Ինչպիսի նախագահ են ուզում ընտրողները
«Ցանկանում եմ, որ նոր նախագահը պետության անվտանգության մասին մտածող գործիչ լինի: Նա պետք է ունենա լավ թիմ, շրջապատված լինի այնպիսի մարդկանցով, որոնք իր պես լավատեղյակ կլինեն երկրի խնդիրներին,- ասում է 21-ամյա ուսանողուհի, լրագրող Կարինե Իոնեսյանը:
- Ապագա նախագահը դիվանագետ պետք է լինի, այսինքն` կարողանա ոչ միայն ղեկավարել երկիրը, այլեւ շփվել այն պետությունների եւ գերտերությունների ղեկավարների հետ, որոնց հետ մենք շահ ունենք:
Ըստ Կարինեի` որպես դիվանագետ ՀՀ նախագահը պետք է միջազգային ասպարեզում կարողանա դուրս գալ դժվար իրավիճակներից ու տեղեկատվական հաջող պատերազմ վարի Ադրբեջանի եւ Թուրքիայի դեմ. «Ես ուզում եմ, որ ապագա նախագահը իսկական ղեկավար լինի, ում ետեւից կարող ես գնալ` գիտակցելով, որ դու այդպես օգնում ես քո նախագահին, իսկ նա էլ գնահատում է քո քայլը: Կուզեի, որ մարդկանց հետ շփվեր ոչ թե արհեստական ձեւով, այլ զուտ մարդկայնորեն»:
Իսկ ընտրվելու դեպքում ո՞րը պետք է լինի ապագա նախագահի առաջին քայլը:
«Նա պետք է իրագործի իր նախընտրական ծրագիրը եւ սկսի հենց առաջին կետից, ամբողջությամբ իրականացնի այդ կետը եւ անցնի հաջորդին: Նախագահը պիտի կատարի իր բոլոր խոստումները, այլ ոչ թե նոր ընտրությունների ժամանակ հայտարարի, թե «տեսեք` ինչեր եմ արել, ընտրեք ինձ, եւ կիրականացնեմ մնացած խոստումներս»»:
Գալիք ընտրությունների արդարությանը Կարինեն չի հավատում, քանի որ «մեզ մոտ մեծամասամբ ընտրում են ձեւականորեն. գումար տալով` մարդկանց համոզում են, թե այսինչ թեկնածուն լավն է, հետեւաբար ես չեմ հավատում, որ մարդիկ հիմնականում ընտրում են անկեղծորեն եւ հենց նրան, ում իսկապես ուզում են»:
Ընտրությունների արդար անցկացմանը չի հավատում նաեւ 50-ամյա Ալբերտը. «Ոչ մեկն էլ չի հավատում, որ արդար ընտրություններ կլինեն: Այսքան ժամանակ գնացել եմ ընտրությունների, ոչ մի անգամ նման բան չի եղել»: Հենց այս պատճառով Ալբերտը գալիք ընտրություններին չի մասնակցելու: Նրա կարծիքով` նախագահն առաջին հերթին պետք է լինի ժողովրդի ցավերը հասկացող, հոգսերը հոգացող, խնդիրները լուծող եւ արդար մարդ, «ինչը հիմա հնարավոր չէ, որովհետեւ ընդհանուր երկրում արդարություն չկա: Ով էլ նախագահ նստի, փոխվելու է, չի լինելու այն, ինչ որ եղել է մինչեւ նախագահ դառնալը»:
«Մասնագիտությամբ մեխանիկ եմ, բայց ու՞մ է պետք իմ դիպլոմը, ո՞վ է մտածում մարդկանց աշխատանքի մասին,- հարցնում է Ալբերտը,- ուրիշ երկրներին օրինակ են բերում, բայց ուրիշ երկրներում եթե մարդիկ չեն աշխատում, նրանց օգնում են, իսկ մեզ մոտ միայն օրիորդներին են աշխատանքի տեղավորում, մտածում են միայն հավաքվող հարկերի մասին, ու վերջ...»:
28-ամյա երկրաբան Գեւորգ Ծատուրյանն ու տնտեսագետ Արթուր Մկրտչյանն էլ աշխատում են ոչ իրենց մասնագիտությամբ: Գեւորգը մեքենաներ է վերանորոգում, իսկ Արթուրը խոհարար է: Երկուսն էլ մասնակցելու են ընտրություններին, գիտեն, թե ում են ընտրելու, բայց ընտրությունների արդարությանը չեն հավատում: Ըստ նրանց` իշխանությունը դիմելու է կեղծիքների: Գեւորգը շուտով պատրաստվում է Ֆրանսիա մեկնել եւ կարծում է, որ ապագա նախագահի առաջին քայլը պետք է լինի արտագաղթը կանխելը: Խոհարար աշխատող տնտեսագետ Արթուրն էլ կարեւորում է նոր աշխատատեղերի բացումը: Նա ասում է, որ նախագահը ոչ միայն իր շրջապատի, այլեւ ժողովրդի մասին մտածող մարդ պետք է լինի:
Արդեն մեկ ամիս է, որ Սվետլանա Մելիքսեթյանը (60 տ.) թոշակ է ստանում, ասում է, որ եթե աշխատանք եղավ, ամեն ինչ լավ կլինի. «Կուզեի, որ նոր նախագահը աշխատատեղեր ստեղծեր, թոշակներն ու աշխատավարձերը բարձրացներ»: Տիկին Սվետլանան մասնակցելու է ընտրություններին եւ արդեն կողմնորոշվել է, թե ում է ընտրելու, կարծում է նաեւ, որ ընտրությունները կլինեն արդար. «Ժողովուրդն էլ, իշխանություններն էլ այսքան չարչարվում են, ամեն ինչ անում են, որ լավ անցնի, տեսնենք...»:
56-ամյա Սուսաննա Գեւորգյանն էլ մասնագիտությամբ մանկավարժ է, բայց այսօր առեւտուր է անում վերնիսաժում: «Ինչպիսի՞ն պետք է լինի երկրի նախագահը» հարցին նա պատասխանում է. «Նախեւառաջ պետք է ժողովրդի մասին մտածող մարդ լինի, որպեսզի մեզ նման ինստիտուտ ավարտած մարդիկ չգան վերնիսաժում չարչիությամբ զբաղվեն, այլ իրենց աշխատանքն ունենան ու կարողանան նորմալ ապրել»: Ըստ Սուսաննայի` ապագա նախագահի առաջին քայլն այն պիտի լինի, որ «մարդկանց միջեւ աշխատանքի ընդունելու ժամանակ տարիքային սահմանափակումներ չդրվեն. 50 տարին լրացած մարդիկ էլ են ուզում հաց ուտել»:
26-ամյա լուսանկարիչ, մասնագիտությամբ մանկավարժ-հոգեբան Ասատուր Եսայանցի պատկերացմամբ` ՀՀ ապագա նախագահը պետք է «համակարգը աշխատեցնող» լինի, նրա օրոք օրենքները պիտի գործեն բոլորի, այլ ոչ թե մի առանձին շերտի համար:
«Նոր նախագահը ստվերային տնտեսության մեջ գործող օլիգարխներին պետք է բերի հարկային դաշտ, ինչի շնորհիվ կդադարի ժողովրդի հարստահարումը, մանր ու միջին բիզնեսն էլ կսկսի մի քիչ լավ շնչել»,- ասում է լուսանկարիչը, ով մասնակցելու է ընտրություններին, բայց թե ինչպե՞ս կանցնեն դրանք, դժվարանում է ասել:- Հայաստանն այսօր թեկուզ փոքր, բայց որոշակի տեղաշարժ ունի, եւ ով էլ ընտրվի նախագահ, պետք է պահպանի դա, այլ ոչ թե սկսի զրոյից»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել