Հայերը մենթալիտետ չունեն
Արսեն Արշակյան
Ի՞նչ ենք մենք հասկանում «մենթալիտետ» ասելով: Հավանաբար հասկանում ենք տվյալ ժողովրդի ազգային առանձնահատկությունները, կենցաղում այդ ժողովրդի յուրահատկությունները:
Ասենք, հարեւանդ գլխիդ ջուր է լցրել: Ի՞նչ պիտի անես: Գնում ես հաշիվ մաքրելու: Ընդ որում` նրա մոտ բարձրանալիս ինքդ քեզ համար չես բացառում, որ հարկ եղած դեպքում, ասենք, եթե խորապես չի գիտակցում իր արածը կամ մտադիր չէ փոխհատուցել կատարվածի համար, հարեւանիդ գլուխը կջարդես: Մենք ազգային առանձնահատկություն ենք ընկալում այն, որ կարելի է երեխային ապտակել: Ի՞նչ է եղել որ: Եվրոպացիներն, ընդհակառակը, հռչակել են` երեխային ապտակողը պետք է պատասխան տա: Մենք դատապարտում ենք արվամոլությունը, Եվրոպայում արվամոլները ոչնչով լավը կամ վատը չեն նրանցից, ովքեր արվամոլ չեն: Թուրքը մեր թշնամին է, մենք անհամատեղելի ժողովուրդներ ենք: Ըստ մեզ: Իսկ եվրոպացիների համար թուրքերը չազատականացված հասարակություն են եւ չազատականացված կմնան այնքան ժամանակ, քանի դեռ «թուրքն» ավելի շատ ազգություն է, քան` մշակութային տարր: Իսկ քանի դեռ «թուրքն» ավելի շատ ազգություն է, քան` մշակութային տարր, երբեք չի ճանաչի մեր պապերի հանդեպ իրականացրած ցեղասպանությունը: Այսինքն` թուրքերի խնդիրն իրենց մշակութակերպի ընկալման իսպառ խեղաթյուրման մեջ է, կարճ ասած` թուրքերը մեր նման մենթալիտետացված ժողովուրդ են:
Բայց երբեւէ որեւէ մեկի մտքով անցե՞լ է, թե որտեղի՞ց է ծագել այդ բառը: Անձամբ ես չգիտեմ: Ես հիմա ուզում եմ ենթադրել, որ «մենթալիտետի» ակունքները մարդու բացասական դրսեւորումների, անհանդուրժողականության մեջ են: Հազիվ թե դեպի լավը ձգտող մարդը որեւէ մեկից տարբերվելու կարիք ունենա: Ի վերջո, դեպի լավի վերջակետը բոլորիս համար այն է, որ լինենք հավասարապես բարի, առաքինի, արդարասեր, ազնիվ, լուսավոր: Հնարավոր չէ, որ իր ձգտումների լավագույն դրսեւորումների մեջ մարդը մեկ ուրիշից լինի ավելի առաքինի, ավելի լուսավոր, ավելի մարդ, ավելի արդարասեր: Այլ խոսքով, մարդու ինչի՞ն է պետք մենթալիտետը, եթե կան աստվածաշնչյան պատվիրանները: Այստեղից պետք է սկսել:
Մենթալիտետը մեռնում է հանդուրժողականությամբ: Մենթալիտետավոր մարդը չի կարող աչքի ընկնել առավելություններով, բայց նա կարող է իր պակասությունների մեջ պակաս անտանելի լինել: Մենթալիտետով են բացատրում նաեւ տարբեր ժողովուրդների անհամատեղելիությունը: Ասենք, հայ աղջիկները հեշտությամբ չեն տրվում հարաբերություններ հաստատելիս, իսկ ռուս աղջիկները հեշտությամբ են տրվում: Խնդիրն էլ հենց այն է, որ այստեղ կա մտածողություն, որը ոչ մեկին հարվածի տակ չի դնում, այլ ցույց է տալիս երկու ժողովուրդների տարբերությունը, ասենք, աղջկա մասին ըմբռնումներում: Այսինքն` մենք մտածում ենք, որ ռուս աղջիկները հեշտ են տրվում, իսկ ռուսներն իսկի չեն էլ մտածում, որ հայ աղջիկները դժվարությամբ են տրվում, չնայած հայ աղջիկների հեշտ տրվելու մասին մտածում են երիտասարդ իրանցիները:
Մենք մտածում ենք, որ օրենքից բացի կան հեղինակություններ, այսինքն` մարդիկ, որոնք մեզնից անկախ (իրականում` մեր պատճառով) ավելի արտոնյալ վիճակում են, իսկ լեհը կամ հոլանդացին օրենք ասելուց հետո ոչ մեկի կողմը չի նայում: Նրանց գործարարը, նախարարը եւ դռնապանն իրենք իրենց իրացնում են նույն օրենքի, այսինքն` արդարամտության մասին նույն պատկերացումների շրջանակներում: Սա ի՞նչ է նշանակում: Ինչ-որ մեկը 5 տարի առաջ ասում էր, որ «եվրոպացիները մեր մենթալիտետը չեն հասկանա»: Ոչ մի եվրոպացու մտքով չի անցնի որեւէ արաբի մասին ասել, որ վերջինս իր` իսպանացու, իտալացու, շոտլանդացու մենթալիտետը չի հասկանա: Ինչու՞: Որովհետեւ ինչպե՞ս մի ամբողջ ազգ կարող է լինել անհասկացող, եթե խոսքը խիստ մասնավոր մի բանի մասին է, ասենք` ընտրությունները կեղծելու: Կամ, ասենք, աղջիկ կապելու: Ինչու՞ պիտի եվրոպացին փորձի հասկանալ մեր մենթալիտետը, եթե նա չի պատրաստվում հարվածի տակ դնել մեր արժեքները: Ի՞նչը պիտի հասկանա եվրոպացին: Փորձելու՞ է նա հասկանալ մեր մենթալիտետը, եթե նա ընտրություն ասելով նկատի ունի ընտրություն, օրենք ասելով նկատի ունի օրենք:
Գրված է` մի՛ կեղծիր, նշանակում է` մի՛ կեղծիր: Եվրոպացիները հետին մտքեր չունեն, դրա համար էլ բաներ կան, որոնք չեն հասկանա: Կամ ի՞նչ նկատի ունենք մենք մենթալիտետ ասելով, եթե ընտրություն ասելով դեռեւս ընտրություն նկատի չունենք: Այսպիսի մենթալիտետը եվրոպացին չի հասկանում այսօր, չի հասկանա հազար տարի հետո, քանի դեռ մենթալիտետ ասելով մենք հասկանում ենք մարդու` առաջին անհրաժեշտության արժեքների մասին պատկերացումների բախում: Որո՞նք են մարդու առաջին անհրաժեշտության արժեքները: Սա յուրաքանչյուր քաղաքացի ոչ թե ճշտում է իր համար ողջ գիտակցական կյանքում, այլ, այսպես ասած, սովորում է ամեն բանաստեղծության, ամեն խաղալիքի, մոր յուրաքանչյուր խրատի կամ ժպիտի հետ:
Կարելի է ասել` չի հասցնում մտածել այդ արժեքները ճշտելու մասին, երբ արդեն հասկանում է, թե ինչի մասին է խոսքը: Իսկ ինչի՞ մասին է խոսքը: Մի՛ կեղծիր, մի՛ ստիր, քանի որ չկա մի սուտ, որը չվերադառնա քեզ: Ինչու՞ չի հասկանա: Որովհետեւ եվրոպացին իր ընտրական համակարգում բացառել է ոչ թե խոռոչները, ոչ թե պատկերացումները, որ կարելի է նաեւ կեղծել, այլ նա բացառել է անկատարության մասին պատկերացումներն այնտեղ, որտեղ բոլորը նույն շահի մեջ են: Այսինքն, եվրոպացին չունի այն ընկալումը, որ «իմ ընտրությունը քո ընտրությունը չէ»: Որքան էլ երկու եվրոպացի քվեարկեն երկու տարբեր թեկնածուի օգտին, մեկի ընտրությունը մյուսի ընտրությունն է, որովհետեւ այդ երկու թեկնածուները երկրի կառավարման, դեմոկրատիայից մեկ քայլ չշեղվելու նույն պատկերացումների դաշտում են: Նրանք ընտրություն չեն անում մարդկանց միջեւ` նրանց իրենց սկզբունքներից վեր դասելով, այսինքն` նրանց համար մարդիկ իրենց գոյության երաշխավորը չեն, իրենց արդարամտության կրողը չեն, իրենց դրսեւորման հույսը չեն, մարդիկ ամրագրված սկզբունքների կամ սկզբունքների կատարելագործման երաշխավորներն են:
Մարդիկ խորհրդանիշ չեն, եթե նույնիսկ թագավոր են: Նրանք երաշխավոր են: Ինչու՞: Որովհետեւ յուրաքանչյուրն է երաշխավոր: Իսկ ինչպե՞ս է երաշխավոր: «Մի արա ուրիշին այն, ինչ չէիր ուզենա, որ քո հետ անեն»: Ուրիշ երաշխավորություն չկա: Այսինքն, երաշխավոր է յուրաքանչյուրը: Այսինքն, ուրիշ մենթալիտետ չկա: Այսինքն, մենք չենք կարող եվրոպացիներից տարբերվել, եթե մեր երկուսի սկզբունքը նույնն է` չանել ուրիշին այն, ինչ չէինք ուզենա, որ մեր հետ անեն: Իսկ ինչպե՞ս է, այնուամենայնիվ, առաջացել «մենթալիտետը»: Առաջացել է հավակնություններից: «Մարդամեկը» որոշել է շեղվել սկզբունքից, այսինքն` որոշել է, որ ինքը պետք է լինի երաշխավոր, եւ երաշխավոր լինելու համար նրան անհրաժեշտ է եղել ուրիշների պարզամտությունը, այսինքն` ուրիշների կորսվելու «ընդունակությունը»:
Բոլոր մենթալիտետների հիմքում հասարակությունն աղանդավոր դարձնելու կիրքն է: Ընդ որում` որպեսզի «մարդամեկը» կարողանա լինել համոզիչ, պետք է կոծկի ճշմարտությունը: Սա պարադոքս է: Ինչպե՞ս մարդը կարող է համոզիչ լինել, եթե նա ճշմարտությունից տարբերվող ինչ-որ բան է ասում: Բանն այն է, որ իշխելու ցանկություն ունեցող մարդուն անհրաժեշտ է, որ մյուսները կորցնեն ողջամտությունը: Միայն դրանից հետո նա կարող է կառավարել: Մարդուց շատ բան պետք է թաքցնել նրան կառավարելի դարձնելու համար: Իշխանությունները ձեւավորվում են թաքստոցներում: Այստեղ նույնիսկ «կառավարելի հասարակություն» ձեւակերպումն է անիմաստ: Իշխանությանն ավելին է պետք` հասարակության բացակայությունը, այսինքն` այն, ինչը կա Հայաստանում: Իսկ ավելի պարզ ասած` ի՞նչ կա Հայաստանում: Պատասխանն այնքան պրիմիտիվ է, որ կարող է հիասթափեցնել իր ակնհայտությամբ: Հայաստանում կա անազատություն: Այսինքն` ազատության ընկալման իսպառ բացակայություն: Ի՞նչ է նշանակում կոծկել ճշմարտությունը, ո՞րն է ճշմարտությունը: Նրանցից, այսինքն` առաջնորդներից միայն մեկ բան է կախված` չշեղվել ի սկզբանե սահմանված սկզբունքներից, որոնք են, պայմանականորեն ասված, աստվածաշնչյան պատվիրանները: Այսինքն` ոչ թե մի՛ շնանար, մի՛ սպանիր, պատվի՛ր քո հորն ու մորը, մի՛ գողանար, քո հարեւանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր, քանի որ սրանք ի սկզբանե պետք է լինեն մարդու արյան մեջ, այլ իր կառավարման, արդարամտության սկզբունքները բխեցնի սրանցից, այսինքն` ոչ թե բխեցնի սրանցից, այլ երաշխավորի սրանք յուրաքանչյուրի համար: Այսինքն` ոչ թե երաշխավորի յուրաքանչյուրի համար, այլ երաշխավորի սկզբունքների մեջ ապրելու դաշտի զուլալությունը: Եթե գրված է` մի՛ սպանիր, սուտ վկայություն մի՛ տուր, մի՛ գողանար, պատվի՛ր քո հորն ու մորը, չի կարող լինել այնպես, որ կարելի է սպանել, ասենք, թուրքին, բայց ո՛չ հային, կարելի է դատարանում սուտ վկայություն տալ ընդհանուր շահերի համար, բայց ո՛չ գողական սխոդկայում, կամ կարելի է դրդել գողության, ինչպես, ասենք, քվեատուփն են գողանում, բայց չի կարելի բանկեր թալանել, կարելի է պատվել սեփական հորն ու մորը, բայց ուրիշի հորն ու մորը սովորեցնել քվեարկել 5 հազար դրամ ընտրակաշառքով:
Մեր մենթալիտետն այս հակասականության մեջ է, քանզի ոչ ոք, ոչ միայն եվրոպացին, այլեւ ջունգլիներից առ այսօր դուրս չեկած վերջին վայրենին չի հասկանա այսպիսի հակասականությունը: Ինչու՞: Որովհետեւ նույնիսկ այդ վայրենին ազատ մարդ է, իսկ ազատ մարդը չի կարող հակասական լինել: Ազատ մարդը հետին մտքեր չունի: Ահա եւ մենք մոտեցանք գլխավոր եզրահանգմանը` մենթալիտետի մասին հնարավոր է խոսել միայն ազատ լինելու դեպքում: Ոչ թե ազատ քաղաքական իմաստով, ոչ թե ազատ մեկ ուրիշի համեմատ, ոչ թե ազատ որոշակի դեպքերում, այլ պարզապես ազատ: Որպեսզի քո «այո»-ն լինի այո, քո «ոչ»-ը լինի ոչ: Այսինքն` չկա մենթալիտետ անազատության մեջ, անազատության մեջ կա խորամանկություն եւ սեփական արշին, որով չափում ես ուրիշին: Այս իմաստով հայերը, համենայնդեպս նրանք, ովքեր տարբերություն են տեսնում եվրոպացու եւ մեր պատկերացումների միջեւ, մենթալիտետ չունեն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել