HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեր հողերը պետք է ետ վերադարձվեն»

Մեր հարցերին պատասխանում են «Ադրբեջանի Երիտասարդական Պլատֆորմ» ՀԿ նախագահ Նուրեդին Բաբաեւը եւ կոորդինացիոն խորհրդի անդամ Կամիլա Մահմուդովան

- Երբեւէ հայերի հետ շփվելու առիթ ունեցե՞լ եք: Որտեղի՞ց եք հիմնականում տեղեկություններ ստանում հայերի մասին: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս են Հայաստանում ապրում ձեր հասակակիցները:

Նուրեդին Բաբաեւ - Ես երբեք անձնական շփում չեմ ունեցել հայ երիտասարդների հետ եւ, ըստ էության, դրան դեմ եմ: Իմ կարծիքով` բանակցությունները պետք է անցկացվեն պետական մակարդակով, իսկ ՀԿ-ները, քաղաքացիական հասարակության մյուս ինստիտուտները, երիտասարդությունը չպետք է շփում ունենան թշնամական կողմի հետ: Ոչ մի ժողովրդական դիվանագիտության մասին խոսք լինել չի կարող, քանի որ նման շփումները կարող են մոռացության մատնել ղարաբաղյան պատերազմի տարիներին մեր ժողովրդի ապրած բոլոր ողբերգական դեպքերը: Իսկ հայերի մասին տեղեկություններ ստանում ենք ինտերնետից, թերթերից, ամսագրերից, ինչպես նաեւ` ավագ սերնդի պատմություններից:

Կամիլա Մահմուդովա - Ես էլ հայերի հետ երբեք չեմ շփվել այն պարզ պատճառով, որ ծնվել եմ այն ժամանակ, երբ արդեն սկսվել էին հայտնի իրադարձությունները, հայերը հեռացել էին Ադրբեջանից: Արտասահմանում անց կացվող կոնֆերանսներին եւ սեմինարներին, որտեղ կարող էի հանդիպել հայ հասակակիցներիս հետ, չեմ մասնակցել: Հայերի մասին տեղեկանում եմ ինտերնետից եւ հեռուստատեսությունից:

- Ի՞նչն է արժեքավոր անձամբ ձեզ, ձեր ընկերների համար` մարդու կյա՞նքը, թե՞ հայրենի հողը: 

Նուրեդին Բաբաեւ - Իհարկե, մարդու կյանքն անգին է, բայց մեր հողերն էլ են մեզ համար անգին: Եվ քանի դեռ հայերը չեն վերադարձրել մեր տարածքները, յուրաքանչյուր ադրբեջանցու համար պատիվ կլինի այդ հողերի համար արյուն թափելը: Որպեսզի նորից արյուն չթափվի, հայերը պետք է վերադարձնեն մեր հողերը: Այլապես, մեզնից յուրաքանչյուրը պատրաստ է կռվել իր հողերի համար:

Կամիլա Մահմուդովա - Իհարկե, մարդու կյանքը, բայց հողերն էլ են կարեւոր մեզ համար: 

- Կարո՞ղ են, արդյոք, հայերն ու ադրբեջանցիները բացի Ղարաբաղից ունենալ ընդհանուր հետաքրքրություններ եւ շահեր: 21-րդ դարում նրանք կարո՞ղ են խաղաղ ապրել, ինչպես, օրինակ, Էլզաս եւ Լոթարինգիա վիճահարույց տարածքների համար 130 տարի միմյանց դեմ պայքարած գերմանացիներն ու ֆրանսիացիները:

Նուրեդին Բաբաեւ - Ապագայում գուցե հնարավոր է, որ մենք հաշտ ապրենք, բայց ոչ հիմա: Չափազանց խորն են վերքերը դրանք մոռանալու համար: Եթե հայերն ուզում են ադրբեջանցիների հետ խաղաղ պայմաններում ապրել, ապա առաջին հերթին պետք է վերադարձնեն օկուպացված տարածքները, եւ երկրորդ` այլեւս նոր տարածքային պահանջներ չներկայացնեն: Քանի դեռ մեր հարեւանները չեն գիտակցում իրենց քաղաքականության կործանելիությունը, որը հակասում է հենց Հայաստանի շահերին, նրանք մեկուսացված կմնան տարածաշրջանում եւ կախման մեջ կլինեն այլ երկրներից:

Կամիլա Մահմուդովա - Այո, հնարավոր է, եթե դրան չխոչընդոտեն այլ երկրները: Այնուամենայնիվ, ես երբեք չեմ կարող մոռանալ իմ ժողովրդի տառապանքների մասին, իսկ ապագայում հաշտության գալ, կարծում եմ, պետք է: Եվ դա հայերից է կախված: Եթե նրանք ուզում են մեզ հետ համերաշխ ապրել, ապա պետք է վերադարձնեն մեր հողերը: Այլապես երբեք չի հաջողվի հաշտվել:

- Հնարավո՞ր է ղարաբաղյան հակամարտության կարգավորում առանց դրսի միջամտության, ի՞նչ պետք է անեն կողմերը դրա համար: 

Նուրեդին Բաբաեւ - Հայաստանը լիովին կախյալ երկիր է. քաղաքականապես կախված է Ռուսաստանից, տնտեսապես` Իրանից: Ես կարծում եմ, որ Իրանը չպետք է աջակցի Ադրբեջանի համար թշնամական երկրին, քանի որ ադրբեջանցիներն Իրանի բնակչության զգալի մասն են կազմում, եւ մեր կրոնն էլ նույնն է: Եթե Իրանը համերաշխ լիներ Ադրբեջանի հետ, ապա Հայաստանը մեզնից կախված կլիներ եւ կընդուներ մեր պայմանները: Բացի դրանից, այս կոնֆլիկտում իր բացասական դերն է խաղում Ռուսաստանը, որը զինում է Հայաստանին: Սակայն ես դեմ եմ Ադրբեջանի` ՆԱՏՕ-ի կազմ մտնելուն, քանի որ դա կվնասի Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին, ինչն իր հերթին կանդրադառնա ղարաբաղյան հակամարտության լուծման վրա: Առայժմ մենք պետք է մանեւրենք: Բայց ապագայում Ադրբեջանը կմտի եվրաատլանտյան տարածություն, կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: Եվրոպային ինտեգրվելուց հետո մեր հարեւանների համար դժվար կլինի մեզ տարածքային որեւէ պահանջ ներկայացնել:

Կամիլա Մահմուդովա - Ես կարծում եմ, որ հիմնականում կոնֆլիկտի լուծմանը խոչընդոտում են գերտերությունները, եւ առաջին հերթին` Ռուսաստանը: Իրանը նույնպես տնտեսապես օգնում է հայերին: Կարծում եմ, որ եթե հզոր երկրները մեր խնդիրների մեջ քիչ խառնվեին, ապա մենք վաղուց արդեն լուծած կլինեինք այս կոնֆլիկտը: Բայց Ռուսաստանի հետ գժտվել նույնպես չի կարելի, քանի որ դա վերջնական հաշվով կանդրադառնա կոնֆլիկտի լուծման վրա:

Զաուր Ռասուլզադե

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter