Թե ինչու են Ստալինի ծննդյան օրը հայերը գնում Գորի
«Շատ դժվար հարց է, որովհետև իմ համաքաղաքացիները ցանկանում են, որ Ստալինի արձանը տեղադրվի», - Ստալինի արձանի վերկանգնման խնդրի շուրջ ասում է Վրաստանի Գորիի շրջանային խորհրդի (սակրաբուլո) նախագահ Դավիթ Ռազմաձեն:
Մինչ այժմ Գորիում շարունակում է գործել Ի. Ստալինի անվան թանգարանը. վերջինս ծնվել է վրացական այս քաղաքում: Սակայն 2010 թ.-ի հունիսին քաղաքի կենտրոնում (ՏԻՄ շենքի մոտ) տեղադրված արձանն ապամոնտաժվել է: Այժմ Գորիում ցանկանում են վերականգնել արձանը, սակայն արդեն ոչ թե քաղաքի կենտրոնում, այլ Ստալինի անվան թանգարանի մոտ:
«Եվրոպայի, Արևմուտքի մեր բարեկամները դեմ են դրան: Նրանք նշում են, որ Ստալինը եղել է դիկտատոր: Նախկին` Սահակաշվիլիի կառավարությունը, որոշել էր հեռացնել արձանը, ինչը ճիշտ չէր», - «Հետքի» հետ զրույցում ասում է Դ. Ռազմաձեն: Նա նշում է, որ դրանից հետո երկար ժամանակ արձանի խնդրի շուրջ խոսակցություններ չկային: Իսկ 2013 թ.-ին քաղաքապետարանի բյուջեն դուրս գրեց 25 հազար լարի (5 մլն դրամ) թանգարանի տարածքում արձանի վերականգնման համար: Այնուհետև, ստորագրահավաք տեղի ունեցավ, որին մասնակցեց 6500 մարդ` պահանջելով վերականգնել արձանը: Դ. Ռազմաձեի խոսքերով` անգամ քաղաքացիական նախաձեռնություն է եղել. մարդիկ սկսել են գումար հավաքել արձանի վերկանգնման համար: Նա հավաստիացնում է, որ իրենց ՏԻՄ-ը բոլորովին չի խառնվել այդ նախաձեռնությանը. դա եղել է բնակիչների ցանկությունը:
«Կա ստորագրահավաքը, մարդիկ դա ցանկանում են, ես էլ ի՞նչ պետք է անեմ, - ասում է Դ. Ռազմաձեն: - Ես ստալինիստ չեմ, բայց ես պետք է լսեմ ժողովրդի ձայնը»:
Գորիի շրջանային խորհրդի նախագահը հավաստիացնում է, որ իրենց քաղաքում սիրում են Ստալինին: Ինքն էլ խոստացել է, որ չնայած առկա դժվարություններին, արձանը կվերականգնեն դեկտեմբերի 21-ին` Ստալինի ծննդյան օրը:
«Մարդիկ ասում էին` Սահակաշվիլին հեռացրեց Ստալինի արձանը, իսկ Իվանիշվիլին վերականգնեց այն: Ես էլ ասացի, որ երբ արձանը տեղադրվի, Իվանիշվիլին այլևս վարչապետ չի լինի», - ծիծաղելով ասում է Դ. Ռազմաձեն:
Վերջինս նաև պատմեց, որ ամեն տարի դեկտեմբերի 21-ին Հայաստանից Գորի են գալիս մի խումբ հայեր, «պատրաստություն տեսած, շամպայններով», լավ ժամանակ անց կացնում և հետ վերադառնում Հայաստան: Ընդ որում, ամեն տարի այդ հայերի թիվը մեծանում է: Սակայն Դ. Ռազմաձեն խոստովանում է, որ ոչ ինքը, ոչ էլ իր շրջապատի մարդիկ չգիտեն, թե հայերի ինչ խումբ է հավաքվում Գորիիում: Ի դեպ, դեկտեմբերի 21-ին ոչ միայն Ի. Ստալինի, այլև Վրաստանի նախկին նախագահ Մ. Սահակաշվիլիի ծննդյան օրն է:
Լուսանկարը` http://ru.wikipedia.org-
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել