
Հ. Սանասարյան. «Սևանա լիճն ուզում են սեփականաշնորհել»
«Հետքի» հարցերին պատասխանում է Հայաստանի Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը
-Պարոն Սանասարյան, երեկ կառավարության նիստում որոշվել է, որ մինչ 2019 թ. հունվարի 1-ը Սևանա լճից ջրի բացթողումների չափաքանակը հասնելու է առավելագույնը 240 մլն խմ-ի` այժմյան 170 մլն խմ-ի փոխարեն: Ինչո՞վ է պայմանավորված այս փոփոխությունը:
-Կառավարությունը նման որոշում կայացնելուց առաջ պետք է ունենար օդերևութաբանական տվյալներ, որ ընդունենք, օրինակ, երաշտային խիստ անբարենպաստ պայմաններ են լինելու: Բայց, վստահորեն կարելի է ասել, որ նրանք նման բաներ չունեն: Ես նախագահական հանձնաժողովից դուրս եկա հիմնականում այն պատճառով, որ ինձ համար պարզ դարձավ՝ նախագահ Սերժ Սարգսյանը Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման մասին ունի իր տեսակետը, այն է՝ Սևանի մակարդակը 1900 մ-ից պիտի չանցնի: Իսկ գիտական ու գերատեսչական համապատասխան կառույցները հեշտությամբ «հիմնավորում» են այդ տեսակետը:
Կարելի է ասել, որ հենց այդ նպատակով Արարատյան դաշտում 2-3 տարի առաջ բարձրացրեցին հողատարածքի ջրի ծախսը և նոր նորմատիվներ մշակեցին: Նաև խաղեր են սկսվել ջրամբարների հետ: Օրինակ՝ Ապարանի ջրամբարը 2012թ. կիսատ մնաց, երբ տեղացած առատ ձյան հետևանքով հեղեղումներ էին սպասվում: Նաև՝ միտումնավոր չեն գործարկում ջրմուղ պոմպակայանները, որպեսզի ցույց տան, թե տեսեք՝ Արարատյան դաշտի այգիներն ու մշակաբույսերը խանձվելու և ոչնչանալու վտանգի առաջ են կանգնած: Այսինքն, Սևանա լճից ջուր բաց թողնելը դարձնում են պարտադրանք:
Սևանա լճի մասին պիտի ասվի նաև հետևյալը. այդ լիճն ուզում են սեփականաշնորհել: Ես ուղղակի անիծում եմ այն բոլոր լրատվամիջոցներին (ուզում է «Հետքը» լինի կամ մյուսները), որոնք տեղյակ են Սևանա լճի այդ ծրագրերից և միտումնավոր ոչինչ չեն գրում: Ըստ ինձ հասանելի տեղեկության՝ այդ խնդրին խառնված են հանրապետության փոխվարչապետը՝ Արմեն Գևորգյանը, և արդարադատության մի պաշտոնյա (նախկին), սակայն կասկածից վեր է, որ առանց գլխավորի՝ Սերժ Սարգսյանի և անխիղճ բանկիր Տիգրան Սարգսյանի անհնար է այդպիսի ծրագիր ունենալ:
Սևանա լիճն ուզում են բաժանել 4 թե 5 կտորի, որոնց տերերը պետք է նաև կառավարեն Սևանա լիճ թափվող գետերի և գետակների ջրի որակի և այլ խնդիրները: Ըստ այդ նախագծի՝ նշված 4-5 կտորները պետք է օգտագործեն փոխկապակցված: Հասկանալի է, որ դա գործնականում անհնար է, և, ի վերջո, դրանք դառնալու են մեկ մարդու սեփականություն: Այսօրվա զարգացումները ցույց են տալիս, որ վերջին ասեղը Հայաստանում պետք է վաճառվի, իսկ իշխող կուսակցության վարած քաղաքականությունից պարզ երևում է, որ իր իշխանության օրոք պետք է վաճառվի պետության ու ժողովրդի սեփականություն հանդիսացող նույնիսկ վերջին ասեղը: Սևանա լճի հետ կապված խաղը ենթակա է այս քաղաքականությանը:
-Հայտնի՞ է Ձեզ՝ ո՞վ է լինելու սեփականատերը:
-Ոչ, ես Ձեզ արդեն ասացի, թե ովքեր են այս հարցում շահագրգռված:
Այստեղ միայն Սևանի հարցը չէ: Պատերազմում հաղթանակած Հայաստանը ծրագրված ոչնչացվում է ներսից: Ի՞նչ իմաստ ունի հարցազրույց տալ կամ նախագահին, գլխավոր դատախազին դիմում գրել, երբ նրանք մեզ օտար ու կողոպտման ենթակա են համարում: Արդեն մարդիկ հասկանում են, որ պետություն-պետականությունը շնչահեղձ ու արյունաքամ է արվում: Եվ անիմաստ է, օրինակ, դատարան դիմել, քանզի վճիռները կայացվում են ի շահ իշխանական լծակներ ունեցողների: Մամուլը երբեմն գրում է, որ վարչապետը արհամարհական վերաբերմունք ունի բնակչության նկատմամբ, եւ այդ վերաբերմունքը նրա հետ կիսում են թե՛ նախագահը, թե՛ մյուս բարձրաստիճան պաշտոնյաները:
2008 թ. մարտին Տիգրան Սարգսյանը վարչապետ դարձավ, դրանից մեկ ամիս առաջ նա «Դելավոյ էքսպրես»-ում արդեն հրապարակել էր մի հոդված, որտեղ ներկայացրել էր պետության դեմոնտաժի ծրագիրը: Ստացվում է՝ ո՛չ ազգային անվտանգություն կա, ո՛չ պետության վերահսկման որևէ օրգան: Այդպիսի մարդուն մեկուսացնելու փոխարեն թույլ տվեցին դառնալ վարչապետ, բայց միաժամանակ կարող եմ ասել, որ վարչապետ Հայաստանում գոյություն չունի. բոլոր հարցերի «ճարտարապետը» նախագահն է:
-Պարոն Սանասարյան, Ձեր պատկերացմամբ՝ Սևանա լճի պարագայում ի՞նչ քայլեր պետք է արվեն:
-Սևանա լճի խնդիրը սերտորեն կապված է երկրի մյուս խնդիրների հետ: Հիմնարար լուծումների համար անհրաժեշտ է հրաժարվել նախագահական համակարգից, վերականգնել մահապատիժը... Մասնակիորեն, պետք է բոլոր լրատվամիջոցները հրաժարվեն օտարերկյա և տեղի ապազգային օլիգարխների ֆինանսավորումներից: Հանրապետության նախագահն իր ղեկավարած կուսակցությամբ արդեն սպառել է, երկիրը բերել է մահվան եզրին, հայտնի է, որ մահանալուց հետո արդեն հնարավոր չէ ոչինչ ասել: Պետք է ունենալ ազգային լրատվամիջոց, որը, իրական տեղեկություններ տարածելով, մարդկանց համոզի, որ իրենց ապագան վտանգված է: Այսօրվա կցկտուր և հիմնականում մակերեսային տեղեկությունների տարածմամբ մեծամասնությունը նկատում է միայն այն, թե կառավարությունը ինչպես է կողոպտում իրեն, սակայն գլխավորի, կյանքը խոչընդոտող գործոնների մասին շատ քիչ տեղեկություն ունեն: Ես համոզված եմ, որ լրատվությունը, հնարավորության և ցանկության դեպքում, մարդկանց կարող է օգնել գիտակցելու ստեղծված օրհասական իրավիճակը:
Ի՞նչ է նշանակում աշխարհում այս առանձնահատուկ բնական օբյեկտի՝ Սևանա լճի մակարդակի բարձրացման և այդտեղ արհեստական կերպով ձկնարդյունաբերության զարգացման խնդիրները հարմարեցնել օլիգարխների շահերին: Ամենևին չեմ զարմանա, որ նշված հանցագործ ծրագրերի իրականացման դեպքում լճի ափին հարյուրավոր միլիոն դոլար ծախսելով՝ կրոնական մի տաճար կառուցեն: Այժմ մեր երկրում երկու խնդիր լուծվում է ամենաբարձր մակարդակով: Դրանք են՝ ժողովրդի ունեզրկումը և կրոնականացումը, արտագաղթի մասին չեմ խոսի:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել