«Ամեն օր չես լսի, որ ՈւԵՖԱ-ի նախագահն անձամբ հայտարարի անունդ»
Արդեն հայտնի է, որ դեկտեմբերի 24-ին կայացավ «ՀՖՖ մրցանակաբաշխություն 2013»-ը, որի ընթացքում հայտնի դարձավ, որ Հայաստանի 2013 թ. «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ով ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում կիսվել է իր տպավորություններով և պատմել ապագա ծրագրերի մասին:
-Ի՞նչ զգացողություններ ունեցար 4-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու կապակցությամբ:
-Բնականաբար, շատ հաճելի էր Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ազգային հավաքականում բոլոր խաղընկերներիս, որոնց շնորհիվ ես կարողացա հասնել այս հաջողությանը: Յուրա Մովսիսյանը և Արաս Օզբիլիսը նույնպես արժանի էին այդ կոչմանը:
-Մրցանակաբաշխության ընթացքում ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հատուկ տեսաուղերձի միջոցով անձամբ բացեց փակ ծրարը եւ հայտարարեց քո անունը: Ի՞նչ զգացիր այդ պահին:
-Կարծում եմ՝ ինչպես ինձ, այնպես էլ բոլորի համար դա մեծ անակնկալ էր: Բնականաբար, շատ հաճելի էր, որովհետև ամեն օր չես լսի, որ ՈւԵՖԱ-ի նախագահն անձամբ հայտարարի քո անունը:
-Մի փոքր կխոսե՞ս առաջիկա ծրագրերիդ մասին
-Դեկտեմբերի 28-ին մեկնում եմ արձակուրդ, իսկ հունվարի 5-ին պետք է միանամ «Բորուսիային», քանի որ թիմը սկսում է մարզումները: Դրանից հետո կանցկացնենք 8-օրյա հավաք իսպանական Լա Մանգայում և կպատրաստվենք մրցաշրջանի երկրորդ հատվածին:
-Ի՞նչ կմաղթես Ամանորի կապակցությամբ:
-Սրտանց շնորհավորում եմ բոլորի Ամանորը և Սուրբ ծնունդը: Երկրպագուներին մաղթում եմ, որ միշտ լինեն մեր կողքին, լինեն առողջ: Մաղթում եմ, որ գալիք՝ 2014 թվականը լինի հաջողությունների տարի և մենք էլ կարողանանք ուրախացնել մեր երկրպագուներին:
Լուս.՝ ruhrnachrichten.de-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել