Սփյուռքահայերն Արցախում
Ժիրայր Շահիջանյանը Ղարաբաղում իրեն հաջողակ բիզնեսմեն է համարում, թեկուզ խոստովանում է, որ նրա եկամուտն այնքան էլ մեծ չէ:
34-ամյա Ժիրայրը Իրանի Իսպահան քաղաքից առաջին անգամ Ղարաբաղ էր եկել 1996-ին` պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո: Մի քանի ամիս Ղարաբաղում մնալուց հետո կրկին վերադարձել է Իրան, սակայն 1999-ին արդեն մշտապես բնակություն հաստատելու նպատակով տեղափոխվել է Ղարաբաղ:
Նա իր ծննդավայրում դեռեւս պատանեկության եւ երիտասարդ տարիներին անդամակցում էր ՀՅԴ պատանեկան եւ երիտասարդական միություններին, ինչն էլ, թերեւս, Արցախ գալու պատճառ հանդիսացավ: Ինչպես Ժիրայրն է հավաստիացնում, Ղարաբաղ եկավ` ելնելով իր հայրենասիրական մղումներից:
Հենց սկզբից նա սկսեց աշխատել ՀՅԴ Արցախի երիտասարդական եւ ուսանողական միությունների գործունեությունն ավելի կանոնավոր դարձնելու ուղղությամբ, իսկ հետո աշխատանքի անցավ ՀՅԴ Արցախի գրասենյակում:
Արցախ տեղափոխված իրանահայն ընտանիք կազմեց եւ առայսօր ապրում եւ աշխատում է Ստեփանակերտ քաղաքում, զբաղվում է կուսակցական եւ հասարակական գործունեությամբ: Դրանց զուգահեռ, Ժիրայրը սկսեց քայլեր ձեռնարկել նաեւ փոքր բիզնեսում:
Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցի վրա է գտնվում Ժիրայրի եւ իր մի քանի ընկերների համատեղ ջանքերով կառուցված «Խարիսխ» սրճարան-բարը: «2002-ին ընկերներով սկսեցինք շենքի կառուցումը, իսկ 2006-ի մայիսից սկսեց գործել սրճարանը: Այսօր եկամուտ ենք ստանում ընկերներով: Ճիշտ է, այդ եկամուտը մեծ համարել չի կարելի, քանի որ շրջանառության ծավալներն այնքան էլ մեծ չեն, բայց վնասով չենք աշխատում»,- ասում է Ժիրայր Շահիջանյանը:
Բիզնես սկսելու համար Իրանի եւ Ղարաբաղի պայմանները, ըստ նրա, անհամեմատելի են: Իրանում, ի տարբերություն Ղարաբաղի, փոքր եւ միջին բիզնեսի զարգացման նախադրյալներ կան, թղթաբանական առումով այնտեղ ավելի մեղմ են պայմանները, քանի որ ուշադրությունը հիմնականում սեւեռված է խոշոր բիզնեսի վրա: Իսկ Ղարաբաղում, նրա կարծիքով, թղթաբանությունը շատ է, ինչը միաժամանակ անհրաժեշտ է համարում` վերահսկողությունն ավելի հաջող իրականացնելու համար:
«Գնալով Ղարաբաղում օրենսդրական դաշտն ավելի է կատարելագործվում, չնայած պետք է խոստովանել, որ դեռ թերություններ կան: Ընդհանուր առմամբ, բիզնես սկսելու համար պայմաններն այստեղ նորմալ են: Եթե աշխատես օրենքի շրջանակներում, ապա ոչ մի խոչընդոտ ունենալ չես կարող: Կոնկրետ ես իմ վրա չեմ զգացել այն, որ ասում են, թե Ղարաբաղում բիզնես դնելու համար անպայման թիկունք պետք է ունենաս»,- նշում է նա:
Առհասարակ, այնպիսի կարծիք կա, որ սփյուռքահայերը Ղարաբաղում պետք է միայն բարեգործական ծրագրեր իրականացնեն, այլ ոչ թե բիզնես անեն: Բոլորովին այլ կարծիք ունի Ժիրայր Շահիջանյանը, ով գտնում է, որ առաջնային պետք է լինի Ղարաբաղում բիզնես դնելն ու ներդրումներ կատարելը, ինչը հնարավորություն կտա հայրենիքում նաեւ աշխատատեղեր ստեղծել: «Ճիշտ է, բարեգործական ծրագրեր էլ պետք է իրականացվեն, բայց դրանք առաջնային չպիտի լինեն, քանի որ ղարաբաղցին իր էությամբ հպարտ է, իսկ օգնություն տրամադրելով` նրա ներսում կարող ես այդ հպարտությունը կոտրել»,- կարծում է Ժիրայրը:
Շարունակելով ղարաբաղցիների թեման` նա գոհունակությամբ նշում է նաեւ ղարաբաղցու հյուրասիրությունը, որն իր դերն ունի սփյուռքահայի` այստեղ բնակություն հաստատելու ցանկության առաջացման գործում: Սակայն, կառավարությունն իր հերթին, պետք է արտոնություններ սահմանի այստեղ բնակվելու ցանկություն ունեցող սփյուռքահայերի համար: «Խոսքս ամենեւին էլ չի վերաբերում հարկային արտոնություններին: Այստեղ, իմ կարծիքով, բոլորի համար հավասար պայմաններ պետք է լինեն: Ես նկատի ունեմ սփյուռքահայերի քաղաքացիության եւ կեցության արտոնյալ պայմանների անհրաժեշտությունը»,-ասում է Ժիրայրը, որը նույնպես Ղարաբաղի քաղաքացիություն չունի: Նա վերաբնակչի կագավիճակ ունի, ինչպես նաեւ` ժամանակավոր գրանցում:
Ժիրայրը կարծում է, որ քաղաքացիության հետ կապված արտոնությունները եւ ղարաբաղցիների` արտասահմանից եկած մարդկանց հանդեպ հարգալից վերաբերմունքը կարող են քաջալերել սփյուռքահայ բազմաթիվ երիտասարդների` այստեղ տեղափոխվել: «Գրանցումը եւ քաղաքացիությունն, իմ կարծիքով, պատվոգրի նման մի բան են, կարեւորն այստեղի բնակիչների վերաբերմունքն է, որի շնորհիվ սկսում ես կապվել այս հողի, մարդկանց հետ, այս հողի վրա սկսում ես հպարտ ու ամուր քայլել եւ տիրոջ զգացում ձեռքբերել: Իսկ մյուս բոլոր հարցերն աստիճանաբար լուծում կստանան»,- շեշտում է Ժիրայրը:
Ժիրայրի կինը` Երազիկը, հավաստիացնում է, որ երբեք չեն քննարկել ամուսնու ծննդավայր տեղափոխվելու հարցը: «Դեռ մինչեւ հարսանիքը, որը տեղի ունեցավ Իսպահանում, մենք արդեն որոշել էինք, որ անպայման կվերադառնանք Ղարաբաղ: Եվ լավ հիշում եմ, մինչեւ տոմսերը չգնեցինք` ինձ հանգիստ չէի զգում: Այդ ժամանակ այստեղ դեռ բիզնես չունեինք, Ժիրայրն աշխատանք չուներ, ու թվում էր` կարող էինք տեղափոխվել, բայց այդ ժամանակ էլ սարսափում էի այստեղից հեռանալու մտքից: Քանի որ այդ ժամանակ նաեւ զինվորական էի, պարտքի զգացումն իր հերթին ինձ մղեց մնալ Արցախում: Դրանից հետո նման հարց չենք քննարկել»,- հավաստիացնում է Երազիկը:
Ստեփանակերտ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել