաստանի քաղաքական ռեժիմին (որը, ի դեպ, անվանվեց ավազակապետական) տրված հենց այս գնահատականով Լեւոն Տեր-Պետրսյանն իր շուրջը համախմբեց այդ գնահատականները կիսող հանրությանը, որի արդյունքում բողոքի մեծ ալիք բարձրացվեց` լուրջ խնդիրներ առաջացնելով իշխանությունների համար: 

2008 թ. մարտի 1-ի դեպքերից հետո համաժովրդական շարժման հիմքի վրա ձեւավորվեց Հայ Ազգային Կոնգրեսը (ՀԱԿ), որի ստեղծման պատճառներից մեկը Կոնգրեսի հռչակագրում ամրագրված հետեւյալ միտքն է` «Իշխանությունը Հայաստանում վերստին բռնազավթված է հանցավոր վարչախմբի կողմից, եւ որ ընտրակեղծիքներն այս անգամ ուղեկցվել են ժողովրդի դեմ իրագործված բիրտ ոճրագործությամբ»:  Այսինքն, ՀԱԿ հիմնադիրները փաստել են, որ Հայաստանում գործող, իրենց բնորոշմամբ, ավազակապետական ռեժիմը վերարտադրվել է եւ ի հավելումն` իր ուսերի վրա է կրում մարտի 1-ի ոճրագործության բեռը:

Այժմ, երբ սկսվել է իշխանություններ-ՀԱԿ ֆորմալ երկխոսությունը, ՀԱԿ-ը հաճախ հայտարարում է, որ Հայաստանում կա քաղաքական, սոցիալ-տնտեսական ճգնաժամ, իսկ այդ ճգնաժամից դուրս գալու միակ ճանապարհն արտահերթ ընտրություններն են: Սկսված երկխոսությունն էլ, ըստ ՀԱԿ-ի, պետք է ծառայի այդ քաղաքական ճգնաժամի լուծմանը` արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ պայմանավորվածությունների հանգելու միջոցով: Սակայն, եթե ՀԱԿ-ը պնդում է, որ Հայաստանի վարչակազմի հարաբերությունները կարգավորվում են «գողական աշխարհի կարգ ու կանոնով», ռեժիմը մաֆիոզական է, հանցագործ է եւ այլն, ապա բնական է, որ հենց այս հանգամանքը պետք է լինի ՀԱԿ-ի արտահերթ ընտրություններին հասնելու ձգտումի միակ պատճառը, հիմնավորումը: Եթե, օրինակ, Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակը լիներ նույնքան հարաբերական բարվոք, որքան նացիստական Գերմանիայում էր, կամ նույնիսկ ներկայիս Չինաստանում, ապա տրամաբանական է, որ ՀԱԿ-ը չպետք է «մեղմացներ» իր պահանջները եւ փոխեր իր հիմնական նպատակները:

Ըստ այդմ, Հայաստանում դեմոկրատական ընդիմությունը, եթե ներկայիս վարչակարգը շարունակում է որակել որպես ավազակապետական, տրամաբանական է, որ ոչ թե քաղաքական ճգնաժամի վերացման թեզը պետք է դիտարկի որպես արտահերթ ընտրությունների հիմնավորում, այլ` ներկայիս ռեժիմի դե ֆակտո հակադեմոկրատական բնույթը: Դա նաեւ կարող է ի չիք դարձնել իշխանությունների` ռեժիմի բնույթի փոփոխությանը չվերաբերող առաջարկների ներկայացման իրավաչափությունը, ինչպես նաեւ հիմնավոր կերպով պաշտպանել Կոնգրեսին պայքարից հրաժարվելու մեջ իր հասցեին ուղղվող մեղադրանքներից:

Հարկ է նշել նաեւ, որ այս պարագայում վերոնշյալ  երկխոսության ժամանակ ընդունելի կլինի արդար եւ թափանցիկ արտահերթ ընտրությունների պահանջին հասնելուն նախորդող հարցերի շրջանակում ընդգրկել ոչ թե սոցիալ-տնտեսական բնույթի խնդիրներ, այլ միայն այնպիսիք, որոնք կտրուկ կարող են փոխել իրավիճակը իրավահասարության, օրենքի գերակայության, ինքնիշխանության առումով: Այդպիսի խնդիր կարող է համարվել օրինակ, Հ1-ն իրական հանրային հեռուստատեսություն դարձնելը, անկախ հեռուստաընկերություններին կապուղի տրամադրելը եւ այլն: Որպես առաջին քայլ կարող է քննարկվել օրինակ, Հանրային հեռուստաընկերությամբ «փրայմ թայմ» ժամերին ամեն օր ազատ ամբիոն տրամադրելը հավասարաչափ բոլոր քաղաքացիական նախաձեռնություններին, ընդդիմադիր ուժերին: Եթե այդ պահանջը կատարվի, ապա հանուն ժողովրդավարության պայքարի տրամաբանության տեսակետից դա շատ լուրջ ձեռքբերում կդիտվի: 

Էդգար Վարդանյան
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter