HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մենք չենք ատում հասարակ մարդկանց»

Մեր հարցերին պատասխանում են «Դալգա» երիտասարդական շարժման նախագահ Վաֆա Ջաֆարովան, պատվավոր նախագահ Ռամին Գաջիլին, վարչության անդամներ Նարմին Ռամազանովան եւ Էլվին Կյազիմովը:

- Երբեւէ հայերի հետ շփվելու առիթ ունեցե՞լ եք: Որտեղի՞ց եք հիմնականում տեղեկություններ ստանում հայերի մասին: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս են Հայաստանում ապրում ձեր հասակակիցները: 

Վաֆա Ջաֆարովա - Անձամբ ես հայերի հետ շփվում եմ միջազգային տարբեր կոնֆերանսների եւ սեմինարների ժամանակ, որոնք անց են կացվում Թբիլիսիում, Մոսկվայում եւ այլ վայրերում: Մեր միջեւ բավական նորմալ հարաբերություններ են ծավալվել, ատելություն չունենք միմյանց նկատմամբ: Հայերի մասին տեղեկություններ հիմնականում ստանում եմ ԶԼՄ-ներից եւ Ինտերնետից:

Նարմին Ռամազանովա
 - Ես հայերի հետ ոչ մի առնչություն չեմ ունեցել: Եթե երբեւէ նրանց հետ հարաբերություններ լինեն, ապա դրան նորմալ կվերաբերվեմ: Թշնամական վերաբերմունք կարող եմ ունենալ միայն մեր տարածքներն օկուպացրած զենքով հայերի նկատմամբ, իսկ խաղաղ մարդկանց նորմալ եմ վերաբերվում:

Ռամին Գաջիլի - Ես էլ հայերի հետ երբեք չեմ շփվել: Ինքս ծնունդով Ղարաբաղից եմ, եւ ինձ համար, իհարկե, դժվար կլինի նրանց հետ որեւէ շփում ունենալը: Բայց, միեւնույն ժամանակ հասկանում եմ, որ մենք հայերի հետ կովկասյան երկու ժողովուրդներ ենք եւ դատապարտված ենք միասին ապրելու: Այդ իսկ պատճառով, որքան էլ որ դժվար լինի, կարծում եմ, պետք է ընդհանուր լեզու գտնենք: Չէ՞ որ պատերազմը խաղաղ մարդիկ չեն հրահրել, այլ կոնկրետ մարդիկ եւ ուժեր, որոնց նպատակը հենց այս երկու ժողովուրդներին գժտեցնելն էր:

- Ի՞նչն է արժեքավոր անձամբ ձեզ, ձեր ընկերների համար` մարդու կյա՞նքը, թե՞ հայրենի հողը: 

Ռամին Գաջիլի - Իհարկե, մարդու կյանքը: Եթե այս հարցին մոտենանք լիբերալիզմի տեսանկյունից, այսինքն` եթե մենք չհոգանք կոնկրետ մարդու կյանքի մասին, ապա չենք կարողանա պաշտպանել ոչ մեր հողը, ոչ էլ պետությունը: Չէ՞ որ յուրաքանչյուր պետության ամենամեծ հարստությունը նրա քաղաքացիներն են: Այդ իսկ պատճառով առաջին տեղում մենք մարդկանց շահերն ենք դնում: 

Վաֆա Ջաֆարովա - Ես էլ եմ այդ կարծիքին, քանի որ ոչինչ չի կարող փոխարինել մարդկային կյանքին: Մարդիկ են ցանկացած պետության հիմնական ռեսուրսը: Իհարկե, հողն էլ է մեզ համար շատ թանկ, բայց այն դառնում է առավել արժեքավոր, եթե նրա վրա մարդիկ են ապրում: Ես հավատում եմ, որ մեր մարդիկ կվերադառնան պատերազմի տարիներին կորցրած իրենց հարազատ օջախները: Միեւնույն ժամանակ ես հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցն եմ, որպեսզի այլեւս զոհեր չլինեն: 

- Կարո՞ղ են, արդյոք, հայերն ու ադրբեջանցիները, բացի Ղարաբաղից, ունենալ ընդհանուր հետաքրքրություններ եւ շահեր: 21 -րդ դարում նրանք կարո՞ղ են խաղաղ ապրել, ինչպես, օրինակ, Էլզաս եւ Լոթարինգիա վիճահարույց տարածքների համար 130 տարի միմյանց դեմ պայքարած գերմանացիներն ու ֆրանսիացիները:


Վաֆա Ջաֆարովա - Մենք հայերի հետ հարեւաններ ենք եւ պարզապես դատապարտված ենք միասին ապրելու: Ո՛չ նրանք, եւ ո՛չ էլ մենք ոչ մի տեղ չենք գնալու մեր հողերից: Ես կարծում եմ, որ 10-20 տարի հետո, երբ այս անհեթեթ իրավիճակը լուծում կստանա, մենք նորից կկարողանանք խաղաղ համագոյակցել: Բայց հիմա ինչ-որ երրորդ ուժերի է պետք, որ մենք պատերազմենք: Ես լիովին համոզված եմ, որ պատերազմը ո՛չ մեզ, ո՛չ էլ նրանց պետք չէ, պարզապես նման իրադրությունը շահավետ է որոշ գերտերությունների: Ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ էլ Ռուսաստանը չեն ուզում, որ մենք դարձյալ խաղաղություն ձեռք բերենք, այդ իսկ պատճառով նրանք ճակատ-ճակատի են տալիս մեր երկու ժողովուրդներին: Բայց սա քաղաքական հարց է, եւ ես չեմ ուզում մխրճվել մանրամասների մեջ: Սակայն, կարծում եմ, որ մեր ժողովուրդները երբեւիցե իրենց մեջ ուժ կգտնեն հաշտվելու համար: Կովկասը մեր ընդհանուր տունն է, եւ մենք ինքներս կարող ենք լուծել մեր խնդիրները` առանց կողմնակի օգնության: 

Էլվին Կյազիմով 
- Վաֆան լիովին ճիշտ է: Այս կոնֆլիկտի լուծումն առաջին հերթին ձեռնտու չէ Ռուսաստանին, որը Կովկասում խաղաղություն չի ուզում: Եթե հայացք գցենք ադրբեջանցիների, վրացիների եւ հայերի պատմությանը, մշակույթին եւ սովորույթներին, ապա շատ ընդհանրություններ կգտնենք: Ուզում ենք դա, թե ոչ, բայց մենք պարտավոր ենք միասին ապրել: Հուսով եմ, որ մենք կգանք խաղաղ համաձայնագրի, եւ ինչպես նախկինում էր, նորից կկարողանանք խաղաղ գոյատեւել: 

Նարմին Ռամազանովա - Ուզում եմ ավելացնել, որ եթե մենք խաղաղության չգանք, ապա ադրբեջանական երիտասարդությունը պատրաստ է պաշտպանելու իր հողերը ցանկացած ձեւով: Կրկնեմ, որ մենք թշնամի ենք համարում զինված հայերին, այլ ոչ սովորական քաղաքացիներին: Մենք գիտենք, որ սովորական մարդիկ ոչնչում մեղավոր չեն: Դրա համար, եթե սովորական հայերը պատրաստ կլինեն մեզ հետ հաշտ ապրելու, ապա մենք էլ պատրաստ ենք նրանց ձեռք մեկնելու:

Ռամին Գաջիլի - Ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը դարձել է ագրեսիվ տրամադրված մի խումբ մարդկանց գերին, մարդիկ, որոնք խաղաղություն չեն ուզում: Այս քաղաքականության արդյունքում կորուստներ է կրում միայն հայ ժողովուրդը, որն արդեն իսկ դուրս է մնացել մի շարք տարածաշրջանային ծրագրերից: Սակայն, եթե հայերը հասկանան իրենց քաղաքականության սխալականությունը, ապա ապագայում նրանք կկարողանան միանալ այդ ծրագրերին: Իհարկե, Ղարաբաղը վերադարձնելուց եւ Ադրբեջանի հետ հաշտության պայմանագիր կնքելուց հետո: 

- Հնարավո՞ր է ղարաբաղյան հակամարտության կարգավորում առանց դրսի միջամտության, ի՞նչ պետք է անեն կողմերը դրա համար: 


Վաֆա Ջաֆարովա - Այս կոնֆլիկտը մեր ժողովուրդներին պարտադրել է Ռուսաստանը: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ առանց նրա միջամտության չենք կարող լուծել խնդիրը: Հիմա աշխարհի միայն երկու հզոր երկրները` ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը, կարող են ազդել Հայաստանի վրա, որպեսզի նա ազատի մեր տարածքները, բայց նրանք դա չեն անում: Դրա համար, կարծում եմ, մենք չենք կարող ընդհանուր լեզու գտնել հայերի հետ, քանի դեռ այդ երկրները չեն փոխել իրենց վերաբերմունքը կոնֆլիկտի նկատմամբ: Եթե մենք հայերի հանդեպ ատելություն չենք տածում, ապա դա չի նշանակում, որ մեր ամբողջ հասարակությունն է այդպես մտածում: Մեր երկրում մարդիկ հակված են կոնֆլիկտը ռազմական ճանապարհով լուծել: Սակայն, կարծում եմ, եթե ԱՄՆ-ը եւ Ռուսաստանն ազդեն մեր երկրների վրա, ապա այս կոնֆլիկտն իր խաղաղ լուծումը կստանա:

Զաուր Ռասուլզադե 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter