HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սփյուռքահայերը Արցախի բուհերում անվճար ուսանելու իրավունք կստանան

Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը` վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ:

Օրակարգային առաջին հարցով գործադիրը հաստատել է ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները և դրանց ուղեցույցները հրապարակելու մասին որոշման նախագիծը: Փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանի ներկայացրած փաստաթղթով նշյալ ստանդարտներն ու ուղեցույցները և դրանց հետագա փոփոխությունները հրապարակվում են ԼՂՀ ֆինանսների նախարարության ինտերնետային կայքում:

Համապատասխան որոշմամբ սահմանվել է պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասեր ունեցող բաժնետիրական ընկերությունների 2010 թ. ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում ստացված զուտ շահույթից պետբյուջե վճարման ենթակա շահութաբաժինների և ԼՂՀ ոստիկանության պետական պահպանության վարչության կողմից 2010թ. ստացված շահույթից պետական բյուջե վճարման ենթակա գումարի չափերը: Մասնավորապես սահմանվել է, որ ոստիկանության հիշյալ ստորաբաժանումը անցյալ տարվա զուտ շահույթից պետբյուջե կմուծի 2 մլն 60 հազար 600 դրամ: Իսկ «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի տարեկան վճարագումարը պետբյուջեին կկազմի 510 մլն դրամ:

Նիստում կառավարությունը հաստատել է համայնքի վարչական դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով ֆոնդային բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների հատկացումների տրամադրման կարգը: Ըստ այդմ` համայնքի բյուջեի ֆոնդային մասից վարչական մաս հատկացումները կարող են կատարվել համայնքի բյուջեի վարչական մասով նախատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով` բյուջետային տարվա առանձին ժամանակահատվածում համայնքի վարչական բյուջեում` պարտադիր լիազորությունների կատարման հետևանքով առաջացող դեֆիցիտի դեպքում:

Գործադիրի հավանությանն է արժանացել սոցապնախարարության կողմից ներկայացված` ԼՂՀ պետբյուջեի միջոցներով առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերի ձեռքբերման և դրանք քաղաքացիներին հատկացնելու կարգերը: Ուժը կորցրած է ճանաչվել 2008 թ. մարտից գործող այդօրինակ որոշումը: Սոցապնախարարության տարածքային մարմինները, հաստատված կարգի համաձայն, ուղեգրերն առաջնահերթորեն հատկացնում են, ի մասնավորի, հաշմանդամ զինծառայողներին, 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին, հաշմանդամի կարգավիճակ ունեցող մինչև 18 տարեկան երեխաներին, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, ինչպես և սոցիալական վեց այլ խմբերի ներկայացուցիչներին:

Նախկինում իր իսկ ընդունած որոշումներից մեկում լրացում կատարելով` կառավարությունը սահմանել է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները գերազանցության դիպլոմով ավարտած շրջանավարտներին, իսկ հաջորդ կուրսերում մրցութային կարգով նրանց ուսանողական նպաստ կամ ուսման վճարի փոխհատուցում տալ մեկ ուսումնական տարվա քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր առաջադիմություն ունենալու դեպքում:

Կրթական ոլորտին առնչվող մեկ այլ որոշմամբ` գործադիրը հաստատել է ԼՂՀ բուհեր օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգը: Նպատակ է հետապնդվում օտարերկրացիների համար Արցախի ուսումնական հաստատություններում կրթությունը մատչելի դարձնելը, նաև` համապատասխան պայմաններ ստեղծել հայ մշակութային ժառանգության նկատմամբ հետաքրքության առաջացման և հայագիտության զարգացմանը նպաստելու համար: ԼՂՀ ԿԳ նախարար Վ Խաչատրյանի պարզաբանմամբ` սփյուռքահայ ուսանողները կարող են իրավունք ստանալ նաև անվճար սովորելու: ԼՂՀ բուհեր ընդունված արտասահմանցի ուսանողների համար ուսուցումը կարող է կազմակերպվել գրական հայերենով կամ օտար լեզուներով: Ներկա պահին Արցախի պետական համալսարանի նախապատրաստական բաժնում ուսանում են Հնդկաստանի 7 քաղաքացի:

Կառավարությունը հավանություն է տվել ԼՂՀ ԿԳ նախարարության կողմից ներկայացված` հիմնական, ավագ, միջնակարգ հանրակրթական դպրոցներում, վարժարաններում, կրթահամալիրներում, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում նախազորակոչային պատրաստության կարգին և ուժը կորցրած ճանաչել կառավարության` 2004 թ. նույնօրինակ որոշումը: Նոր կարգով ԼՂՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում սահմանվում է զինվորական ղեկավարի հաստիք և նշանակվում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցիչ, որը նաև կհամարվի տվյալ ուս. հաստատության քաղաքացիական պաշտպանության շտաբի պետը:

Նիստում հաստատվել են կանոնավոր ուղևորափոխադրումների ճանապարհային թերթիկների և տոմսահաշվառման փաստաթղթերի ձևերը, ընդունվել ԼՂՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների գործունեությունը նորովի կանոնակարգող մի շարք որոշումներ: Ի թիվս դրանց, հաստատվել է ոստիկանության ծառայողի վերապատրաստում անցնելու կարգը և պայմանները, սահմանվել ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության պահանջները, լրացումներ կատարվել  տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման և հատկացման կարգում: Հաստատվել է նաև ԼՂՀ բնակավայրերի` բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատարների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր կարգը:

Նիստում գործադիրի ընդունած որոշմամբ կստեղծվի ԼՂՀ քարտեզագրագեոդեզիական ֆոնդ` սահմանելով դրա պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը: Ֆոնդում կպահպանվեն պետական նշանակության քարտեզագրական և գեոդեզիական աշխատանքների արդյունքում ստացված նյութերն ու տվյալները:

Կադաստրային ոլորտին առնչվող այլ որոշումներով փոփոխվել են Ասկերանի, Քաշաթաղի, Հադրութի շրջանների և Ստեփանակերտ քաղաքի վարչական սահմաններում գտնվող առանձին հողատարածքների ժամանակավոր սխեմաներում: Փոփոխությունները հիմնականում կատարվել են հասարակական կառուցապատման նպատակով:

Գործադիրի որոշմամբ ստեղծվել է «Քարվաճառի սանմաքրում-կանաչապատում» ՓԲԸ-ն` հատկացնելով 100 հազար դրամ կանոնադրական կապիտալ:

Նիստում երեք որոշում է կայացվել` միտված ԼՂՀ փրկարար ծառայության գործունեության կանոնակարգմանը: Դրանցից մեկով հաստատվել է փրկարար ծառայության նոր կառուցվածքը` բաղկացած ընդհանուր առմամբ 21 ստորաբաժանումից:

Հաստատվել է ԼՂՀ Ասկերանի շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական նոր ցուցակը, որն ընդգրկում է ավելի քան 300 օբյեկտ: Միաժամանակ ուժը կորցրած է ճանաչվել կառավարության` 1999 թ. նույնօրինակ որոշումը:

Նիստում գործադիրը փոփոխություններ է կատարել նախկին մի շարք որոշումներում, որոնք հիմնականում խմբագրական բնույթի են, նպատակաուղղված, մասնավորապես, ոստիկանության, կադաստրի, սոցիալական ոլորտի առանձին խնդիրների կարգավորմանը: Կառավարությունը հավանություն է տվել նաև «ԼՂՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու առաջարկությանը: Օրինագիծը կներկայացվի ԼՂՀ ԱԺ քննարկմանը:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter