
«Ռետրո ակումբ». ֆոլկ-ռոք
Նաիրա Հայրապետյան
Թերևս ռոք երաժշտության երկրպագուները համաձայն կլինեն այս կարծիքի հետ` 1960-ական թվականները ամենախորհրդանշական ժամանակաշրջանն են այս ժանրի պատմության մեջ. այն մեծ և տեսանելի «մատնահետքեր» է դրոշմել: Այս ժամանակաշրջանում իր զարգացումն ու հետագա ընթացքը ձևավորեց ռոք երաժշտությունը, ծնվեցին խմբեր, ապա` ստեղծագործություններ, որոնք մինչ օրս ուղենշային դեր են կատարում, ի հայտ եկան նոր ուղղություններ, որոնք էլ ավելի հարստացրին այս ժանրը:
1960-ական թթ. կեսերից ռոք երաժշտության մեջ ձևավորվեց ևս մեկ նոր ենթաժանր` ֆոլկ-ռոք անունով, որը սկզբնական շրջանում ներկայացնում էր ամերիկյան և բրիտանական երաժշտական մշակույթը: Ֆոլկ-ռոք երաժշտության առաջին ծիլերը մեծ մասամբ ծնվեցին պատմական և քաղաքական իմաստով շրջադարձային փուլում: Վիետնամական պատերազմի և աշխարհի մասին իրենց մտահոգությունները բարձրաձայնող, աշխարհի դեմ ըմբոստացող երիտասարդություն…: Ռուսաստանը առաջին քայլն էր կատարում դեպի տիեզերք, Միացյալ Նահանգները զորք էր ուղարկում Վիետնամ, Բոբ Դիլանը մարդկանց հոգու և մտքի խաղաղություն էր փոխանցում իր երաժշտությամբ:
Միացյալ Նահանգներում, օրինակ, ֆոլկ- ռոքը հաստատվեց 60-ականների և 70-ակաների միջև, երբ այն միավորվեց հիպպիական շարժման հետ և դարձավ նրա ռադիկալ գաղափարների համար, այսպես ասած, չափազանց կարևոր մի լեզու, արտահայտչամիջոց: Այնպիսի քաղաքներ, ինչպիսիք էին Սան Ֆրանցիսկոն, Նյու Յորքը, Դենվերը, Ֆենիքսը, դարձան ֆոլկ- ռոքի մշակութային կենտրոններ: Երաժշտության այդ տեսակը իր` թվում է թե, ինչ-որ տեղ պարզեցված ձայնով, արտահայտում էր այն կապը, որը գոյություն ունի տեխնոլոգիական և սպառող հասարակությունների միջև: Ի տարբերություն փոփ երաժշտության, հատկապես այսօրվա, տեքստային բառապաշարի` այստեղ գերիշխում են կյանքի խնդիրներից ձերբազատվելու կոչը, ազատ մտածելու և այսպես ապրելու ցանկությունը, և այս երգերի միջոցով արտիստները ոչ թե դահլիճներ կամ ռեստորաններ էին «լցնում», այլև փորձում էին բարձրաձայնել և ուշադրության արժանացնել գլոբալ խնդիրներ` պատերազմի, խաղաղության, մարդասիրության, ազատության և համընդհանուր մտածողության համար կամ դեմ, մի խոսքով` դարի մարդկությանը վերաբերող մի շարք հիմնախնդիրներ և մտահոգություններ: Արտիստներ, որոնց պակասը, խոստովանենք, շատ-շատ ենք զգում մեր օրերում, մեր պայքաների մեջ:
Արդեն անվանումից ենթադրելի է, որ ֆոլկ-ռոքն իրենից ներկայացնում է ֆոլկ և ռոք երաժշտությունների միախառնումից առաջացած նոր տեսակ: Երաժիշտների երգացանկը մեծ մասամբ կազմված էր ժողովրդական որևէ ստեղծագործության կամ հատվածի նոր` ռոքի չափանիշներով մշակված մեկնաբանությունից, սակայն քայլ առ քայլ ներառում էր նաև ստեղծագործություններ, որոնք ժողովրդականից ազդված երգահանների նոր գործեր էին, ինչպիսին էր Բոբ Դիլանի արվեստը:
Ֆոլկ- ռոքի պիոները համարվում է լոսանջելեսյան «The Byrds» խումբը, սակայն գաղտնիք չէ, որ ամերիկացի երգիչ, երգահան և պոետ Բոբ Դիլանը մեծ ազդեցություն է ունեցել այս ժանրի ձևավորման հարցում, հատկապես նրա` էլեկտրո-ռոք խմբային համագործակցություններից ծնված և մեծ մասայականություն վայելող «Bringing it all back home», «Highway 61 Revisited» և «Blonde on Blonde» ալբոմներով: Ֆոլկ-ռոքի պատմության մեջ Դիլանի ունեցած ամենամեծ ներդրումներից մեկը (սկզբնական շրջանի) համարվում է նաև 1965թ-ի հուլիսին «Newport Folk Festival» –ին նրա հայտնությունը էլեկտրո-ռոք խմբի հետ, և այս ելույթը մեծ ազդեցություն թողեց, ինչպես նաև խթան հանդիսացավ ժանրի զարգացման համար:
Շատ երաժիշտներ, ովքեր նախկինում ստեղծագործում էին ռոքի առավել բարդ ու ծանր տիրույթում, այս ժանրում ավելի մեծ ու անկեղծ հնարավորություններ գտան ինքնարտահայտվելու և երկխոսության մեջ մտնելու: Նրանցից մեկն էլ Քեթ Սթիվենսն էր, Լոնդոնից. Նա առավել հաճախ օգտագործելով ակուստիկ կիթառի մեղեդին` կատարում էր երգեր, որոնք հասցեագրված էին շրջապատող միջավայրի պահպանմանը, պատերազմներին ու առհասարակ աշխարհի վաղվա օրվանը: 1960-ականների կեսերին երգիչ և երգահան Գորդոն Լայթֆութը ևս սկսեց իր կատարմամբ հնչած երգերը վերափոխել ֆոլկ-ռոքի: Ձայնագրելով «Black Day In July» երգը 1967-ին Դետրոյթյան խռովությունների մասին, նա հասավ երաժշտական գլխավոր հորիզոնականներին, իսկ 1970թ-ին իր «Sundown» and «Carefree Highway» ձայնագրություններով պետք է ճանաչվերր ֆոլկ- ռոքի լեգենդ:
Մեկնաբանել