Արաբական գարնան դեպքերից հետո կանանց իրավունքների առումով իրավիճակն ավելի է վատացել
«Հեշտ իրավիճակ չէ, երբ ունես կառավարություն, որը չի պաշտպանում իրավունքները, դու պետք է ամեն ինչ սկսես սկզբից: Այս դեպքում սկսում ես մի բանից, որը դեռ գոյություն չունի: Եվ դու ստիպված ես դանդաղ առաջ գնալ»,- ասում է Միջերկրածովյան միության հատուկ պատվիրակ Ջորջ Սալիբան:
Նրա խոսքով` Միջերկրածովյան միության բազմաթիվ անդամ երկրներում կանայք իրավունքների պաշտպանության խնդիր ունեն: Ընդ որում, Արաբական գարնան դեպքերից հետո իրավիճակն ավելի է վատացել Լիբիայում, Եգիպտոսում և այլ երկրներում: Իրավիճակը վատթարացել է քաղաքական իրավիճակի պատճառով,- ասում է Ջ. Սալիբան:- Օրենքներն ավելի են խստացել, և կանայք հասարակության մաս չեն համարվում»:
Նա նշեց, որ Սաուդյան Արաբիայում խնդիր ունեն կին վարորդները: Ջ. Սալիբայի խոսքով` եթե Հայաստանում կամ Եվրոպայում նորմալ է, որ կինը մեքենա է վարում, որտեղ դա ոչ թե իրավունքի հարց է, այլ պարզապես անհրաժեշտություն, ապա Սաուդյան Արաբիայում կանայք ստիպված են պայքարել այդ իրավունքը ձեռք բերելու համար: Լարված իրավիճակը է նաև Եգիպտոսում, որտեղ կանայք պարբերաբար ահաբեկման են ենթարկվում: Իսկ Լիբիայում, եթե Քադաֆիի օրոք կանայք իրավունք ունեին ապահարզան պահանջել, այժմ այդ իրավունքն ունեն միայն տղամարդիկ:
«Հետքի» հետ զրույցում Ջ. Սալիբան նշեց, որ այս տարածաշրջանի կանանց համար իրենք իրականացնում են հատուկ կրթական ծրագրեր: Ծրագրում ներգրավված կանայք հանդիպում են տարբեր ոլորտի կանանց հետ, ովքեր իրենց փորձն են փոխանցում և քաջալերում մյուսներին: Ծրագրերն իրականացվում են այդ երկրներում գործող ուսումնական հաստատությունների օգնությամբ:
Ջ. Սալիբայի խոսքով` ծրագրի նպատակն այն է, որ կանայք լինեն հասարակական կյանքի ակտիվ մասնակից, հնարավորություն ստանան իրացնել կրթություն ստանալու իրենց իրավունքը, այնուհետև նաև՝ համապատասխան աշխատանքի անցնել: Սակայն քանի որ ծրագիրը նոր է մեկնարկել, շոշափելի արդյունքներ դեռևս չկան:
«Բայց մենք հույս ունենք, որ իրավիճակը կբարելավվի»,- ասում է Միջերկրածովյան միության հատուկ պատվիրակը:
Վերջինս նշեց, որ հաճախ շատ հեշտ է ասել` պայքարեք ձեր իրավունքների համար, սակայն իրականում այս կանայք անընդհատ բախվում են լուրջ խոչընդոտների և ենթարկվում ճնշումների: Այդ պատճառով էլ միշտ չէ, որ կանայք պատրաստ են պայքարել իրենց իրավունքների պաշտպանության համար:
«Կան կանայք, ովքեր պատրաստ են պայքարել իրենց իրավունքների համար, բայց ամբողջ հասարակությունն է նրանց դեմ, երբեմն՝ նրանց ընտանիքները, ամուսինները, ծնողները»,- ասում է Ջ. Սալիբան:
Նրա կարծիքով` որոշ խնդիրներ կապված են տվյալ ազգի մենթալիտետի հետ, իսկ մենթալիտետը չի փոխվում, մնում է կայուն:
«Հույս ունեմ, որ նրանք կփոխվեն»,- հավելեց Միջերկրածովյան միության հատուկ պատվիրակը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել