HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանկից գումարը վերցրել ես` պետք է տաս

«Անպարտաճանաչ» վարկառուների դեմ բանկերի ներկայացրած հազարավոր հայցերը դատարանները բավարարում են այս սկզբունքով

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում հուլիսի 18-ին «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի եւ «ՎՏԲ-Հայաստան բանկ ՓԲԸ»-ի գումարի բռնագանձման պահանջով ներկայացրած հայցերով 16 գործ էր նշանակված քննության:

Նշված դատական հայցերից 10-ը ներկայացրել էր «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ն, իսկ վարկառուները Կոտայքի մարզի բնակիչներ են: «ՎՏԲ-Հայաստան բանկ ՓԲԸ»-ի ներկայացուցիչը դատարան չներկայացավ: Դատարանի աշխատակիցների բացատրություններից պարզ դարձավ, որ կողմերի չներկայանալը խոչընդոտ չէ վճիռներ կայացնելու հարցում, դա կարող է արվել նաեւ աշխատասենյակում նստած:

Հայցերի քննությունը, կազմված ժամանակացույցի համաձայն, սկսվում էր ժամը 10:00-ից, կես ժամ հերթականությամբ, սակայն կողմերից ոչ մեկը չէր ներկայացել:

«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի ներկայացուցիչը ժամանեց 11:50 րոպեին, եւ մի քանի րոպե հետո դատավոր Նունիկ Պողոսյանը սկսեց Ֆանտան գյուղի բնակիչ Մնացական Սարգսյանի դեմ գումարի բռնագանձման պահանջով ներկայացված հայցադիմումի քննությունը, որը նշանակված էր ժամը 12:00-ին: Հայցը ներկայացված էր ոչ միայն վարկառուի, այլեւ նրա 4 երաշխավորների դեմ: Դատավորը հայտնեց, որ պատասխանողները պատշաճ ծանուցված են նիստերի մասին, սակայն չեն ներկայացել, եւ օրենքը թույլ է տալիս նրանց բացակայությամբ քննել գործը:

Ի դեպ, իր բացակայությամբ հայցադիմումները քննելու գրություն էր ներկայացրել նաեւ բանկի ներկայացուցիչը, այդ իսկ պատճառով նրան էլ առանձնապես չէին սպասում դատարանում: Սակայն «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի Կոտայքի մասնաճյուղի վարկերի գծով ավագ մասնագետ Հարություն Հարությունյանը ուշացումով ներկայացավ: Նա դատարանին հանձնեց մի տեղեկանք, որով պատասխանող Մնացական Սարգսյանի դեմ ներկայացված հայցապահանջի գումարի նվազեցում էր կատարվել, քանի որ հայցը ներկայացնելուց հետո վարկառուն որոշակի մուծում էր կատարել:

Դատավոր Ն. Պողոսյանը հայցվորի ներկայացուցչին տեղեկացրեց, որ նրանց երկու միջնորդությունները` հայցի ապահովման միջոց, ինչպես նաեւ արագացված դատաքննության կարգ կիրառելու մասին, դատարանը մերժել է: Առաջին միջնորդության մերժումը դատավորը պատճառաբանեց բռնագանձման ենթակա գումարների չափի փոքր լինելով, երկրորդի վերաբերյալ պատճառաբանություն չներկայացրեց:

Տեղեկացրեց նաեւ, որ պատասխանողից առարկություն չի ստացվել եւ բանկի ներկայացրած ապացույցները` հայցադիմումը, բանկի եւ պատասխանողի միջեւ կնքված պայմանագրի օրինակը եւ վարկառուի մուծումների անդորրագրերը թվարկելուց հետո, գործի քննությունն ավարտված հայտարարեց:

Դատավորը տեղեկացրեց նաեւ, որ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի հայցերից մեկով պատասխանողին ուղարկված ծանուցումը վերադարձվել է` հասցեն ճիշտ չլինելու պատճառով, եւ այդ գործը այսօր չի լսվի, քանի որ պատասխանողը պատշաճ ծանուցված չէ: Մեկ ուրիշի դեմ ներկայացված հայցով դատարանը կարճման որոշում է կայացնելու, քանի որ պարտապանն այդ ընթացքում մարել է բանկի պարտքը, իսկ մյուս գործերով վճիռը կկայացավի նաեւ առանց դատաքննություն իրականացնելու:

Ըստ էության, այդ օրը Ն. Պողոսյանի վարույթում գտնվող 6 գործերից միայն մեկով պատասխանողը ներկայացավ դատարան: Հրազդան քաղաքի բնակիչ Ռոբերտ Առաքելյանը դատարանին հայտնեց, որ վարկից խուսափելու նպատակ չի ունեցել, վարկը վերցրել է երկու տարի առաջ բանջարեղեն արտադրելու նպատակով` կարտոֆիլ է ցանել, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով բերք չի ապահովվել:

Վերցրած 1335 դոլար գումարի առաջին մարումը` 80 հազար դրամ, կատարել է անցյալ տարի, որից հետո ինֆարկտ է ստացել ու չի կարողացել աշխատել եւ կնքված ժամանակացույցի համաձայն մարել պարտքը: Տարեկան 24 տոկոսով տրամադրված վարկային գումարին ավելացել են ժամանակացույցի խախտման հետեւանքով հաշվարկված տույժերն ու տուգանքները:

Պարտապանը ծանր հիվանդությունից հետո լսողության դժվարություններ ուներ, դժվարությամբ էր ընկալում նաեւ դատական լեզուն: Այնուամենայնիվ, նա դատավորին հավաստիացրեց, որ այս տարի դարձյալ հողամասում կարտոֆիլ է ցանել եւ տարին լավ բերք է խոստանում, հոկտեմբեր ամսին կարող է մարել բանկին ունեցած պարտքը:

Վարկառուի լավատեսությունը, թերեւս, այնքան էլ վստահություն չներշնչեց դատավորին, եւ նա հայցվորի ներկայացուցչից ցանկացավ ճշտել, թե ինչու են պատասխանողներին տրված վարկային տոկոսները տարբեր` մեկին տրվել է 24 տոկոսով, մյուսին` 22 եւ այլն:

Հ. Հարությունյանը հայտնեց, որ այդ հարցում բանկի համար որոշիչն այն է, թե տվյալ համայնքը ինչպես է «աշխատում» բանկի հետ, եթե համայնքի բնակիչները վարկը մարելու հարցում անհամեմատ պարտաճանաչ են, տվյալ համայնքի բնակիչներին ավելի ցածր տոկոսով է վարկը տրամադրվում:

Ինչպես վարկ վերցնելիս քաղաքացիների հիմնական մասը չի կարողանում ճիշտ հաշվարկ կատարել կորուստներն ու շահույթը գնահատելու հարցում եւ վերցրած մեկ-երկու հազար դոլարի դիմաց դառնում է բանկի հավերժ վարկատուն, այնպես էլ դատարանում չեն կարողանում պաշտպանություն իրականացնել:

Տպավորությունն այնպիսին էր, որ բանկը ինչ գումար էլ ներկայացներ` Ռ. Առաքելյանը առարկություն չէր ունենալու, քանի որ չէր հաշվարկել` ճի՞շտ է, արդյոք, ներկայացված տույժերի ու տուգանքների չափը: Վախվորած վարկառուն միայն խոստանում էր անպայման վճարել աշնանը:

Դատավորը չուսումնասիրեց վարկառուի եւ բանկի միջեւ կնքված պայմանագիրը, գուցե վարկառուի հիվանդանալն ու անաշխատունակ լինելու հանգամանքը կամ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով եկամուտ չապահովելը իբրեւ ֆորս մաժոր տե՞ղ են գտել դրանում: Պատասխանող Ռոբերտ Առաքելյանից նաեւ հիվանդության մասին հավաստող փաստաթղթեր չպահանջվեցին:

«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի մյուս պատասխանողը Սոլակ գյուղի բնակչուհի Մարիամ Հայրապետյանն էր, ով երկու տարի առաջ բանկից 1000 դոլար էր վերցրել` գյուղատնտեսության մեջ ներդրում կատարելու նպատակով, սակայն, ինչպես պատմեց մեզ մինչեւ դատական նիստը սկսվելը, վարկը վերցնելուց հետո ընտանիքում դժբախտությունները հաջորդել են միմյանց: Մահացել է սկեսուրը, այնուհետեւ դժբախտ պատահարի հետեւանքով 4 անգամ վիրահատության է ենթարկվել դպրոցահասակ դուստրը, իսկ ամիսներ հետո ավտովթարի հետեւանքով հաշմվել է ամուսինը: Վերջինս վիրահատության ենթարկվելուց եւ երկարատեւ բուժումներից հետո երկրորդ կարգի հաշմանդամ է դարձել:

Այդ ամենից բացի, Մարիամ Հայրապետյանի ասելով, նաեւ բանջարանոցից բերք չեն հավաքել` տարին անբարենպաստ էր, եւ ինքը ամեն կարգի աշխատանք կատարելով` հազիվ կարողացել է հիվանդների բուժման ու դեղերի համար գումար հայթայթել: Վարկից չմարված է մնացել 488 դոլար, հույս ունի, որ այն կկարողանա աշնանը մարել, չնայած այս ընթացքում նշված մայր գումարին  տոկոսներից բացի գումարվել են նաեւ տույժերն ու տուգանքները:

Մեզ չհաջողվեց ներկա գտնվել Մարիամի գործի քննությանը, որպեսզի հետեւեինք, թե արդյոք նրա ներկայացրած բժշկական փաստաթղթերին, որոնք լիարժեք ֆորս մաժոր կարող են համարվել վարկառուի համար, ի՞նչ վերաբերմունք ցուցաբերեցին հայցվորի ներկայացուցիչն ու դատավորը:

Չնայած դատական նիստը դռնբաց էր հայտարարված, սակայն գործը քննող դատավոր Արիստակես Սիսակյանը արգելեց մեր մուտքը դատական նիստերի դահլիճ եւ մոտ 15 րոպեում գործի քննությունը ավարտված համարեց: Մարիամը հեռացավ դատարանի դահլիճից` ասելով, թե այլեւս վարկ վերցնելու փորձ չի անի, այն իր ընտանիքի դժբախտությունների պատճառը դարձավ:

Լիլիթ Աբրահամյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter