HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսահայ Արմենի արկածները Շուշիում

Ֆրանսահայ Օ. Ռակեդջյանին Շուշիում որպես Արմեն են ճանաչում։ Բայց վերջերս նրան սկսել են ճանաչել նաեւ Ստեփանակերտում, հատկապես` դատական եւ այլ համակարգերում։

Արմենը 2004-ին տեղափոխվել է Փարիզից Շուշի։ Երեւի, նա լսել է արյան ձայնը եւ որոշել գալ ու ապրել Հայոց աշխարհի նախկին եւ ապագա գիտամշակութային կենտրոն Շուշիում։ 

Նա եկել է որոշակի նախագծերով` հիմնադրել ձեռնարկություններ, մարդկանց գործ տալ, Շուշիի զբոսաշրջությունն ու սպասարկումը զարգացնել եւ, իհարկե, դրանից շահույթ ստանալ։ Շատ նորմալ նպատակ։ 

Եկել է ու օրինական ձեւով, ինչպես որ սովորել է Եվրոպայում, Շուշիի շրջվարչակազմի եւ քաղաքապետարանի թույլտվությամբ, երեք տարածք է գնել եւ բացել համակարգչային ծառայությունների կենտրոն, անշարժ գույքի գործակալություն եւ հուշանվերների խանութ։ Երբ սկսել է գործել, նրան անվանել են «քսերոքս 10 դրամ» (Ստեփանանկերտում մեկ էջը 20 դրամ էր)։

Կարծես, ամեն ինչ իր հունով էր ընթանում, թեկուզ ֆրանսիացի մարդու համար դժվար էր համակերպվել հետխորհրդային եւ հետպատերազմյան կարգերին, որոնք անձերի, խմբերի շահերի վրա են հիմնված։ Բայց փորձել է համակերպվել, թեկուզ «դոլյա» տալ այդպես էլ չի սովորել: 

Անցել է որոշ ժամանակ, եւ նրան սկսել են հրահրել եւ աստիճանաբար պատին սեղմել։ Անօրեն ձեւով Արմենից սկսել են հետ վերցնել իր բոլոր տարածքները։ Սկզբից փորձել է պայմանավորվել «որոշող» մարդկանց հետ։ Հասկացել է, որ անհնար է։ Հետո անցել է դատական միջոցներին։ Առաջին ատյանի դատարանը եւ նորերս էլ` Գերագույն դատարանը մի քանի անգամ որոշումներ են ընդունել առ այն, որ պետական մարմինները, որոնց որոշմամբ Արմենից գույք է վերցվել, «անօրինական են գործել եւ սխալ են թույլ տվել»։ Սակայն այդ նույն դատարանները ոչ մի պատժամիջոց չեն ձեռնարկել այդ «սխալ թույլտվողների հանդեպ» եւ չեն պարտադրել Արմենին վերադարձնել կրած հսկայական վնասը։ Սակայն փաստաթղթեր կան, որ միայն մեկ տարածքի համար նա վճարել է տիրոջը 8 հազ. ԱՄՆ դոլար:

Հիմա Արմենը ապշած է։ Նա ասում է, որ այս երկրում նրանք, ովքեր ուժ ունեն, չեն ենթարկվում օրենքին, սակայն ուրիշներից պահանջում են ենթարկվել իրենց` որպես օրենքի ներկայացուցչի։ Նա պատմել է մի քանի դեպքեր, որոնք միայն զարմանք կարող են առաջացնել (մենք չենք կասկածում պատմածի ճշմարտության մեջ, քանի որ նույն դեպքերը հաստատվել են դատարանի կողմից)։

Օրինակ, նա պատմել է, թե ինչպես են իրեն հրավիրել քաղաքապետարան եւ ասել, որ տարածքը վերագրանցելու համար պետք են երկու դիմում` տարածքից հրաժարվելու եւ տարածքը նորից վերագրանցելու մասին։ Արմենը գրել է։ Նրա առաջին դիմումը` հրաժարվելու մասին` վերցրել են, իսկ երկրորդը` վերադարձրել։ Ստացվել է, որ «իր դիմումի համաձայն»` քաղաքապետարանը տարածքը հետ է վերցրել։ Ընդ որում, սկզբնական պայմանագիրը` տարածքն Արմենին տալու մասին 99 տարով էր կնքված։ 

«Հիմա ես չգիտեմ ինչ անել եւ ում դիմել։ Նախագահին էլ եմ նամակ գրել, կանչել են` խոսել, բայց գործը տեղից չի շարժվել։ Ընկերներս խորհուրդ են տալիս վերադառնամ Ֆրանսիա, բայց որոշել եմ այստեղ մնամ։ Չեմ գնալու։ Որոշել եմ հանրության միջոցով հարցերս լուծել, քանի որ օրենքը չի պաշտպանում քաղաքացիների շահերը։ Այսպես այլեւս հնարավոր չէ», - ասել է Արմենը։ Նա հիմա փաստաթղթեր է պատրաստում` Ղարաբաղի քաղաքացիություն ստանալու համար։

Սփյուռքից եկող եւ Շուշիում ներդրում անելու ցանկացողները զարմանքով պատմում են, որ ինչ ավերակի ձեռքը մեկնում են, պարզվում է, որ ինչ-որ մեկի սեփականությունն է։ Վերադառնում են դատարկ ձեռքերով։ Ավերակն էլ ավերակ է մնում։ 

Մեր ղեկավարներն էլ սփյուռքահայերին հրավիրում են գալ եւ Շուշիում ներդրում անել։

http://www.karabakh-open.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter