HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեդիա եւ հաղորդակցություն՝ հետազոտության նոր բնագավառ

Ժամանակակից մշակույթի, տարատեսակ սոցիալական իրողությունների բացատրության եւ առհասարակ հասարակության (ընդունված անուններով ասած՝ «տեղեկատվական հասարակության» կամ «մեդիայի հասարակության») փոխակերպումները հասկանալու գործում օգտակար ներդրում ունի տեղեկատվամիջոցների (մեդիայի) եւ հաղորդակցության ուսումնասիրության բնագավառը։ Ինչի մասին էլ խոսելու լինենք՝ հասարակության վրա գովազդի ազդեցության, սերիալների մշակութային եւ սոցիալական նշանակության, թե մշակութային ինքնության ձեւավորման ու փոխակերպման համար տեղեկատվամիջոցների դերի մասին, տարբեր մարդկանց կարծիքների հետ միասին կարիք ունենք գիտական պատշաճ մակարդակով արված հետազոտությունների արդյունքների։

Մեդիայի հետազոտության բնագավառը համեմատաբար երիտասարդ է եւ ձեւավորվել է քսաներորդ դարում Եվրոպայում եւ ԱՄՆ-ում։ Բայց1980-ականներից սկսած՝ այն դասավանդվում է գրեթե բոլոր արեւմտյան երկրներում որպես հիմնական համալսարանական դասընթաց եւ մասնագիտություն, իսկ այժմ արագորեն տարածվում է ոչ արեւմտյան հասարակություններում՝ Ասիայից մինչեւ Լատինական Ամերիկա։

Այս առումով՝ շատ քիչ բան կարելի է ասել ետխորհրդային երկրների մասին, բացառությամբ, Բալթյան երկրների, որոնք զգալի ներդրումներ են կատարում մեդիայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ուսումնասիրությունների զարգացման մեջ. հետազոտական կենտրոնների ստեղծում, համալսարանական դասընթացների մշակում եւ դասավանդում, հետազոտական ծավալուն ծրագրերի իրականացում։

Ներկա հայաստանյան իրավիճակը հասկանալու, բնագավառի զարգացման հնարավորությունները գնահատելու համար կարելի է ընտրել հարցադրման տարբեր ուղղություններ, օրինակ, ի՞նչ օգուտ կարող է տալ ոչ արեւմտյան հասարակություններում մեդիայի եւ հաղորդակցության ուսումնասիրությունների ոլորտի յուրացման փորձը, հատկապես ո՞ր հետազոտական հարցադրումներն են տեղին Հայաստանում եւ այլն։ Ստորեւ կանդրադառնամ երկու փոխկապակցված հարցերի, որոնք ուղղակի կամ անուղղակի ձեւով կապված են խորհրդային անցյալին։ Ներկա իրավիճակը հասկանալու համար բոլորովին ավելորդ չէ իմանալ կամ վերհիշել խորհրդային անցյալին, խորհրդային տեղեկատվամիջոցներին վերաբերող որոշ փաստեր,

Մեդիայի դերը ըստ Վ. Ի. Լենինի

Հասկանալի պատճառներով՝ Խորհրդային Միությունում (ԽՄ) չի եղել մեդիայի հետազոտության բնագավառ, չեն մշակվել մեդիայի տեսություններ։ Սա միանգամայն բնական էր տեղեկատվամիջոցների նկատմամբ պետական-կուսակցական անվերապահ մենաշնորհի, քաղաքական հաղորդակցության նկատմամբ ամբողջական վերահսկողության պայմաններում։

Տեղեկատվամիջոցների քաղաքական եւ հասարակական դերակատարության մասին հիմնական սկզբունքները ձեւակերպել է Լենինը դեռեւս քսաներորդ դարի սկզբին գրած մի քանի հոդվածներում՝ «Ինչից սկսել» (1901), «Ի՞նչ անել» (1902) եւ «Կուսակցական կազմակերպություն եւ կուսակցական գրականություն» (1905)։

Մամուլի համար շարադրված Լենինի գաղափարները, կատարելագործվելով, հետագայում կիրառվեցին նոր տեղեկատվամիջոցների նկատմամբ՝ կինոյի, ռադիոյի եւ հեռուստատեսության։ Խիստ համառոտ ձեւով ամփոփենք այս հոդվածների հիմնական պնդումներից մի քանիսը։

Մամուլի հիմնական գործառույթը կուսակցական ագիտացիան եւ պրոպագանդան էր։ Այն կոչված էր կրթելու եւ սոցիալականացնելու մարդկային զանգվածները։ Մամուլն այն միջոցն էր, որի օգնությամբ նոր գաղափարախոսությունը պիտի թափանցեր խորհրդային հասարակության բոլոր շերտերը՝ նպաստելով նոր մարդու եւ նոր հասարակության կազմավորմանը։ Դրա կարեւորագույն խնդիրներից մեկը, ըստ Լենինի, պիտի լիներ նոր կուսակցական լեզվի առաջացումը։ Նոր լեզուն հավասարազոր էր աշխարհը ընկալելու նոր ձեւի։ Նոր լեզուն, նոր ընկալումը պիտի թույլ տային փոխել աշխարհը։

Քննադատությունն արգելված էր, քանի որ քննադատության ազատությունը կործանարար ազդեցություն կգործեր կուսակցության գաղափարաբանական մաքրության եւ նպատակասլացության վրա։ Լենինը վստահ էր, որ ազատ մամուլը կապիտալիստների հորինած առասպելն էր՝ պահպանելու համար տեղեկատվության եւ նորությունների նկատմամբ իրենց մենաշնորհը։

Ինչպե՞ս էր, ըստ կուսակցական գաղափարախոսության, որոշվում լրատվության կարեւորությունը, ի՞նչ էր լուրը կամ նորությունը. ցանկացած բան, որ պատկերում էր կուսակցության քաղաքականությունը եւ սոցիալիստական տնտեսության առաջընթացը։ Հանցագործությունների, վթարների, աղետների մասին՝ ոչ մի խոսք (ըստ էության՝ խորհրդային միջավայրում հանցագործություններ չպիտի կատարվեին)։ Առհասարակ՝ ներկայացվում էին միայն օրինակելի բաներ (հիշենք՝ մեդիայի հիմնական նպատակներից մեկը նոր մարդու ձեւավորումն էր)։ Բացասական լուրերի աղբյուրը կապիտալիստական աշխարհն էր, «նրանց բարքերը»։

Տեղեկատվամիջոցների մեկնաբանության խորհրդային մոդելի հիմքում ընկած հաղորդակցության հիմնական սկզբունքներից մեկ հետեւյալն էր (ասպես կոչված «հիպոդերմիկ էֆեկտի» տեսությունը). տեղեկատվությունն ընկալվում է այնպես, ինչպես տրվում է կամ ինչ հաղորդվում է, այն էլ ընդունվում է։ Այսինքն, անտեսվում են բնակչության գրագիտության, կարդալու եւ մեկնաբանելու ընդունակությունների տարբերությունը։ Լսարանին վերագրվում էր կրավորական ընդունողի դերը։

Թե որքան խախուտ էին այս մոտեցման հիմքերը, ցույց են տալիս ԽՄ—ում 1970-ականներին անցկացված հետազոտության արդյունքները։ Հարցվածների 25%-ը չգիտեր, թե ինչ է նշանակում «գաղութատիրությունը», 66%-ը չէր հասկանում «ձախ ուժեր» արտահայտությունը, իսկ 75%-ը չէր տարբերում «լիբերալը» (ազատականը) «ռեակցիոնից» (հետադիմականից)։

Այս արդյունքները ճիշտ գնահատելու համար պետք է հաշվի առնել, որ վերոհիշյալ արտահայտությունները այդ շրջանի խորհրդային պրոպագանդայի կենտրոնական հասկացություններից էին։ Օրինակ՝ 1970-ականները դաշնակիցներ ձեռք բերելու համար ապագաղութացված Երրորդ աշխարհում ԱՄՆ-ի եւ ԽՄ-ի միջեւ մղվող պայքարի շրջանն էր, եւ «գաղութատիրությունը» խորհրդային տեղեկատվամիջոցներում այդ պայքարի ներկայացման, կապիտալիստական աշխարհի քննադատության մեջ օգտագործվող անխուսափելի տերմիններից մեկն էր։ Այդ տերմինների չիմացությունը նշանակում էր անտարբերություն, ինչ-որ տեսակի դիմադրություն գաղափարաբանական բռնությանը։

Ուղղակի եւ անմիջական ազդեցության եւ լսարանի՝ որպես պասիվ ընդունողի, լենինյան սկզբունքները կարելի է գտնել, օրինակ, մերօրյա գովազդային ուղերձներից շատերում։ Նույն տեսանկյունից այսօր շատերը մեկնաբանում են հայկական սերիալների հնարավոր ազդեցությունները։

Այս համատեքատում տեղին է դիտարկել նաեւ Լենինի ոճը՝ ագրեսիվ, ռազմական փոխաբերություններով հագեցած լեզուն։ Կոմունիստական առաջնորդը լիովին արդարացնում էր քաղաքական տեռորը՝ որպես պայքարի միջոց, եւ այն սկսվում էր լեզվի մեջ. լեզվական բռնությունը նախորդում (եւ ուղեկցում) էր ֆիզիկական բռնությանը։ Ստալինի ժամանակ նույնպես լեզուն տեռորի գործիք էր. «հայրենիքի դավաճանների» դեմ պայքարը սկսվում էր մամուլում։

Շատերն են նկատել, որ Լենինի ագրեսիվ լեզուն, բռնությամբ հագեցած արտահատչաձեւերը մեծ ազդեցություն ունեցան ողջ խորհրդային շրջանի ռուսերեն լեզվի ձեւավորման վրա։ Այսօր էլ, դիտելով խորհրդային կինոնկարները, կարելի է նկատել, թե երբեմն որքան բռնություն կա խորհրդային մարդկանց ամենասովորական խոսակցություններում։ Գուցե պետք չէ՞ այսօրվա հայկական սերիալների բռնության աղբյուրները փնտրելիս շատ հեռու գնալ։

Հայաստանում մեդիայի հետազոտության հնարավորության մի ասպեկտի մասին

Ակնհայտ է, որ ետխորհրդային տարիներին օգտագործվող «ուղեղների արտահոսք» արտահայտությունը վերաբերում էր բնագիտության եւ տեխնիկական գիտությունների բնագավառներին։ Հասարակագիտական ոլորտի համար ավելի տեղին կլիներ «խորը ճգնաժամ» ձեւակերպումը, որի պատճառները միանգամայն տարբեր էին (այստեղ հնարավորություն չունեմ անդրադառնալու այդ հարցին)։ Բայց կար ընդհանուր մի բան՝ հետազոտողների խավի աստիճանական անհետացումը (կարելի է ասել՝ ինքնավերարտադրման անկարողությունը)։ Տարբեր ակադեմիական ինստիտուտներում աշխատող հազարավոր մարդկանցից բաղկացած այս խավի կորուստն այսօր թվում է անդառնալի։ Այս պայմաններում ի՞նչ կարելի է ասել նոր, խորհրդային շրջանում գոյություն չունեցած բնագավառի ձեւավորման մասին…

Խնդրի մյուս կողմը քննադատական հասարակագիտական հետազոտության հնարավորությունն է։ ԽՄ-ում այդպիսի հետազոտություն հնարավոր չէր, հնարավոր չէ նաեւ այսօր Հայաստանում։ Դրա համար չկան ինստիտուցիոնալ պայմաններ։ Ակադեմիան եւ համալսարանները չեն կարող նման պայմաններ ապահովել. Հայաստանի կառավարության համար աններելի շռայլություն է՝ բյուջեից միջոցներ վատնել քննադատություն լսելու համար։

Այսօր Հայաստանում հետազոտությունը գրեթե բացառապես կատարվում է պետական վերահսկողության կամ կուսակցական հովանու ներքո՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։

Բայց մի հանգամանք էլ կա։ 2003 թվականի աշնանը տեղի ունեցած «Հայաստանը Եվրոպայի ճանապարհին» միջազգային գիտաժողովի վերջին նիստը նախատեսված էր ազատ, ոչ ձեւական զրույցի համար հայ զեկուցողների եւ մի խումբ հրավիրված բարձրաստիճան պաշտոնյաների եւ խորհրդարանի պատգամավորներ միջեւ։ Զրույց, իհարկե, չստացվեց։

Պաշտոնյաների մեծ մասը, խոսելով աններելիորեն երկար, անմիջապես հեռանում էին՝ խիստ զբաղվածության պատճառով։ Երբ հերթը հասավ անպաշտոն մասնակիցներին, ենթադրյալ զրուցակից կողմից գրեթե ոչ ոք չէր մնացել։ Երկխոսության ձախողումն անսպասելի չէր. որ պաշտոնյան չի ցանկանում լսել մտավորականին (հետազոտողին կամ մեկին, որը ինչ-որ հարցերում ենթադրաբար ինչ-որ բան պաշտոնյայից ավել գիտի)՝ հասկանալի էր։

Մի քիչ անսպասելի էր ուրիշ բան։ Գրեթե առանց բացառության նրանք ներկայանում էին որպես «առաջին հերթին՝ մտավորական, ապա նոր միայն՝ պաշտոնյա»։ Սրանից կարելի էր անել եւս մեկ հետեւություն. Հայաստանում չկա (պարզապես) մտավորականի կարգավիճակ, եթե նա ծանրաբեռնված չէ խորհրդային կոչումներով ու տիտղոսներով։ Մտավորական կարելի է լինել միայն «առաջին հերթին»։

Մտավորականի կարգավիճակը օրինականացվում է նրա ունեցած պաշտոնով կամ կուսակցական-քաղաքական կապերով։ Կամ իշխանության հետ ես (եւ եթե քեզանից մի բան ներկայացնում ես՝ պաշտոն ունես), կամ ընդդիմության (եւ հավակնում ես մի օր պաշտոն ունենալ)։ Երկու դեպքում էլ հնարավոր քննադատությունը մնում է քաղաքական հարթության վրա, որտեղ քննադատը լավագույն դեպքում նույնանում է «ազգային շահի» կամ ազգային պետության հետ։

Այս իմաստով հասկացված հայրենասիրությունը կամ պետականամետությունը (եւ ըստ այդմ՝«ազգային մտավորականի» կերպարը), որը չի նկատում, որ ազգային պետությունը անխուսափելիորեն ծառայում է նաեւ հասարակության վերնախավի, ինչպես նաեւ միանգամայն որոշակի գլոբալ ուժերի շահերին (ի վնաս հասարակության մեծամասնությանը) բացառում է քննադատական կեցվածքի եւ հետազոտության հնարավորությունը։

Այսինքն, մեծ հավանականությամբ, այսօր Հայաստանում հնարավոր մեդիայի հետազոտությունը կլինի այնպիսին, ինչպիսին սոցիոլոգիան եւ հոգեբանությունը, որոնք կամ պատրաստ են ծառայել իշխանություններին, ինչպես տեսանք վերջին նախագահական ընտրություններից առաջ եւ հետո, կամ, լավագույն դեպքում, «զգույշ», շրջահայաց հարցադրումներով թաքցնել բուն խնդիրները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter